ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Գինե տուրիզմը հանգստանալու օրիգինալ և հետաքրքիր միջոց է, այցելում ես գինեգործաններ, համտեսում գինի ու ծանոթանում դրա պատրաստման ավանդույթներին։ Տուրիզմի այս տեսակի շնորհիվ դուք կունենաք նոր տպավորություններ ու կբացահայտեք երկրները յուրովի։
Աշխարհում կան բազմաթիվ գինե շրջաններ։ Ճամփորդության երթուղին ճիշտ կազմելու համար ներկայացնում ենք 10 լավագույն գինե շրջանների վարկանիշը, որը հրապարակել է Wine and Food պորտալը։
Մենդոսա, Արգենտինա

Արգենտինայում գտնվող Մենդոսա քաղաքը դասվում է must visit շրջանների շարքին։ Մալբեկ գինու բոլոր սիրահարները հաստատ կնշեն, որ գոնե գինու այս տեսակի համար արժե այցելել աշխարհի ծայրը։ Մենդոսան արտադրում է արգենտինական գինու մոտ 2/3–ը։ Մենք խորհուրդ ենք տալիս համտեսել խաղողի լոկալ տեսակները, օրինակ վարդագույն կեղևով խաղողը` Ցերեզան կամ Կրիոլա Գրանդեն։ Մի մոռացեք, որ գինին համտեսելու եք` նայելով Ակոնկագուա լեռնագագաթին, որը Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռն է։
Բարոսա հովիտ, Ավստրալիա

Եթե դուք հեռավոր ճամփորդությունների սիրահար եք և չեք ցանկանում վերադառնալ Հյուսիսային կիսագունդ, ապա անպայման պետք է այցելեք Բարոսա հովիտ, որն արևոտ Ավստրալիայի հնագույն գինեգործական շրջաններից է։ Ավստրալական ամենահայտնի գինեգործարանների մեծ մասը, որոնք ունեն դարավոր կալվածքներ, տեղակայված է հենց այստեղ։ Եվ մենք հստակ գիտենք. եթե ցանկանում եք համտեսել Շիրազ, ապա ավելի լավ է անել դա Բարոսայում։
Լանգեդոկ–Ռուսիլյոն, Ֆրանսիա

Լանգեդոկը Ֆրանսիայի հարավում գտնվող իսկական գանձարան է, սակայն դրա մասին հաճախ մոռանում են հարևան Պրովանսի աղմկոտ փառքի ֆոնին։ Եթե դուք քաղցր գինիների սիրահար եք, ապա այցելեք Բանյուլ–սյուր–Մեր։ Իսկ եթե ցանկանում եք զմայլվել բնության գեղեցկությամբ, ապա ճամփորդեք Միջերկրական ծովի երկայնքով` մինչև Իսպանիա, ուր ավտոմեքենայով ընդամենը կես ժամվա ճանապարհ է։
Կանարյան կղզիներ, Իսպանիա

Լինելով Իսպանիայի մի մասը` այս կղզիների շարքը տեղակայված է Մարոկկոյի ափերից ընդամենը 90կմ հեռավորության վրա։ Մեկնեք ամենաարևելյան կղզին` Լանսարոտե` այդ կուսական վայրի հրաբխային ավազի վրայով զբոսնելու համար։
Ինչ վերաբերում է գինուն, ապա ընտրեք Մալվազիա խաղողի սպիտակ տեսակը` Կանարյան կղզիների խաղողի կարևորագույն տեսակը։ Մալվազիայից ստացվում է ինչպես չոր, այնպես էլ քաղցր գինի` հարուստ բուրավետ փնջով։ Ընդ որում մենք խորհուրդ ենք տալիս կենտրոնանալ հենց քաղցր գինիների վրա, չէ՞ որ դրանք ամենից հաճախ են դառնում մեղրահամ։
Ֆրանշհուկ, Հարավաֆրիկյան Հանրապետություն

Ֆրանշհուկը փոքրիկ գյուղ է Հարավաֆրիկյան հանրապետությունում, որը հայտնի է գինեգործության հարուստ պատմությամբ։ 17–րդ դարի վերջում շրջանը բնակեցվել է ֆրանսիացի բողոքականներով, գյուղը սկզբում կոչվել է Coin Francais, ինչը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «Ֆրանսիական անկյուն»։ Ավելի ուշ ֆրանսիական անվանմանը փոխարինեց դանիականը` Franschhoek (Ֆրանշհուկ), որն օգտագործվում է մինչ օրս։ Այսօր Ֆրանշհուկ գյուղում շատ են արտասովոր փոքրիկ հյուրանոցները, ֆրանսիական խոհանոց առաջարկող ռեստորաններն ու բազմաթիվ գինեգործարանները, որոնք արտադրում են թթվային Սովինյոն Բլան և Շենին Բլան, ինչպես նաև մարմնեղ կարմիր Կաբերնե Սովինյոն և Շիրազ։
Սանտորինի, Հունաստան

Առաջարկում ենք այցելել սպիտակ–երկնագույն կղզին ոչ միայն չքնաղ տեսարանների համար, այստեղ կարելի է համտեսել հունական գինիներ։ Լողավազանի մոտ, զմայլվելով ծովային տեսարաններով, կարելի է համտեսել սպիտակ Ասիրտիկո, Ատիրի և Աիդանի։
Կոկիմբո, Չիլի

Վերադառնալով ճամփորդությունների դեպի հեռավոր երկրներ`չի կարելի չնշել Չիլին և նրա Կոկիմբո բարձրլեռնային շրջանը, որտեղ տեղակայված են մի քանի խոշոր գինե հովիտներ։ Չոր կլիման և ցերեկային ու գիշերային ջերմաստիճանի բարձր տատանումները նպաստում են մարմնեղ Շիրազի և Կաբերնե Սովինյոնի աճեցմանը։
Սանտա Ինեզ, Կալիֆոռնիա

Սանտա Ինեզ հովտում տեղակայված են Սանտա Ռիտա Հիլզ, Բալլարդ Քենյոն և Հեփի Քենյոն գինեգործական շրջանները։ Հովիտը հարուստ է կլիմայական միկրոգոտիներով` օվկիանոսի զովությունը` հաճախակի մառախուղներով, փոխարինվում է չոր և տաք եղանակով։ Հովտում հիմնականում աճեցնում են Պինո Նուար և Շարդոնե, որոնք հաստատ դրական հետք կթողնեն ձեր հիշողության մեջ։
Դալմացիա, Խորվաթիա

Խորվաթիայի այս հարավային գինե շրջանը տեղակայված է երկրի արևմտյան ափի երկայնքով, որի վրա ազդեցություն է թողնում միջերկրածովային կլիման` երկարատև տաք ամառով և կարճ ու մեղմ ձմեռով։ Դալմացիան ներառում է մի քանի կլիմայական միկրոգոտի։ Այստեղ աճում են խաղողի բազմաթիվ լոկալ տեսակներ, և մենք խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել Պլավաց Մալիին։
Դուրո հովիտ, Պորտուգալիա

Աշխարհում Դուրոյի նման վայր չկա։ Դուրո գետի երկայնքով, զառիթափերի վրա տեղակայված խաղողի այգիներում աճում է շատ հյութեղ խաղող, որն օգտագործվում է աղանդերային գինիներ պատրաստելիս։–0–