ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Խանութում գինի ընտրելն իսկապես բարդ գործ է։ Մեծ թվով ապրանքանիշեր, տարբեր գներ, ինչպե՞ս հասկանալ, որ գինին է լավը։ Այս հարցում մեզ կօգնի սոմելիե, գինեգետ Թամարա Օհանջանյանը, ով foodandwine.am–ին հետ կիսվել է գինի ընտրելու խորհուրդներով և որպես բոնուս` ներկայացրել գինիների և ուտեստների սիրված ու յուրօրինակ համադրությունները։
1. Երբեք մի ամաչեք արտահայտել սեփական կարծիքը
Մի ամաչեք արտահայտել սեփական կարծիքն ու ծանոթանալ գինիների հետ։ Եթե գինին ձեզ դուր չի գալիս, մի խմեք այն։ Եթե որևէ մեկի հետ այցելում եք ինչ–որ հաստատություն ու պատվիրում գավաթով գինի, ապա ավելի լավ է վերցնել տարբեր տեսակներ, որպեսզի կարողանաք փորձել ու հասկանալ, թե որ տեսակն է ձեզ դուր գալիս։

2. Մի վախեցեք սոմելիեից
Սոմելիեն պարզապես մեծ էնտուզիաստ է, ով ուզում է օգնել ձեզ, այդ պատճառով չարժե ամաչել ու վախենալ նրանից։

3. Ուշադրություն դարձրեք գինու պահպանման պայմաններին
Մասնագիտացված խանութներում գինիներն ավելի լավ են պահպանվում, քանի որ այնտեղ ստեղծված են անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ գինու յուրաքանչյուր տեսակի համար։ Սովորական սուպերմարկետներում պետք է ուշադրություն դարձնել գինու պահպանման պայմաններին։ Եթե այն արևի ճառագայթների տակ է կամ պահվում է +18 աստիճանից բարձր պայմաններում, ապա ավելի լավ է չգնել նման գինի։ Սուպերմարկետներում ու մասնագիտացված խանութներում վաճառվող գինիների գնային տարբերությունը մեծ չէ, այդ պատճառով, եթե դուք գնահատում եք սեփական առողջությունը և ուզում եք վայելել գինին, ապա ավելի լավ է մի փոքր շատ գումար վճարել ու գինին գնել մասնագիտացված խանութներից։

4. Լավ գինին պետք է արժենա առնվազն 2500 դրամ
Եթե մեկ շիշ գինին (750 մլ) արժե, օրինակ, 900 դրամ, ապա դրա հետ հաստատ մի բան այն չէ։ Հաշվի առնելով խաղողի գինը` որակյալ հումքը չի կարող այդքան էժան լինել։ Նվազագույն արժեքը պետք է լինի 2500 դրամ, այս դեպքում դուք կարող եք վստահ լինել, որ գինու պատրաստման համար օգտագործվել է լավ որակի խաղող և ըմպելիքի մեջ չկան այլ խառնուրդներ, օրինակ` ուրիշ մրգերի հյութեր։

5. Բացած շիշը մի պահեք չորս օրից ավել
Գինին կարելի է պահել առնվազն չորս օր, եթե այն փակ է վակուումային հատուկ գլխիկով։ Ցանկալի չէ գինին փակել շշի խցանով, քանի որ այդ կերպ շշի մեջ օդ է ներթափանցում։ Նման գինին խորհուրդ է տրվում պահել մի քանի ժամ, դրանից հետո այն կարելի է օգտագործել ճաշատեսակներ պատրաստելու համար։

6. Պարույրե խցանով գինին պարտադիր չէ, որ էժան լինի
Պարույրով խցանը, սովորական խցանի նման, ունի իր դրական և բացասական կողմերը։ Օրինակ, սովորական խցանի դեպքում կան «հիվանդություններ«, որոնք բացառված են պարույրով խցանների դեպքում։ 100 սովորական խցաններից մեկը կարող է վարակված լինել մանրէներով, որոնք փոխում են գինու համը, սակայն չեն վնասում մարդու առողջությանը։ «Վարակված» գինին սովոբարար ունի թաց թղթի, ստվարաթղթի համ։ Եթե գինու շիշը փակված է պարույրե խցանով, ապա նման ռիսկ չկա։

