ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Միայն արտաքին տեսքով գինու որակը գնահատելը բավականին դժվար է։ Հաճախ դա կարող են անել միայն պրոֆեսիոնալները։ Այդուհանդերձ, կա մի քանի միջոց, որոնք թույլ են տալիս որոշել այս նրբագեղ ըմպելիքի որակը։ Pro-Vino.ru–ի հաղորդմամբ, այդ միջոցներից մեկը գինու որակի գնահատումն է խցանի միջոցով։
1. Արտաքին տեսք
Գինի գնելիս առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դրա խցանին։

Ընդունված է կարծել, որ որքան «հնամաշ» տեսք ունի խցանն, այնքան երկար է այն մնացել շշում, հետևաբար` այնքան մեծ է ըմպելիքի հնեցման ժամկետը։ Սակայն դա կարող է նաև նշանակել, որ գինին պահվել է սխալ պայմաններում։ Շիշը պետք է պահվի հորիզոնական կամ անկյունային դիրքում։ Երբ այս պայմանները չեն պահպանվում, խցանը չորանում է։ Իսկ եթե խցանը շատ թաց է, ապա դա ևս կարող է վկայել պահպանման սխալ պայմանների մասին։ Խցանը պետք է թաց լինի գոնե կիսով չափ։
Խցանը պետք է փոխեն յուրաքանչյուր 15–20 տարին մեկ։ Եթե դա տեղի չի ունենում, գինին թթվում է, հետևաբար դառնում է անպետք օգտագործման համար։
2. Նյութ և որակ

Խցանի որակը ևս վկայում է գինու որակի մասին։ Ցանկալի է, որպեսզի այն պատրաստված լինի բնական նյութից, օրինակ`խցանակաղնուց։
Խցանակաղնուց պատրաստված բնական խցաններն օժտված են մի շարք բացառիկ որակներով. դրանք ամուր են, էլաստիկ, չեն փշրվում, չեն չորանում, հեշտությամբ հանվում են շշից։ Նմանատիպ խցանների վրա տպվում է ըմպելիքի արտադրողի զինանշանը կամ խորհրդանշանը։ Բացի այդ, նման խցաններն օգտագործվում են բարձրորակ գինիների համար, այդ պատճառով ունեն համապատասխան գին։
Բացի բնական խցաններից, կան նաև պլաստմասե խցաններ, դրանք օգտագործվում են էժան, սերիական գինիների համար։ Նման խցանների բացասական կողմն այն է, որ դրանք ամուր չեն հպվում շշի եզրին ու չեն պահպանում գինու համը։
Երրորդ տեսակը պտուտակավոր խցաններն են։ Դրանք ավելի հաճախ օգտագործվում են Նոր Զելանդիայի, Ավստրալիայի և Գերմանիայի գինիների համար։ Պտուտակավոր խցաններով շշերը կարելի է պահել ուղղահայաց դիրքով, բայց դրանց ամենակարևոր դրական կողմը շիշը բացելու պարզությունն է։
Որպես բնական խցանների այլընտրանք այժմ տարածում են ստանում սինթետիկները։ Դրանք թույլ են տալիս խուսափել խցանի հիվանդությունից և ավելի լավ են պահում էժան գինիների բույրերը։
Ներկայում գինու ինդուստրիայում ավելի հաճախ են սկսում օգտագործել ապակե խցաններ։ Դրանք ունեն առանձնահատկություն` հիմնականում նախատեսված են երիտասարդ գինիներ պահելու համար։ Այդպիսի գինիների արժեքը զգալիորեն ցածր է, քանի որ այդ արտադրանքը երկարատև հասունացում չի ենթադրում։
Բացի գինու պարագայի որակի որոշման վերոնշյալ ձևերից, գոյություն ունի ևս մեկը։ Բայց, ցավոք, դրանից կարելի է օգտվել միայն շիշը բացելուց հետո։
- Հոտ

Պահման ողջ ընթացքում խցանը հարաբերվում է շշի հետ, այնպես որ խցանի հոտով կարելի է շատ բան պատմել ինչպես գինու որակի, այնպես էլ դրա համի մասին։
Եթե հոտն ինչ–որ խառնուրդներ է պարունակում (օրինակ, բորբոսի), դա նշանակում է, որ գինին կամ անորակ է, կամ արդեն հասցրել է փչանալ։
Բնական խցանները կարող են հիվանդանալ։ Անտառներում, որտեղ աճում է կաղնին, բորբոսասնկեր կան, որոնք արտադրում են եռաքլորանիզոլ կոչվող միացությունը։ Այդ միացության ազդեցության ներքո գինին փոխում է համը։
2. Խցանի ձևը

Նրանից հետո, երբ խցանը հանել եք շշից, ուշադրություն դարձրեք դրա ձևին։ Կարճ խցանը վկայում է այն մասին, որ գինին երիտասարդ է։ Իսկ ահա մամլած խցանը (ագլոմերատ խցան, որը կազմված է ոչ թե ամբողջական փայտանյութից, այլ դրա թափոններից) էժան գինու հատկանիշ է։
Որքան ավելի երկար է բնական խցանը, այնքան այն ավելի թանկ է։ Թանկարժեք խցանները չեն օգտագործվում էժան գինիներ փակելու համար, այդ իսկ պատճառով արտադրանքի որակին կարող եք չկասկածել։ -0-