ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երբ մեզ հյուր են հրավիրում, ապա հաճախ գնում ենք տորթ։ «Դատարկ ձեռքով հո չե՞նք գնալու»,– մտածում ենք մենք։ Սակայն երբեմն ավելի լավ է դատարկաձեռն գնալ, քան սխալ ընտրված սարսափելի աղանդերով։ «Аргументы и факты»–ն պարզել է, թե հաճախ ինչ սխալներ ենք թույլ տալս արագ փչացող հրուշակեղեն ընտրելիս։
Գնում սխալ վայրից

Առաջին հերթին պետք չէ գնել հրուշակեղենն այնտեղից, որտեղ չկա սառնարան։ Ավելի լավ է տորթերն ու հրուշակեղենը գնել այն խանութներից, որտեղ նրանք միշտ գտնվում են սառնարաններում և սառեցնող ցուցափեղկերում։ Տորթն ամենաշուտ փչացող մթերքներից մեկն է։
Մրցավազք զեղչերի հետևից

18–20 ժամ անց փռերն ու թոնրատները շատ հաճախ հայտարարում են զեղչեր օրվա ընթացքում չվաճառված ապրանքների համար։ Կարելի է գնել հիանալի տորթ 20-30% զեղչով։ Շատ լավ կլինի, եթե նույն օրն առավոտյան թխած տորթը դուք գնեք այդ օրը երեկոյան կամ հաջորդ օրը։
Սակայն լինում է այնպես, որ զեղչ է հայտարարվում երեք օր առաջ թխված տորթի վրա։ Դժվար թե դուք ցանկանաք գնել նման տորթ։
Պիտանելիության ժամկետ

Տորթի կամ քաղցրավենիքի տուփի վրա պետք է նշված լինի պիտանելիության ժամկետը։ Կարևոր է ստուգել, որպեսզի այն չլրանա մի քանի ժամից։
Քիչ քանակի կոնսերվանտներով և բնական բաղադրիչներով պատրաստված հրուշակեղենը սովորաբար պահպանվում է առնվազն 72 ժամ։ Եթե կոնսերվանտները շատ են, ապա պիտանելիության ժամկետն ավելի երկար է։ Այստեղ, իհարկե, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե ինչ է նախընտրում` բնական մթե՞րք, թե՞ պիտանելիության երկար ժամկետ։ Կարևոր է չգնել թխվածք, որի պիտանելիության ժամկետն արդեն լրանում է։
Մի բան էլ, ընտրեք այնպիսի տուփեր, որոնց վրա պիտանելիության ժամկետը տպված է, այլ ոչ թե պիտակով է, որը կարելի է հեշտությամբ փոխարինել։
Ուժեղ բույր
Եթե տորթից շոկոլադի, վանիլի, ընկույզի կամ այլ գրավիչ մթերքի բույր է գալիս, ապա տորթի մեջ ամենայն հավանականությամբ ավելացրել են արհեստական բուրավետիչներ։ Իսկական շոկոլադը հաճելի բույր ունի, բայց այն շատ ուժեղ չէ։
Վառ գույն

Շատ վառ գույնը վկայում է այն մասին, որ արտադրողը մեծ քանակի ներկանյութ է օգտագործել։ Դա կարող է բացասաբար ազդել ալերգիկների վրա։
Կտորներ
Ավելի լավ է չգնել կտորներով տորթ։ Կտրատումը հավելյալ հնարավորություն է տալիս աղանդերի մեջ բակտերիաների ներթափանցմանը, որոնք սխալ պահպանման դեպքում կսկսեն բազմանալ։ Բացի այդ, եթե թխվածքը կտրատել են խանութում, դա նշանակում է, որ բացվել է նրա գործարանային փաթեթավորումը և նրա մեջ միկրոօրգանիզմներ են ներթափանցել։ Ավելի լավ է ռիսկի չդիմել։
Բաղադրություն
Իհարկե, յուրաքանչյուրն ընտրում է տորթն իր ճաշակով։ Ոմանք նախընտրում են բուսական յուղի հիման վրա, մարգարինով, տարբեր կոնսերվանտներով թխվածքներ։ Ոչ բոլորին են մտահոգում նման հավելումները։ Բայց պետք է հաշվի առնել, որ արհեստական բաղադրիչներով տորթեր ավելի լավ է չգնել, եթե թխվածքն ուտողների շրջանում կան ալերգիկներ, փոքր երեխաներ (ովքեր նույնպես հաճախ ալերգիկ են)։
Հավատալ մարկետինգային խոստումներին

«Ցածր կալորիականությամբ», «Պահքի համար», «Դիետիկ», «Առանց վնասակար յուղերի» և նման այլ գրառումները հաճախ գրավում են մարդկանց։ Հատկապես, թե դուք տորթը գնում եք մի կնոջ համար, ով հետևում է կազմվածքին։ Բայց ի՞նչ են նշանակում նման խոստումները։ Հաճախ դա նշանակում է, որ բաղադրության մեջ չի լինի 82% յուղայնությամբ բնական կարագ. սարսափելի է՝ 700-ից ավելի կկալ 100 գրամի մեջ։ Տորթի մեջ կլինեն բուսական յուղեր, որոնց կալորիականությունը մեծամասամբ 800 կկալ-ից ավել է։ Ուշադիր կարդացեք բաղադրությունը, այնտեղ շատ հետաքրքիր բաներ կան գրված։
Մոռանալ ալերգիայի մասին
Մենք միշտ չէ, որ գիտենք, որ ընկերներն ու նույնիսկ մտերիմ մարդիկ սննդային որևէ ալերգիա ունեն։ Այդ պատճառով հյուր գնալիս տորթ ընտրելու ժամանակ ավելի լավ է մտածել, որ ալերգիա կա։ Այնպես որ չենք գնում ընկույզով, կարմիր հատապտուղներով և ցիտրուսով տորթեր։ Այս մթերքները վտանգավոր են ալերգիկների համար։ Ավելի լավ կլինի խուսափել նաև կոկոսից։ Ոչ թե որովհետև նրանից ալերգիա կարող է լինել, այլ որովհետև շատ մարդիկ չեն սիրում կոկոսի հոտը։ Հնարավոր է՝ դուք նման մարդու տուն հյուր գնաք։
Մաստիկա

Այժմ շատ տարածված են յուրահատուկ ձևի կամ հետաքրքիր պատկերներով տորթերը։ Այն ինչ ասես կարող է իրենից ներկայացնել՝ ֆուտբոլի գնդակ, երաժշտական գործիք, ծառերով կենդանաբանական այգի։ Նման տորթը հաճախ շատ տպավորիչ տեսք ունի։ Բայց պետք է հաշվի առնել, որ այդ ողջ գեղեցկությունը պատրաստվում է մաստիկայից, որը պարզապես ներկած շաքար է։ Այն շատ քաղցր է և անհամ։ Տորթի ընդհանուր զանգվածի 30%-ը մաստիկան է։ Ափսոս է այն գումարը, որ ծախսում եք անպետք զարդարանքի վրա։–0–