ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Առողջ սննդի կողմնակիցները համոզված են, որ օսլայի բարձր պարունակությամբ մթերքները նպաստում են ճարպերի (ճարպային ծալքերի) կուտակմանը և վտանգավոր են առողջության համար: Ներկայացնում ենք մթերքներ, որոնք, Harper's Bazzar ամսագրի գնահատմամբ, բացասաբար են ազդում օրգանիզմի վրա:
Ընդունված է համարել, որ բանջարեղենն օգնում է պահպանել սլացիկ կազմվածք և ընդհանուր առմամբ օգտակար է առողջության համար: Սակայն, ի տարբերություն համատարած կարծիքի, բանջարեղենի ոչ բոլոր տեսակներն են անվնաս իրանի համար: Այս շարքին է պատկանում օսլայի բարձր պարունակությամբ բանջարեղենը, որը մարսողության ժամանակ վերածվում է գլյուկոզայի և հանգեցնում ավելորդ քաշի: Օսլայի ամենաբարձր պարունակությամբ առանձնանում են արմատապտուղները և խոշոր հատիկեղենը, ինչպես նաև կարտոֆիլը: Օսլան կազմում է կարտոֆիլի ընդհանուր զանգվածի 25%-ը: Բացի կարտոֆիլից, այդ շարքին են պատկանում եգիպտացորենը, գազարը, բազուկը, դդմիկը, նեխուրի արմատը, դդումը, բողկը, գետնախնձոր:
Ինչո՞վ է վտանգավոր օսլա պարունակող բանջարեղենն օրգանիզմի համար

Օսլան պատկանում է վտանգավոր նյութերի շարքին, քանի որ զգալիորեն բարձրացնում է ինսուլինի քանակն արյան մեջ: Բարձր ինսուլինն իր հերթին նպաստում է ծանր հիվանդությունների զարգացմանը և հորմոնալ խանգարումներին: Օսլայի բարձր պարունակությամբ բանջարեղենը կարող է բացասաբար ազդել աղեստամոքսային տրակտի և մաշկի վրա: Իսկ պատճառն այն է, որ օրգանիզմում օսլան վերածվում է գլյուկոզայի, օրգանիզմը չի մարսում շաքարի այդքան մեծ քանակությունը և վերածում է այն ճարպային պաշարների, ինչն էլ ի վերջո հանգեցնում է ավելորդ քաշի:
Այնուամենայնիվ, չարժե հրաժարվել օսլա պարունակող մթերքներից, կարևոր է հիշել մի քանի կանոն նման բանջարեղեն օգտագործելուց առաջ: Կարևոր է օսլա պարունակող մթերքը համադրել մեծ քանակի կանաչ, քիչ օսլա պարունակող բանջարեղենի և կանաչեղենի հետ: Խորհուրդ է տրվում նաև չօգտագործել նման բանջարեղեն շաբաթական 2–3 անգամից ավել և հետևել, որպեսզի այն չանցնի կալորիաների օրական նորման։–0–