ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում սրընթաց զարգացող գինու մշակույթի հետ մեկտեղ այս խմիչքը դառնում է ավելի տարածված և արժեքավոր նվեր։ Բայց պարզվում է`նույնիսկ շատ լավ ծանոթ մարդու համար գինի ընտրելն այնքան էլ հեշտ չէ։ Բազմազան տեսականուց աչքերն այս ու այն կողմ են փախչում, և շատերը դեռ մտածում են` իսկ արժե՞ ընդհանրապես գինի նվիրել։
Գինու ընտրության հարցում չսխալվելու և այն ճիշտ մատուցելու համար Ոսկեհատի գինու ուսումնագիտական կենտրոնի (Voskehat Educational and Research Center of Enology) ղեկավար, EVN գինու ակադեմիայի դասախոս Արտակ Գաբրիելյանը հատուկ Food&Wine-ի համար ներկայացրել է խորհուրդներ այն մասին, թե ինչպես պետք է գինի ընտրել` որպես նվեր։
Կարելի՞ է, արդյոք, գինին ունիվերսալ նվեր համարել
Կարելի է, սակայն մասամբ, քանի որ գինին`որպես նվեր ընտրելիս, շատ կարևոր է իմանալ, թե ում եք պատրաստվում այն նվիրել։ Գինին հսկայական տեսականի ունի և կարելի է գոնե մեկ հարմար տարբերակ գտնել։
Ո՞ր դեպքերում է տեղին կամ ոչ տեղին գինի նվիրել
Գինի կարելի է նվիրել ցանկացած ուրախ առիթով։ Վերջին հինգ տարվա ընթացքում Հայաստանում սրընթաց զարգանում է գինու մշակույթը և աճում է հետաքրքրությունն այս խմիչքի նկատմամբ։ Ընդ որում ավելանում է հետաքրքրությունը ոչ թե սովորական, այլ այն գինիների նկատմամբ, որոնք ինչ-որ պատմություն ունեն, որոնք նվիրվում են որևէ հստակ ուղերձով և հաշվի առնելով մարդու համային նախասիրությունները։

Օրինակ, եթե դուք ուղևորությունից ինչ-որ մեկին բերել եք ոչ թե մագնիս, այլ մի շիշ գինի, ապա այդպիսով նրա հետ կիսվում եք այն օրերի հաճելի հիշողություններով, որոնք անցկացրել եք այդ խմիչքով բաժակը ձեռքում, այն երկրում, որտեղ գինին արտադրվել է։
Որքա՞ն պետք է արժենա գինին, որպեսզի ամոթ չլինի այն նվիրել
Պարտադիր չէ, որ գինին թանկ լինի. այն կարող է միջին գին ունենալ, սակայն լինի ճիշտ ընտրված`հաշվի առնելով կոնկրետ մարդու նախասիրությունները։ Ընդհանրապես, գինու համար կարևոր է գին-որակ հարաբերակցությունը։ Օրինակ, երբ պրոֆեսիոնալը գինի է ընտրում, նա կարող է գտնել լավ գինի նույնիսկ ցածր գնային սեգմենտում (հայկական շուկայի համար որակյալ գինու համար ցածր գինը 2500-ից 4000 դրամն է)։ Բացի այդ, թանկ գինիները կարող են որակով չհամապատասխանել իրենց գնին։ Միշտ պետք է հիշել, որ գինու արժեքը ոչինչ չի ասում դրա որակի մասին։
Ի՞նչ սկզբունքներ է պետք հաշվի առնել ոչ մտերիմ մարդու համար գինի ընտրելիս
Ոչ մտերիմ մարդու համար գինի ընտրելը բավականին բարդ է։ Նման դեպքում կարող է լինել երկու տարբերակ` ընտրել արդեն փորձված գինի`վստահ լինելով, որ այն լավն կամ գնել ունիվերսալ գինի, որն այդքան էլ «զգայուն» չէ նախասիրությունների նկատմամբ։
Օրինակ հայերը նախընտրում են կարմիր գինի։ Եթե խոսքը եվրոպացիների մասին է, ապա նրանք նախընտրում են թեթև գինիներ` ալկոհոլի քիչ պարունակությամբ և ոչ այնքան թունդ, օրինակ` թեթև սպիտակ կամ վարդագույն գինի։ ԱՊՀ երկրներում հիմնականում նախընտրում են կարմիր կիսաչոր կամ կիսաքաղցր գինիներ։ Եթե մենք, օրինակ, ուզում ենք Ռուսաստանում բնակվող ինչ–որ մեկին նվիրել հայկական գինի, ապա կարելի է ընտրել կարմիր մարմնեղ գինի` ալկոհոլի բարձր պարունակությամբ։

