ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Չնայած բոլորս ինքնամեկուսացման մեջ ենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գարունն ու տաք եղանակն, ամեն դեպքում, բարձրացնում են տրամադրությունը և հույս ներշնչում։ Եկեք պատրաստեք համեղ պաղպաղակ և ուրախացնենք մեր մտերիմներին։
«Խոհարարական դասընթացներ` առանց տնից դուրս գալու» նյութերի շարքի շրջանակում առաջարկում ենք տանը պատրաստել բանանով, դարչնով և խտացրած կաթով իսկական պաղպաղակ։
Բաղադրիչներ
- Կաթ – 500 մլ
- Հասած բանան – 2 հատ
- Յուղոտ սերուցք – 250մլ
- Խտացրած կաթ – 1 բանկա (400 գրամ)
- Վանիլին – 1 ճաշի գդալ
- Ընկույզ (մաքրած) – մի բուռ
- Շաքարավազ – 2 ճաշի գդալ
- Աղացած դարչին – 1 թեյի գդալ
Պատրաստման եղանակը
Մաքրել բանանը, դնել թասիկի մեջ և ճզմել` վերածելով խյուսի։ Ավելացնել կաթ, յուղոտ սերուցք, խտացրած կաթ, վանիլ ու խառնել միքսերով` մինչև համասեռ զանգված ստանալը։
Պատրաստի զանգվածը դնել պաղպաղակ պատրաստելու սարքի մեջ և սառեցնել։ Եթե այդպիսի սարք չկա, ապա պետք է զանգվածը լցնել ամանի մեջ ու դնել սառցախցիկ`սառեցնելով 6 ժամ և խառնելով ժամը մեկ ։
Ընկույզի վրա ցանել շաքարավազ ու դարչին, խառնել և տապակել մինչև շաքարավազը հալի։
Պատրաստի պաղպաղակը դնել պաղպաղակի համար նախատեսված ամանների մեջ, վրան ցանել ընկույզ ու կարամել։ Բարի ախորժակ։