ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ամեն օր մենք ինչ–որ տեղ ենք շտապում, զբաղվում գործերով, երբեմն, մոռանալով լիարժեք ընթրիքի մասին, սնվում ենք ոտքի վրա կամ սրճարանում։ Իհարկե, այս ամենը չի կարելի համեմատել տնական ճաշատեսակների հետ, բայց որտե՞ղ գտնել ժամանակ և ուժ` աշխատանքից հետո ջեռոցի դիմաց կանգնելու համար։
Առաջարկում ենք մի քանի բաղադրատոմս Wonderzine-ից, որոնք կարող եք պատրաստել նույնիսկ ծանր աշխատանքային օրվանից հետո։
Տապակած պաստա պանրով և խոզապուխտով

Բաղադրիչներ
- 300 գ մակարոն ֆուզիլի
- 300 գ քերած չեդեր պանիր
- 150 գ խոզապուխտ
- գլուխ սոխ
- 2 ճաշի գդալ կարագ
- 1 լ կաթ
- աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
Տաքացնել ջեռոցը մինչև 190 աստիճան։ Հալեցնել կարագի կեսը մեծ կաթսայի մեջ, ավելացնել սոխը։ Թեթևակի տապակել մինչև թափանցիկ դառնալը։ Սոխով կաթսայի մեջ ավելացնել կաթը, եռացնել։ Համեմել աղով և պղպեղով։ Ավելացնել պաստան և անընդհատ խառնելով` պատրաստել մինչև «al dente» կոչվող վիճակի։ Ավելացնել մնացած կարագը և չեդերի երկու երրորդը։ Խառնել և հենց պանիրը հալվի, ավելացնել կտրատած խոզապուխտը: Նորից խառնել։ Խառնուրդը տեղափոխել թխելու համար նախատեսված տապակի մեջ։ Վրան ցանել մնացած պանիրը և դնել ջեռոցը։ Պատրաստել 8-10 րոպե, մինչև պանիրը հալվի։
Բրոկոլիով ապուր

Բաղադրիչներ
- 400 սառեցրած բրոկոլի
- 1լ կաթ
- 1 հատ մեծ սոխ
- 4 պճեղ սխտոր
- 4 ճաշի գդալ սերուցքային կարագ
- 2 ճաշի գդալ ալյուր
- ադիգեյական պանիր մատուցման համար
- Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
Սոխն ու սխտորը մաքրել, մանր կտրատել, կարագով տապակել կաթսայի մեջ մոտ 5 րոպե։ Ավելացնել ալյուրև տապակել ևս երեք րոպե։ Լցնել կաթը, լավ խառնել և եփել մոտ հինգ րոպե։ Ավելացնել բրոկոլին, աղ, պղպեղ և եռացնել։ Եփել մոտ 10 րոպե, մինչև կաղամբը փափկի։ Կաթսան վերցնել կրակից, բլենդերով հարել մինչև միասեռ զանգված ստանալը։ Մատուցել մանրացրած ադիգեյական պանրով։
Աղի քրամբլ

Բաղադրիչներ
- 8 հատ լոլիկ
- 100 գ պինդ պանիր (պարմեզանի նման)
- 100 գ ալյուր
- 80 գ կարագ
- Ռեհանի փոքր փունջ
- Մի պճեղ սխտոր
- Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան։ Լոլիկները լվանալ, կտրատել։ Սխտորի պճեղը մաքրել և քսել թխելու համար նախատեսված տապակի մեջ։ Առանձին թասիկի մեջ խառնել կարագը, ալյուրը, պանիրն ու պարմեզանը։ Խառնուրդը պետք է ստացվի ավազի նման։ Լոլիկի կտորները շարել տապակի մեջ, վրան ցանել աղ, պղպեղ և ռեհան։ Լոլիկների վրա լցնել ավազանման փշրանքը և թխել ջեռոցում 30 րոպե։
Ձվով աղցան տոստի վրա

