ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին` ամառային շոգ օրերից մի օր, Երևանի բնակիչները և հյուրերը հնարավորություն ստացան մասնակցել մայրաքաղաքի ամենահամեղ և «սառը» տոնին` Պաղպաղակի փառատոնին:
«Երազ» այգում հավաքվել էին տասնյակ հյուրեր` հայկական պաղպաղակի համերի և տեսակների բազմազանությունը համտեսելու, լավագույն պաղպաղակները որոշելու և մանկուց սիրված պլոմբիրը գտնելու համար:

Ինչպես Food&Wine–ի թղթակցի հետ զրույցում պատմեց փառատոնի կազմակերպիչ Վահե Մինասյանը, միջոցառման գլխավոր նպատակն է ուրախ տոն կազմակերպել երեխաների համար:
Նա պատմեց նաև, որ փառատոնն ացկացվում է Հայաստանում արդեն երկրորդ տարին, իսկ նրա կազմակերպման գաղափարը ծագել է Վրաստանում նմանատիպ փառատոն այցելելուց հետո:
«Կարծում եմ, որ փառատոնն այսուհետ կանցկացվի ամեն տարի և կդառնա ավանդական: Այս տարի փառատոնին մասնակցում է մոտ 7 արտադրող ընկերություն, իսկ այցելուները գալիս են ոչ միայն Երևանից, այլ նաև Հայաստանի մարզերից և անգամ արտերկրից», - ասաց Մինասյանը:

Փառատոնի հյուրերը հաճույքով համտեսեցին պաղպաղակի տարբեր տեսակներ` փորձելով որոշել, թե որն է ամենահամեղը` վանիլայինը, շոկոլադե, ելակի, թե պիստակով պաղպաղակը:





