ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանից խոհարարների թիմը կմասնակցի Chef a la Russe խոհարարական առաջնությանը, որը կանցկացվի մարտի 18-20-ը «METRO EXPO 2020» հարթակում: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է Gastronomic Camp Armenia-ի հիմնադիր Աննա Մազմանյանը, ով դարձել է թիմի մենեջեր:
«Հայաստանի թիմը բաղկացած է 5 մարդուց: Առաջնությանը մասնակցելը խոհարարական վարպետության տարբեր ոլորտները ներկայացնող թիմերին հնարավորություն է ընձեռում ցուցադրել պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ, համաշխարհային մասշտաբի հյուրանոցա-ռեստորանային բիզնեսի պահանջներին համապատասխանելու տաղանդ և ցանկություն: Նախագահող ժյուրիի կազմում են HoReCa շուկայի փորձագետներ և առաջին կատեգորիայի խոհարարական արվեստի աստղեր՝ WACS-ի ներկայացուցիչներ («Ա» և «Բ» կատեգորիայի մրցավարներ) և Խոհարարների ազգային ասոցիացիան»,- գրել է Մազմանյանը:
Նրա խոսքով, խոհարարների թիմն անցել է երկար նախապատրաստություն, որի ընթացքում թիմին բազմակողմանի աջակցություն են ցուցաբերել ոլորտի տարբեր փորձագետներ:
Chef a la Russe-ը շեֆ խոհարարների շրջանում անցկացվող համառուսաստանյան բաց խոհարարական առաջնություն է, որը կազմակերպվում է 2014թ.-ից: Chef a la Russe առաջնության կազմակերպիչն է «Metro Cash & Carry» կազմակերպությունը Ռուսաստանի խոհարարների ազգային ասոցիացիայի հետ միասին՝ Շեֆ խոհարարների միության համաշխարհային ասոցիացիայի (WORLDCHEFS – WACS) հովանու ներքո: 2016թ.-ին ստացել է բաց առաջնության կարգավիճակ: Մրցույթի աշխարհագրությունն ընդլայնելու և այլ երկրների պրոֆեսիոնալներին գրավելու նպատակով կազմակերպիչները որոշել են փոխել առաջնության ձևաչափը: -0-