7. Սովորեք ճանաչել գինիները
Եթե հնարավորություն ունեք, փորձեք գինիները սրճարաններում և այլ հաստատություններում, ֆիքսեք, թե ինչ է ձեզ դուր գալիս և ինչը` ոչ։ Օգտագործեք գինին ճանաչելու ցանկացած շանս։ Եթե չկա նման հնարավորություն, ապա փորձեք շատ կարդալ խաղողի տարբեր սորտերի մասին, ուսումնասիրեք այդ ամենը։ Դա կօգնի լինել ավելի ինքնավստահ խանութներում

8. Սկսեք գինու հայրենական սորտերից
Այսօր հայկական խանութներում վաճառվում է գինու մոտ 190 տեսակ։ Պետք է գնահատել այն, ինչ ունենք և չվերագնահատել հարևանի գինին։

9. Գինու բույրերն ավելի լավ տարբերելու համար գնացեք շուկա
Գինու բոլոր էնտուզիաստներին խորհուրդ եմ տալիս գնալ շուկա և «զգալ» բույրերը`գինու բույրն ավելի լավ տարբերելու համար, քանի որ այն ունի բազմաթիվ երանգներ։ Դրանից հետո դուք կկարողանա ք ավելի պրոֆեսիոնալ նկարագրել գինու բույրը։

10. Օգտագործեք գինին ուտեստների հետ
Գինին օգտագործեք ուտեստների հետ և փորձեք այնպես անել, որ ո′չ գինին գերակշռի ուտեստի մեջ, ո′չ ուտեսն այնպես անի, որ գինին դառնա ջուր։ Խոհանոցում ևս կարելի է օգտագործել գինին`օրինակ որպես գույն։ Օրինակ ինչ–որ աղցանի մեջ, որտեղ օգտագործվում է կիտրոն, որը թթվային համ ունի, կարելի է ավելացնել թթվային, թեթև սպիտակ գինի թե պատրաստելու ընթացքում, թե հետագայում` խմելու համար։

11. Դուք եք ընտրում գինու և ուտելիքի համադրությունները
Կան որոշակի կանոններ, որոնց կարող եք հետևել, բայց երբեք մի վախեցեք էքսպերիմենտներ անել, որովհետև որոշողն իրականում դուք եք։ Բացի այդ, մարդիկ, ովքեր գրքեր են գրել գինու և ուտելիքի համադրության մասին, դժվար թե փորձել են խաղողի բոլոր սորտերը։

12. Խաչ մի դրեք խաղողի որոշ սորտերի վրա
Կարող են լինել խաղողներ, որոնք ձեզ դուր չգան, օրինակ` իրենց պարունակության կամ պիգմենտների պատճառով, բայց խաչ մի քաշեք խաղողի այդ սորտի վրա։ Դուք կարող եք չսիրել խաղողի տեսակն ինչ–որ ռեգիոնից, բայց մեկ այլ ռեգիոնում աճեցվածը ձեզ դուր գա։ Օրինակ ինձ դուր չի գալիս ֆրանսիական Կաբերնեն, բայց շատ է դուր գալիս կալիֆոռնիական Կաբերնեն։

13. Պետք չէ թերագնահատել վարդագույն գինին
Ոմանց թվում է, թե վարդագույն գինին վատ որակի է։ Նրանք սխալվում են։ Դա սովորական գինի է, որը պատրաստված է կարմիր խաղողից։ Այն ստանում է վարդագույն գույն, քանի որ հյութը կեղևի հետ շատ չեն թողել, ինչի արդյունքում նա շատ գույն չի ստացել։

Բոնուս. գինու և ուտեստների սիրելի համադրություններ` հայ սոմելիեից
- Պինո նուարը կամ Դոլչետտոն` սնկի հետ
- Փրփրուն գինին` աղի ուտելիքի, օրինակ` աղի պանրի հետ
- Կաբերնե Սովինյոնը`յուղոտ կամ քիչ յուղոտ կարմիր մսի, օրինակ` սթեյքի կամ խորովածի հետ
- Սովինյոն բլանը կամ Vinho verde-ն` թթվային ուտելիքի, օրինակ թուրինջից պատրաստված աղցանի հետ
- Չոր վարդագույն գինիները` պանրի տարբեր տեսակների հետ
- Սիրա կամ հայկական Խնդողնի` կծու–քաղցր ուտելիքի և սոուսների հետ
- Սանջովեզե` կարմիր–լոլիկային սոուսի և պաստայի հետ։–0–