ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ամանորյա սեղանի գլխավոր զարդերից մեկը ... ոչ, հեռուստացույցը չէ, ալկոհոլն է, որը պետք է շատ ուշադիր ընտրել, որպեսզի խմիչքը համահունչ լինի ճաշատեսակների հետ:
«HOUL» ալկոհոլային խանութի վաճառող-խորհրդատու Ռաֆայել Հարությունանը Food&Wine-ի թղթակցի հետ կիսվել է մի քանի գաղտնիքներով` ինչպես ճիշտ խմիչք ընտրել ամանորյա սեղանի համար:
Եվ այսպես
Չոր գինին ամանորյա սեղանի լավագույն զարդն է
Գինի ընտրելիս առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ ճաշատեսակներ են լինելու ամանորյա սեղանին: Եթե գերակշռելու են մսային ճաշատեսակները, ապա պետք է ընտրել երկար հնեցված գինի կամ շամպայն: Եթե ճաշատեսակներն ավելի թեթև են, կան պանրային, մրգային կերակրատեսակներ կամ աղանդեր, ապա պետք է ընտրել թեթև գինի, ինչպես օրինակ, լամբրուսկոն:
«Եթե պատրաստվում եք Ամանորին ավանդական հայկական սեղան գցել` ծանր մսային ճաշատեսակներով, աղցաններով, պանիրներով, ապա կարելի է ընտրել թեթև, երիտասարդ գինիներ»,- ասաց Ռաֆայելը:
Նա նաև նշեց, որ հայկական սեղանին կսազի իսպանական բրյուտը:
Եթե ամանորյա սեղանին գերակշռում է ծովամթերքը, ապա այն լավագույնս համահունչ կլինի սպիտակ գինու հետ, հատկապես սովինյոն բլան կամ պինո գրի (Pinot gris):
Ռաֆայելը հատկապես կարևորեց չոր գինիների ընտրությունը, որովհետև քաղցր և կիսաքաղցր գինիները կարող են «խլացնել» ճաշատեսակների համը, ինչի հետևանքով դուք չեք կարողանա լիարժեքորեն զգալ կերակուրի և ըմպելիքի համը:

Մի վախեցեք բազմազանությունից
Ռաֆայելն ասաց, որ Հայաստանում ամանորյա սեղանին «ալկոհոլային» շեշտադրումը հիմնականում դրվում է օղու, շամպայնի և գինու վրա, և դա շատ մեծ խնդիր է:
«Չպետք է շեշտել ալկոհոլի մի առանձին տեսակ: Կարելի է ամեն տարի ինչ-որ նոր բան համտեսել»,- առաջարկեց նա։
Օրինակ, ամանորյա սեղանի համար կարելի է առաջարկել ջին, գարեջուր, ռոմ կամ տեկիլա:
«Դա արդեն կախված է ձեր նախընտրությունից»,- նշեց Ռաֆայելը:
Ինչ խմիչք ընտրել առավոտյան գլխացավ չունենալու համար
«Բարդ է խորհուրդ տալ ինչ–որ ունիվերսալ ըմպելիք, որից հետո գլխացավ չի լինի, քանի որ ամեն մարդու վրա ալկոհոլը տարբեր ազդեցություն է ունենում»,- նշեց Ռաֆայելը:
Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ նա խորհուրդ տվեց հատուկ ուշադրություն դարձնել ըմպելիքի որակին և ընտրել ալկոհոլի քիչ պարունակությամբ սպիտակ և անգույն խմիչքներ: Նաև ցանկալի է չօգտագործել մուգ գույնի քաղցր ալկոհոլ, որովհետև այն ավելի արագ է հարբեցնում:

Ձեր օգտագործած ալկոհոլի թվում օղուն հատկացրեք միայն 10%
«Օղին պետք է կազմի սեղանին դրված ալկոհոլի ընդամենը 10%-ը, ընդ որում միայն կենացների համար»,- ասաց Ռաֆայելը:
Նրա կարծիքով, օղին այն խմիչքը չէ, որը պետք է լինի ամանորյա սեղանին, քանի որ «խամրեցնում է» մնացած ամեն ինչի համը:
Նա երազում է այն մասին, որ Հայաստանում օղին փոխարինեն գոնե գինիով: Նրա խոսքով, այլընտրանքային տարբերակ կարող է դառնալ չոր ջինը, ռոմը կամ տեկիլան:
Հյուրերին զարմացրեք օրիգինալ ըմպելիքներով
Ռաֆայելի կարծիքով, Ամանորի գիշերից հետո պարտադիր չէ հյուրերին մատուցել նույն ըմպելիքները, որոնք նրանք փորձել են այլ տեղ կամ իրենց տանը: Ավելի լավ կլինի զարմացնել նրանց ինչ-որ նոր ըմպելիքով, ինչպես օրինակ, վերմուտի կամ լիկյորի հիմքով կոկտեյլ: «Կոկտեյլի պատրաստման համար լրացուցիչ ոչինչ պետք չէ. միայն սառույց, վերմուտ կամ լիկյոր, և համի զգացում: Կարելի է նաև օգտագործել ցիտրուսային մրգեր և հյութեր»,- նշեց նա:-0-