ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Յուրաքանչյուր առավոտ մեզ մտահոգում է մեկ հարց` ի՞նչ պատրաստել նախաճաշին։ Առաջարկում ենք ամենարագ և համեղ նախաճաշերի բաղադրատոմսերը, որոնք կօգնեն տնտեսել Ձեր թանկագին ժամանակը։
1. Դդմիկով ու պանրով սենդվիչներ

Բաղադրիչներ
- Դդմիկ կամ ցուկինի - 500 գր
- Ձու - 1 հատ
- Ալյուր - 50 գր
- Մոցարելա պանիր - 70 գր
- Թարմ կամ չորացրած սխտոր – ըստ համի
- Աղացած սև պղպեղ – ըստ համի
- Աղ – ըստ համի
- Բուսայուղ (անհրաժեշտության դեպքում) – թավային քսելու համար
Պատրաստման եղանակը
Քերիչով անցկացված դդմիկին ավելացնել ձու, պղպեղ, աղ, ցանկության դեպքում` սխտոր, այնուհետև ավելացնել ալյուր, խառնել` միատարր ու խիտ զանգված ստանալու համար: Թավան ծածկել յուղաթերթով, անհրաժեշտության դեպքում քսել բուսայուղ: Դդմիկից պատրաստած խմորը կիսել 4 մասի և դնել թավայի վրա: Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան և թխել 20 րոպե: Թխված դդմիկի կտորի վրա դնել պանրի շերտիկներ ու ծածկել երկրորդ կեսով։ Այնուհետև դդմիկի սենդվիչները մի քանի րոպեով դնել ջեռոց, որպեսզի պանիրը հալվի: Մոցարելայով դդմիկի սենդվիչները պատրաստ են:
2. Արագ շարլոտկա դարչինով (թավայի վրա)

Բաղադրիչներ
- Խնձոր (խոշոր) – 2 հատ
- Ցորենի ալյուր – 80 գր
- Շաքարավազ – ½ բաժակ
- Ձու – 3 հատ
- Փխրեցուցիչ – 2/3 թ.գ.
- Աղացած դարչին – ըստ համի
- Կարագ – 60 գր
Պատրաստման եղանակը
Ձվերը կոտրել թասիկի մեջ, ավելացնել շաքարավազի ընդհանուր քանակի մոտ 2/3-ը, խառնել, այնուհետև ավելացնել ալյուր և փխրեցուցիչ, լավ խառնել մինչև միատարր զանգված ստանալը:
Տաքացնել թավան միջին կրակի վրա և հալեցնել կարագը, այնուհետև ավելացնել մնացած շաքարավազը և խառնել: Ավելացնել խորանարդիկներով կտրատած խնձորը և դարչինը, տապակել 1 րոպե: Խնձորի վրա ավելացնել խմորը, իջեցնել կրակը, ծածկել կափարիչով և պատրաստել շարլոտկան մոտ 7-10 րոպե: Վերջում փայտե ձողիկով ստուգել խմորը եփել է, թե ոչ։
3. Շոկոլադե քափքեյք բաժակում

Բաղադրիչներ
- Վարսակի փաթիլներ – 40 գր
- Սև սուրճ – 30 մլ
- Կաթ (1% յուղայնության) – 30 մլ
- Ձվի սպիտակուց – 1 հատ
- Կակաո – 1 թ.գ.
Պատրաստման եղանակը.
Խառնել վարսակի փաթիլները, կաթը, սպիտակուցը, կակաոյի փոշին, թարմ պատրաստած սուրճը: Ըստ համի ավելացնել քաղցրացուցիչ, դա կարող է լինել սովորական շաքարավազ կամ շաքարի ցանկացած փոխարինիչ: Սովորական բաժակի վրա քսել ձեթ, լցնել ամբողջ խառնուրդը, առավելագույն տաքության վրա դնել միկրոալիքային վառարան 2 րոպեով: Արագ քափքեյքը պատրաստ է:
4. Գազարով և խնձորով յուղաբլիթներ

Բաղադրիչներ
- Խնձոր – 150 գր
- Գազար – 80 գր
- Վարսակի փաթիլներ – 3 ճ.գ.
- Ցորենի ալյուր – 2 ճ.գ.
- Եգիպտացորենի ալյուր – 1 ճ.գ.
- Կեֆիր (2,5 % յուղայնության) - 100 մլ
- Ձու - 1 հատ
- Չամիչ - 1 ճ.գ.
- Շաքարավազ – 1–2 ճ.գ.
- Փխրեցուցիչ – 1 թ.գ.
- Վանիլին – մեկ պտղունց
- Դարչին – ½ թ.գ.
- Բուսայուղ – 2-3 ճ.գ.
Պատրաստման եղանակը
Վարսակի փաթիլների վրա ավելացնել կեֆիրն ու թողնել 10 րոպե: Այնուհետև հարել ձուն ու շաքարավազը: Մաքրել գազարը և խնձորը ու քերել քերիչով: Հարած ձվի վրա ավելացնել վարսակի փաթիլներով կեֆիրը, վանիլինը, դարչինն ու փխրեցուցիչը: Այդ զանգվածին ավելացնել գազարը, խնձորը, չամիչն ու խառնել: Հենց թասիկի մեջ ավելացնել ալյուրի երկու տեսակը և կրկին խառնել: Պետք է ստացվի միջին խտության խմոր:
Բուսայուղով տաքացված թավայի մեջ դնել խմորի 1-2 ճ.գ.` ստանալով յուղաբլիթներ: Յուրաքանչյուր կողմը տապակել 3-5 րոպե:
5. Թունա ձկով և ավոկադոյով սենդվիչ

Բաղադրիչներ
- Ավոկադո – 1 հատ
- Պահածոյացված թունա ձուկ – 1 բանկա
- Տոստերի համար նախատեսված սպիտակ հաց – 6 կտոր
- Լոլիկ – 1 հատ
- Ծովի աղ – դանակի ծայրով
- Հազար – 6 թերթիկ
- Թարմ աղացած սև պղպեղ – դանակի ծայրով
- Մաղադանոս – 6 ցողուն
- Կիտրոնի հյութ – 1 ճ. գ. Քաղցր կարմիր սոխ – 1 գլուխ
Պատրաստման եղանակը
Տոստերի օգնությամբ չորացնել հացը, կտրել եռանկյունաձև: Մաքրել ավոկադոն, հեռացնել կորիզը, ճզմել` պատրաստելով խյուս: Մանր կտրատել մաղադանոսը, ավելացնել աղը, պղպեղն ու կիտրոնի հյութը ու լցնել ավոկադոյի վրա։
Տոստի կեսերից մեկի վրա դնել հազարի թերթիկը, լոլիկի կտորները, սոխի օղակները և ավոկադոյից պատրաստած խյուսը: Պատառաքաղով մի փոքր ճզմել թունա ձուկն ու ավելացնել խյուսի վրա: Ծածկել տոստի երկրորդ կեսով:
Բարի ախորժակ։