Կա՞ն գինիներ, որոնք կարելի է նվիրել սիրելիին
Այդպիսի տարբերակներ չկան։ Ամեն դեպքում, լավ գինին այն է, որը մեզ դուր է գալիս։ Ոչ էքստրաօրդինար գինիները կարող են լինել ունիվերսալ։ Այսպես, համաշխարհային շուկայում կան գինու տեսակներ, որոնց համը կարելի է մոտավորապես պատկերացնել առանց համտեսելու, օրինակ` շարդոնե։ Հայկական տեսակներից ընտրելու դեպքում որպես ունիվերսալ գինի կարելի է նվիրել կանգուն և ոսկեհատ սպիտակ տեսակները, ինչպես նաև արենի ու հաղթանակ կարմիր տեսակները։
Ի՞նչ գինիներ խորհուրդ կտաք նվիրել
Եթե վստահ չեք, չարժե նվիրել մուսկատային տեսակի գինիներ, որոնց բույրն ու համը կարող է օծանելիք հիշեցնել։ Կարելի է ընդհանրացնել և նշել, որ չարժե նվիրել արոմատիկ գինիներ։ Սակայն պետք է նաև նշել, որ դրանք կարելի է նվիրել մարդկանց, ովքեր «գլուխ են հանում» գինուց և կգնահատեն օրիգինալ բույրը։
Ի՞նչ գինի նվիրել կնոջը, և ի՞նչ գինի` տղամարդուն
Կարծում եմ, որ չարժե բույրերն առանձնացնել գենդերային հատկանիշներով։ Սակայն եթե անտեսենք այս սկզբունքն ու ընդհանրացնենք, ապա, իհարկե, տղամարդկանց մեծ մասը նախընտրում է կարմիր, մարմնեղ գինի, կանայք` հիմնականում սպիտակ և վարդագույն գինիներ։
Հարմա՞ր է կնոջը նվիրել գինի
Եթե ուզում եք գինի նվիրել ընկերուհուն, որի հետ չունեք ռոմանտիկ հարաբերություններ, ապա դա շատ լավ նվեր է։ Եթե նման հարաբերությունների հույս կա ապագայում, ապա կարելի է նվիրել գինի, հետո միասին համտեսել։ Գինին զրույց սկսելու լավ միջոց է։

Տեղի՞ն է, արդյոք, գինի նվիրել ռոմանտիկ հանդիպմանը
Իմ սուբյեկտիվ գնահատմամբ՝ ոչ, բայց կարելի է միասին խմել: Օրինակ, ասել. «Այսօր քեզ համար անակնկալ ունեմ. բացառիկ գինի, որը չես գտնի Հայաստանում, և որը ես գտել ու բերել եմ հատուկ քեզ համար»: Արժե գինով անակնկալ մատուցել՝ ընդգծելով դրա բացառիկությունն ու համտեսելով այն՝ պարզապես շիշը նվիրելու փոխարեն:
Ինչպիսի՞ գինի կարելի է նվիրել տպավորություն գործելու համար
Եթե ցանկանում ենք գինու գիտակի տպավորություն թողնել, ապա կարելի է նվիրել շատո մարգո կամ բարոն Ռոտշիլդ: Կարելի է նաև դիմել գինիների խանութի խորհրդատուին, ով կօգնի ընտրության հարցում՝ ելնելով ձեր բյուջեից, առիթից և այլն: Այստեղ նույնպես կարևոր է հիշել, որ գինու արժեքը ոչինչ չի ասում դրա որակի մասին:
Ինչի՞ն ուշադրություն դարձնել գինու պիտակի վրա
Գինին այն ապրանքներից է, որը պիտանելիության ժամկետ չունի, ուստի իմաստ չունի փնտրել «պիտանի է մինչև» գրառումը: Կարելի է ուշադրություն դարձնել շշալցման ամսաթվին: Օրինակ, եթե պիտակի վրա գրված է, որ գինին պատրաստված է 2015թ.-ին, իսկ շշալցված՝ 2017թ.-ին, ապա դա նշանակում է, որ գինին 2 տարի հնեցվել է: Սա կարող է լինել չափանիշ՝ ճիշտ ընտրության համար: Եթե արտասահմանյան գինի ենք ընտրում, ապա գոյություն ունի «ապելասիոն» հասկացությունը (պետական չափանիշ, որը որոշում է գինեգործական տարածքը և դրա համար պարտադիր խաղողի աճեցման պայմաններն ու գինու արտադրության մեթոդները), որին արժե ուշադրություն դարձնել և որը դեռևս Հայաստանում չի կիրառվում:
Դուք ինչի՞ն եք ուշադրություն դարձնում՝ նվերի համար գինի ընտրելիս
Առաջինը, թե ում եմ պատրաստվում այն նվիրել: Եթե մարդը հասկանում է գինիներից, ապա պետք է ընտրել ավելի լուրջ կամ օրիգինալ գինի, որն, իմ կարծիքով, նա չի համտեսել, չէ՞ որ այդպիսի մարդիկ միշտ ուզում են ինչ-որ նոր բան փորձել: Խանութում ուշադրություն եմ դարձնում այն փաստին, թե գինին որ տարածաշրջանից է: Եթե եվրոպական գինի եմ ուզում, նայում եմ ապելասիոնին, եթե հայկական, ապա կարող եմ առաջնորդվել սեփական փորձով:-0-