ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում այսօր կազմակերպվեց ավանդական Ամանորյա բարեգործական տոնավաճառ, որը մեկ վայրում հավաքեց տարբեր երկրների և մշակույթների ներկայացուցիչների։

Տոնավաճառի կազմակերպիչն է ՀՀ ԱԳՆ–ի «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիան։

Միջոցառումն ուղեկցվեց տարբեր ժողովուրդների ազգային երգ ու պարով և հյուրասիրությամբ։ Ներկայացվեցին աշխարհի տարբեր երկրների ավանդական ճաշատեսակներ, զարդեր, սպասք և անգամ գրականություն ու, իհարկե, ամանորյա և սուրբծննդյան թեմայով իրեր։

«Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախագահ Իրինա Իգիթխանյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը պատմեց, որ ցուցահանդես–վաճառքի գլխավոր նպատակն է աջակցել երեք բարեգործական ծրագրերի իրականացմանը, որոնց նպատակներն են մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին մասնագիտական կրթություն և հմտություններ ձեռք բերելու հնարավորության ընձեռումը, ընտանեկան խնդիրների կանխարգելման և լուծման համար խորհրդատվությունների տրամադրումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմամբ գրական բարձրարժեք աշխատանքների թվայնացումը։

Իգիթխանյանը նշեց, որ այս տարի միջոցառմանը մասնակցել է 13 դեսպանատուն, մասնավորապես, Ղազախստանի, Չինաստան, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չեխիայի Լեհաստանի և այլ երկրների դեսպանատներ, ինչպես նաև 45 հայ արտադրողներ` Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից։

«Վստահ ենք, որ սա հիանալի հնարավորություն է ոչ միայն ներկայացնելու սեփական արտադրանքը, արվեստի գործերը, այլև շփվելու և ավելի լավ ծանոթանալու միմյանց հետ», – ասաց Իգիթխանյանը` հավելելով, որ մտադիր է հետագայում ևս շարունակել այս ավանդույթն ու ամեն տարի կազմակերպել այս գունեղ միջազգային միջոցառումը։–0–



