ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Գինեսի ռեկորդների գիրքը Տիբեթում գտնվող խաղողի այգին հռչակել է ամենաբարձրադիրը։ Տիբեթի այգին առաջ է անցել անգամ Արգենտինայի Անդերի նախալեռներում գտնվող խաղողի որթերին, գրում է Wine&food–ը։
Պաշտոնապես աշխարհի ամենաբարձրադիր խաղողի այգին Տիբեթի Լխասա շրջանի Չյուշյու գավառի Սյան Նա Ցայում գտնվող Pure Land & Super-High Altitude Vineyard–ն է։ Այն գտնվում է ծովի մակերևույթից 3563,31 մետր բարձրության վրա։ Գտնվելով նման բարձր դիրքում` Pure Land & Super-High Altitude Vineyard–ն աշխարհի ամենաբարձրադիր խաղողի այգին է, որը հաստատվել է 2018 թ.–ի սեպտեմբերի 27–ին Guinness World Records–ի ներկայացուցիչ Իրիս Հոուի կողմից։

Նշվում է, որ խաղողի այգին պատկանում է Rong Shun Biotechnology Development Ltd ընկերությանը, որը 2012թ.–ին տնկել է գրեթե 67 հեկտար Վիդալ և Մուսկատ։ Աշխարհի ամենաբարձրադիր խաղողի այգու տիտղոսին հավակնում էր նաև Արգենտինայի Սալտա գավառում գտնվող Altura Maxima խաղողի այգին, որը պատկանում է Bodegas Colomé–ին, որն ավելի վաղ համարվում էր աշխարհի ամենաբարձրադիր խաղողի այգին։ Սակայն Bodegas Colomé խաղողի այգին գտնվում է 3,111 մետր բարձրության վրա, որը մոտ 450 մետրով ցածր է Pure Land & Super-High Altitude Vineyard–ից։–0–