ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ինչո՞վ է օգտակար ձմերուկը, և ինչպե՞ս չսխալվել` այն ընտրելիս։ Food & Wine պորտալը հրապարակում է մի քանի խորհուրդ, ինչպես նաև ներկայացնում է հետաքրքիր փաստեր ձմերուկի մասին։
Վիտամինների աղբյուր
Ձմերուկը ավելի քան 90%–ով բաղկացած է ջրից և հիանալի հագեցնում է ծարավը ամռան տապին։ Միջուկում գրեթե չկան սպիտակուցներ և ճարպեր, սակայն շատ են ածխաջրերը, որոնք արագ մասնատվում են և էներգիա արտազատում։ Ձմերուկը հատկապես օգտակար է ֆիզիկապես ակտիվ մարդկանց համար։ Այն պարունակում է մարդու համար շատ կարևոր վիտամիններ` А, В, С և Е, ինչպես նաև հանքանյութեր` մագնիում, կալիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, նատրիում։
Սակայն չարժե անսահմանափակ քանակությամբ ձմերուկ ուտել։ Եթե չափից շատ ուտեք, ապա ձեր երիկամները կենթարկվեն հսկայական ծանրաբեռնվածության։ Միզուղիների հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում չափավոր օգտագործել ձմերուկ, հատկապես եթե երիկամներում կան քարեր։
Ինչպես ճիշտ ձմերուկ ընտրել

Ձմերուկի սեզոնը սկսվում է մոտավորապես հուլիսի կեսին և տևում է մինչև սեպտեմբերի վերջ։ Ձմերուկ ընտրելիս գիտակները խորհուրդ են տալիս տխկտխկացնել, ձայնը պետք է լինի ոչ խուլ, ոչ էլ շատ զրնգուն։ Չափազանց զրնգուն ձայնը վկայում է այն մասին, որ ձմերուկը հասած չէ, իսկ չափազանց խուլ ձայնը նշանակում է, որ ձմերուկը չափից շատ է հասել։ Պետք է անպայման ուշադրություն դարձնել ձմերուկի արտաքին տեսքին։ Լավ, հասած ձմերուկը պետք է լինի հարթ, ամբողջական ու փայլուն։ Ոմանք ձմերուկ գնելիս ուշադրություն են դարձնում պոչիկին` կարծելով, թե հասած ձմերուկի պոչը պետք է լինի չոր, բայց ոչ չափից շատ։ Ճիշտն ասած, դա 100%–անոց նշան չէ, այնպես որ պետք չէ կողմնորոշվել պոչիկի տեսքով։ Մի բան էլ, ձմերուկի կողքի բաց գույնի բիծը պետք է լինի դեղնավուն կամ նարնջագույն երանգի։ Կարևոր է նման ձմերուկի չափը. փոքրը կարող է լինել չհասած և անհամ, իսկ շատ մեծը` չափից շատ հասած և ջրալի։ Ավելի լավ է ընտրել միջին չափի ձմերուկ` 5–7 կգ քաշով։
Համեղ տոն
Վերջին տարիներին Երևանում ձմերուկի սեզոնի ամենաթեժ ամսին` օգոստոսին, կազմակերպվում է Ձմերուկի փառատոն։ Ամենամյա փառատոնն անցկացվում է Կարապի լճի մոտ, որտեղ կազմակերպվում է ֆուրշետ, ներկայացվում են թեմատիկ կոմպոզիցիաներ, անցկացվում են ուրախ մրցույթներ։ Փառատոնի հյուրերը մասնակցում են վարպետության դասերի և ձեռք են բերում ձմերուկի օրիգինալ մատուցման ու ձևավորման նոր հմտություններ։
Այս տարի, ցավոք, կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության կապակցությամբ Ձմերուկի փառատոնի անցկացումը հարցականի տակ է։
Միֆեր և բժշկական բաղադրատոմսեր
Ձմերուկի հայրենիքն Աֆրիկան է։ Դեռ Հին Եգիպտոսում մ.թ.ա. 20–րդ դարում ձմերուկը հաճախ դնում էին փարավոնների դամբարաններում` որպես սննդի աղբյուր հանդերձյալ կյանքում։ Ի դեպ, ձմերուկի սերմեր են գտնվել Թութանհամոնի դամբարանում։ Բացի այդ, ձմերուկը հաճախ պատկերել են դամբարանների պատերին։ Ձմերուկի մասին հիշատակություններ կան հին եգիպտական առասպելներում և բժշկական բաղադրատոմսերում։ Չինացիները դարեր շարունակ համարել են, որ ձմերուկն ունի հատուկ բուժական նշանակություն` նշելով, որ այն մաքրում է օրգանիզմը։
Ժամանակակից գիտնականներն ապացուցել են, որ ձմերուկի միջուկում կա ֆոլաթթու, որն ունի արյունաստեղծ հատկություն։ Ձմերուկի մեղրը շատ օգտակար է օնկոլոգիական հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Ձմերուկի հյութը լավ թարմացնում է դեմքի չոր մաշկը։ Այն նաև մաքրում է լյարդն ու երիկամները։
Զվարճալի և հետաքրքիր փաստեր

Իսկ դուք գիտեք, որ գոյություն ունի ձմերուկի ավելի քան 1200 տեսակ։ Ամենատարօրինակ սորտերի թվով առաջատարը Ճապոնիան է, որտեղ աճում են քառակուսի, բրգաձև ձմերուկներ, դեղին միջուկով ձմերուկ և փոքրիկ ձմերուկներ, որոնց տրամագիծը 10 սմ է։ Բացի այդ, կան նաև թզուկ ձմերուկներ` մոտ 3–5 սմ տրամագծով։ Նրանք երբեմն օգտագործվնում են աղցանների մեջ։–0–