ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Աշունը կամաց–կամաց գրավում է իր դիրքերը, իսկ դա նշանակում է, որ շուտով կսկսվի սուր շնչառական վարակների հերթական սեզոնը։ Նման պայմաններում, առավել ևս COVID-19–ի ֆոնին, հատկապես կարևոր է ամրապնդել իմունիտետը։
Դրա համար հարկավոր է ոչ միայն զբաղվել սպորտով և ունենալ բարձր տրամադրություն, այլև ընդունել բալանսավորված սնունդ` հատուկ ուշադրություն դարձնելով սեզոնային մրգերին և իմունիտետն ամրապնդող մթերքներին, որոնց թվում են կիտրոնը, բուլղարական պղպեղը, մեղրը, ինչպես նաև կոճապղպեղը։
Մի քանի ամիս առաջ, կորոնավիրուսային «հիսթերիայի» ժամանակ, Հայաստանի սուպերմարկետներում կոճապղպեղի գինը հավասարվեց ոսկու գնի`թանկանալով 5–6 անգամ։ Այդ մթերքի 1կգ–ն արժեր 30 դոլար։ Իհարկե, մի քանի շաբաթ անց խուճապը հանդարտվեց, և կոճապղպեղի գինը վերադարձավ իր նորմալ ցուցանիշին` մոտ 6 դոլար։
Կոճապղպեղի արմատը, որն ունի բուժիչ հատկություններ, վաղուց հայտնի է ոչ միայն Արևելքում, այլև Արևմուտքի երկրներում։ Թարմ արմատը հիմնականում ավելացնում են թխվածքների մեջ, քերիչով մանրացված կոճապղպեղի արմատը շատ հարմար է թուրմերի և թեյի հետ։
Հիշեցնենք, որ աղեստամոքսային տրակտի խնդիրներ, ինչպես նաև բարձր ջերմություն ունեցող մարդիկ պետք է առավելագույնս զգույշ լինեն կոճապղպեղ օգտագործելիս։
Ներկայացնում ենք կոճապղպեղով և անանուխով համեղ լիմոնադի բաղադրատոմս։
Բաղադրիչներ
Կոճապղպեղի արմատ – 40 գրամ (երկարությունը` մոտ 4–5սմ)
Կիտրոն – 1 հատ
Անանուխ – 1 փունջ
Մեղր կամ շաքարավազ – 1 ճաշի գդալ
Խմելու ջուր – 1 լիտր
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացնել, մի փոքր սառեցնել և լցնել գրաֆինի մեջ։ Ավելացնել մանր կտրատած կամ քերած կոճապղպեղը, բարակ կտրատած կիտրոնը կամ քամած հյութը, անանուխի տերևները։ Վերջում ավելացնել մեղրը կամ շաքարավազը ու խառնել։ Փակել կափարիչով և թրմել 5–6 ժամ։ Վայելեք...