ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակվում է, բժիշկները բուժում են վարակվածներին և խորհուրդ տալիս մարդկանց ավելի քիչ դուրս գալ փողոց, որպեսզի ընդհատեն վարակի տարածման շղթան։ Տանը ժամանակավոր մեկուսացումը ձեր խոհարարական հմտությունները բարելավելու հիանալի առիթ է։
«Food&Wine» պորտալը շարունակում է «Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու» նյութերի շարքը, որտեղ հրապարակվելու են թեթև և ախորժելի ուտեստների բաղադրատոմսեր, որոնք ոչ միայն հեշտ է պատրաստել տնային պայմաններում, այլև չեն վնասում կազմվածքին։
Բաղադրիչներ․
Հավի փափկամիս – 2 հատ
Ձու - 2 հատ
Ալյուր - - 3-4 ճաշի գդալ
Պաքսիմատ - 1/2 բաժակ
Բյուրեղացված սխտոր
Կարրի – 2 պտղունց
Աղ
Աղացած սև պղպեղ
Կարմիր պղպեղ
Բուսայուղ
Պատրաստման եղանակը․
Հավի փափկամիսը լվանալ, բարակ, երկար կտորներ անել։ Յուրաքանչյուր կտորը ծածկել պոլիէթիլենային թաղանթով և ծեծել, մինչև այն դառնա համաչափ բարակ, ինչից հետո պատրաստի փափկամիսը համեմել աղով և պղպեղով։
Խորը ափսեի մեջ հարել ձվերը։ Մի ափսեի մեջ լցնել ալյուրը, մյուսի մեջ՝ կարրիի, կարմիր պղպեղի և սխտորի հետ խառնած պաքսիմատը։ Մսի կտորները երկու կողմից հատ-հատ թաթախել ալյուրի, հարած ձվի, հետո պաքսիմատի մեջ։
Շնիցելները յուղ քսած տաք թավայի մեջ տապակել, մինչև դրանք դառնան խրթխրթան։
Բարի ախորժակ։-0-