ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը Հայաստանի առաջատար բուհերի` Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի և Հայ–ռուսական սլավոնական համալսարանի հետ համատեղ գործարկում է Digital մրցույթ լրագրող ուսանողների համար։
«Մրցույթի նպատակն է խթանել ուսանողներին մուլտիմեդիոն ձևաչափում ստեղծել սեփական նախագիծը` գործակալությունում ստաժավորում անցնելու և աշխատանքի տեղավորվելու հնարավորությամբ», – ասաց «Նովոստի–Արմենիա» գործակալության գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը։
«Մենք աջակցում ենք համատեղ նախագծերին Հայաստանում գործող ԶԼՄ–ների հետ։ Մասնաճյուղի ուսանողները ՄՊՀ–ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսների հետ միասին տարբեր դիսցիպլինների շրջանակում մշտապես աշխատում են մուլտիմեդիոն նյութերի ստեղծման ուղղությամբ։ Կարծում ենք, որ սա լավ հնարավորություն է ապագա լրագրողների համար, որպեսզի նրանք արդեն գործնականում կիրառեն տեսական հմտությունները», – նշեց Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսումնական աշխատանքի գծով գործադիր տնօրենի տեղակալ Ժան Բաղիյանը։
«Ժամանակակից ժուռնալիստիկան արդեն անհնար է պատկերացնել առանց մուլտիմեդիոն տեխնոլոգիաների, այս մասնագիտության համար ունիվերսալ լինելն այսօր դարձել է ոչ միայն գեղեցիկ եզրույթ, այլև ամենօրյա պրակտիկա։ Այդ պատճառով մեդիայի ոլորտի ապագա մասնագետների համար այս մրցույթն իսկապես կարևոր է, բուհում ձեռք բերած տեսական գիտելիքները հնարավոր կլինի յուրացնել գործնականում, ուսանողները նաև կկարողանան ձեռք բերել նոր հմտություններ։ Բացի այդ, սա թիմում աշխատելու, ոլորտի առաջատար փորձագետների հետ շփվելու հիանալի հնարավորություն է», – նշեց Հայ–ռուսական սլավոնական համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը։
Ուսանողների աշխատանքները պետք է ներառեն ակտուալ և օգտակար տեղեկատվություն Հայաստանի գաստրոնոմիկ նրբությունների, ավանդույթների, ինչպես նաև տուրիստական ուղղությունների մասին։ Մրցույթի մասնակիցների խնդիրն է ընթերցողներին ծանոթացնել զարմանահրաշ գաստրոնոմիկ աշխարհի հետ, որը լի է անակնկալներով, գաղտնիքներով, առասպելներով ու պատմություններով։
Երեք լավագույն աշխատանքները կհրապարակվեն foodandwine.newsarmenia.am կայքում։
Հաղթողները կստանան մրցանակներ, իսկ առաջին տեղը զբաղեցրած ուսանողը հնարավորություն կստանա ստաժավորում անցնել գործակալությունում։
Food&Wine նոր հատուկ նախագիծը, որը «Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործարկել է հուլիսին, չի սահմանափակվում միայն Հայաստանով և պատմում է տարբեր երկրների խոհանոցների, գաստրոնոմիկ ավանդույթների մասին։
«Նովոստի–Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունն աշխատում է Հայաստանի լրատվական դաշտում 2005թ.–ից և մեդիաշուկայի առաջատարներից մեկն է։ Գործակալությունն ամենամեջբերվողներից է հայկական ԶԼՄ–ների շրջանում, այսօր ունի 150 հազար բաժանորդ Facebook–ում, ինչն ապահովում է օրական ավելի քան 250 հազար դիտում։–0–