ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Մենք սովոր ենք, որ գինի ստանում են խաղողից, նուռից, մոշից և շատ այլ մրգերից, սակայն գիտ՞եք, որ Աֆրիկայում պատրաստում են արմավենու գինի (և այն կապ չունի արմավենու յուղի հետ), գրում է esquire.ru–ն։
Արմավենու գինին ալկոհոլային խմիչք է, որը ստանում են արմավենու շաքարային հյութի խմորումից։ Մասնագետները ստանում են հյութը ծառերի վերին հատվածներից` կտրելով արմավենու ծաղկաբույլերն ու հավաքելով հյութը հատուկ անոթի միջոցով։
Սկզբում հյութը նման է սպիտակ հեղուկի և չի պարունակում սպիրտ։ Իսկ ինչու՞ են այն անվանում գինի։ Բանն այն է, որ ստացված հյութում կա մեծ քանակի սպիտակուց և շաքար, որոնց շնորհիվ տեղի է ունենում խմորում։
Աֆրիկայի կլիմայական պայմանները նպաստում են, որպեսզի ստացված արմավենու հյութը մի քանի օրում վերածվի մոտ 4-5%–անոց թնդությամբ գինու։
Որպեսզի գինին դառնա ավելի թունդ, այն թորում են, ինչի արդյունքում այն պարունակում է ավելի մեծ քանակի սպիրտ։ Արմավենու գինին տարածված է Աֆրիկայում և Ասիայում, մասնավորապես` Բանգլադեշում, Կամբոջիայում, Կամերունում, Ինդոնեզիայում, Վիետնամում, Թունիսում և այլ երկրներում։ Տարբեր տարածաշրջաններում այն տարբեր կերպ է կոչվում, սակայն պատրաստման պրոցեսն անփոփոխ է։–0–