ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում արդեն 3–րդ անգամ անցկացվում է Թեյի և սուրճի ամենամյա փառատոնը։ Այս տարի Կարապի լճի մոտակայքում տեղադրված 50 տաղավարներում իրենց արտադրանքն էին ներկայացնում Հայաստանի տարբեր անկյուններում և արտերկրում գործող արտադրողները։

Տեսականու բազմազանությունը ստիպում էր երկար ուսումնասիրել ամեն մի տաղավարի ապրանքը, կրկին վերադառնալ նախկին տաղավարներ`հասկանալու համար, թե վերջիվերջո որ տեսակն ընտրել և ինչպես չշփոթվել բազմազանության տեղատարափում։

Հատուկ մեր ընթերցողների համար «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը շրջել է փառատոնի բոլոր տաղավարներով ու պարզել, թե ինչ էր ներկայացված այցելուներին։ Հենց սկզբում պարզապես ցնցում է Հայաստանի տարբեր մարզերից բերված խոտաբույսերի բազմազանությունը։ Դաղձ, մեղվախոտ լորի, ծոթոր, գոճամորի, անմեռուկ, և սա դեռ այն չնչին մասն է, որը կարելի էր գտնել սեղաններին։

Ընդ որում տարբեր տաղավարներում ներկայացված էին նույն խոտաբույսերը, սակայն փորձելով դրանք` հասկանում էիր, որ դրանց համը տարբեր է։ Գաղտնիքն այն է, որ դրանք աճեցվում են տարբեր մարզերում և տարբեր պայմաններում, այդ իսկ պատճառով ունեն բացառիկ համային որակներ։

Փառատոնին ներայացված էին ինչպես մասնավոր արտադրողներ, այնպես էլ խոշոր ապրանքանիշեր, որոնք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս։ Նրանք ևս զարմացրեցին օրիգինալ մոտեցումներով, հետաքրքիր համային համադրություններով և տուփերի ու տաղավարների գեղեցիկ դիզայնով։

Առանձին ուշադրության էր արժանի եռման ավազի վրա եփվող սուրճը։ Չնայած Հայաստանում սուրճ չի աճում, այդ ըմպելիքի նկատմամբ հայերի վերաբերմունքն առանձնահատուկ է։

Փառատոնի համակազմակերպիչ Հայկ Հարությունյանի խոսքով, միջոցառման գլխավոր նպատակն է ստեղծել «հետաքրքիր, հարմարավետ, քաղաքակիրթ, համեղ, բուրավետ մթնոլորտ երևանցիների համար»։
«Թեյն ավանդույթ է։ Մենք ունենք բացառիկ խոտաբույսեր, որոնց նմանը չկա աշխարհում», – նշեց Հարությունյանը։

Նա ասաց, որ փառատոնին հրավիրված էին տեղական և օտարերկրյա ընկերություններ։ Դրանց թվում են Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող արտադրողներ` Գեղարքունիք, Վայք, Սյունիք, Դիլիջան և այլն։ Նա նշեց, որ մասնակիցների թիվն այնքան մեծ է, որ որոնց անգամ չէին հասցնում գրանցել։

«Ցավոք, Կարապի լճի տարածքն անսահման չէ, այդ պատճառով երբեմն ստիպված էինք լինում մերժել։ Սակայն նախատեսում ենք կազմակերպել այլ մեծ փառատոներ»,– ասաց նա։

Նրա խոսքով, շուտով կկազմակերպվի Spirit of Armenia փառատոնը, տնական օղու, կոնյակի, գինու և ալկոհոլի այլ տեսակների փառատոն, իսկ հաջորդ տարի Երևանում կանցկացվի ամենախոշոր փառատոնը` Check in Armenia–ն։
«Դա կլինի համահայկական փառատոն, որի շրջանակում կներկայացվեն աշխարհասփյուռ հայության բոլոր ձեռքբերումները», – նշեց նա` վստահեցնելով, որ Թեյի և սուրճի փառատոնը տարեցտարի կընդլայնվի և կբարելավվի։–0–