ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Վերջին ժամանակներում նոր տիպի կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով մարդիկ ստիպված են երկար ժամանակ անցկացնել տանը։ Իսկ դա խոհարարական ունակությունները բարելավելու հիանալի առիթ է։
Այդ առիթով «Food&Wine» պորտալը մեկնարկում է «Խոհարարական դասընթացներ՝ առանց տնից դուրս գալու» նյութերի շարքը, որտեղ հրապարակվելու են թեթև և ախորժելի ուտեստների բաղադրատոմսեր, որոնք ոչ միայն հեշտ է պատրաստել տնային պայմաններում, այլև չեն վնասում կազմվածքին։
Բաղադրիչներ
- Եգիպտացորեն – բանկայի 1/2-ը
- Հազարի տերևներ – 70 գ
- Հավի փափկամիս – 250 գ
- Լոլիկ – 200 գ
- Ձիթապտուղ – բանկայի 1/2-ը
- Աղ՝ ըստ ճաշակի
- Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Սոուս
- Մեղր – 1 ճաշի գդալ
- Կորիզներով ֆրանսիական մանանեխ – 5 ճաշի գդալ
- Բուսայուղ – 5 ճաշի գդալ
- Սոյայի սոուս – 2 ճաշի գդալ
- Պրովանսյան համեմունքներ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հավի փափկամիսը դնել աղով համեմված եռացող ջրի մեջ, եռացնել, եփել 5 րոպե։ Վերցնել կրակից, միսն ամբողջությամբ հովացնել, կտրատել մանր խորանարդիկներով և համեմել պղպեղով (կարելի է նաև օգտագործել ջեռոցում կամ թավայում տապակած հավի միս)։
Հավի մսին ավելացնել եգիպտացորենը, կտրատած լոլիկը և ձիթապտուղը։ Լավ խառնել։ Լցնել խորը ափսեի մեջ, որի մեջ նախապես դրված են հազարի տերևները։
Խառնել սոուսի բոլոր բաղադրիչները և մատուցելուց առաջ լցնել աղցանի վրա։
Բարի ախորժակ։-0-