Բաղադրիչներ
- 6 հատ խոշոր ձու
- 4 բարակ շերտ բեկոն
- 2 նեխուրի կոթ
- 4 կանաչ սոխի ցողուն
- 1 փունջ մաղադանոս
- 1 ճաշի գդալ կապար (կորաք)
- 3 ճաշի գդալ մայոնեզ
- Մի պտղունց կարի փոշի
- Աղ, պղպեղ
- Տոստեր ցանկացած հացից
Պատրաստման եղանակը
Ձուն պինդ խաշել, դնել սառը ջրի մեջ, հետո մաքրել։ Փոքր կտորներով կտրատել բեկոնը, տապակել միջին կրակի վրա մինչև դառնա խրթխրթան։ Բեկոնի կտորները դնել անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը քամվի։ Մանր կտրատել կանաչ սոխը, նեխուրը, մաղադանոսի տերևները, կապարը և բեկոնը։ Խառնել իրար։ Ձուն կտրատել փոքրիկ խորանարդիկներով և ավելացնել կանաչեղենով խարնուրդի վրա։ Առանձին խառնել մայոնեզն ու կարին մինչև միասեռ զանգված դառնալը, հետո ավելացնել աղցանի վրա։ Մատուցել կարմրացրած տոստի վրա։
Խրթխրթան կարտոֆիլ պղպեղով

Բաղադրիչներ
- Գլուխ սոխ
- 3 կարտոֆիլ
- 2 միջին կարմիր պղպեղ
- 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
- քառորդ բաժակ առանց աղի մանրացրած գետնանուշ
- 1 ճաշի գդալ լայմի հյութ
- 1 թեյի գդալ չամանի և ֆենխելի սերմեր
Պատրաստման եղանակը
Մեծ թավայի մեջ տաքացնել յուղը միջին կրակի վրա։ Ավելացնել չամանի սերմերը և տապակել մոտ մեկ րոպե, մինչև դառնան շագանակագույն։ Թուլացնել կրակը, ավելացնել ֆենխելը և մանրացված սոխը, պատրաստել մոտ հինգ րոպե, մինչև դառնա թափանցիկ։ Թավայի մեջ ավելացնել կարտոֆիլի կտորները, փակել կափարիչով և պատրաստել 7-10 րոպե մինչև փափկի։ Ավելացնել խոշոր կտրատած պղպեղը և աղ ցանել։ Փակել կափարիչով և թողնել մի քանի րոպե։ Մատուցելուց առաջ լավ խառնել թավայի պարունակությունը՝ չմոռանալով տապակած սերմերի մասին, որոնք կարող են կպչել թավայի հատակին։ Ավելացնել գետնանուշը, լայմի հյութը, աղ և պղպեղ` ըստ ճաշակի։
Լոլիկով ձու

Բաղադրիչներ
- 2 լոլիկ
- մի փունջ կանաչ սոխ
- 2 ձու
- 2 ճաշի գդալ բուսայուղ
- Աղ` ըստ ճաշակի
- Շաքարավազ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Լոլիկը կտրատել շերտերով, մանրացնել սոխը։ Ձվերը ջարդել թասիկի մեջ և հարել պատառաքաղով։ Թավայի մեջ տաքացնել բուսայուղը ուժեղ կրակի վրա, հետո ավելացնել ձուն և արագ խառնել։ Թողնել կրակի վրա մինչև ձուն կպչի, հետո լցնել ափսեի մեջ և մի կողմ դնել։ Թավայի մեջ մի քիչ էլ բուսայուղ ավելացնել և մի քանի րոպե տապակել կանաչ սոխը։ Ավելացնել լոլիկը, համեմել աղով և շաքարավազով։ Տապակել մինչև լոլիկը փափկի՝ մոտ 5-7 րոպե։ Թավայի մեջ նորից լցնել ձվի զանգվածը, խառնել և թողնել մի քանի րոպե, որպեսզի բոլոր բաղադրիչները հավասար տաքանան։
Ռիզոտոյի ոճով պաստա

Բաղադրիչներ
- հավի կրծքամիս
- 80 գ չորիսո (կամ այլ խոզի երշիկ)
- գլուխ սոխ
- 1 ճաշի գդալ քրքում
- 100գ սառեցված ոլոռ
- 200գ խխունջի նման պաստա
- ձիթապտղի յուղ
- Աղ, պղպեղ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Մաքրել և մանր կտրատել սոխը, տապակել ձիթապտղի յուղով։ Թավայի մեջ ավելացնել կտրատած հավի միսը, երշիկը, համեմունքը և ոլոռը։ Պատրաստել 3-5 րոպե՝ անընդհատ խառնելով։ Ավելացնել պաստան և 70մլ ջուր, խառնել և պատրաստել 15 րոպե միջին կրակի վրա։ Ավելացնել աղ և պղպեղ` ըստ ճաշակի։-0-