ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Երևանում մոտ մեկ ամիս առաջ կայացել է հայկական գինիների կույր համտես-մրցույթ, որը կազմակերպել էր Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հետ համատեղ։

Համտես-մրցույթն անցկացվել էր դեկտեմբերի 17–ին, որի նպատակն է մշակել հայկական գինիների որակի ստուգման մեխանիզմներ, որոնց գործարկումը հնարավորություն կտա սահմանել որակական նոր չափանիշներ հայկական արտադրության բարձրորակ գինիների համար։

Անկախ փորձագետների դատին ներկայացվեցին 34 հայկական գինեգործական ընկերություններ, որոնք ներկայացրել են իրենց գինու 134 տեսակներ, ներկայացվել են նաև գինիներ Արցախից:

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը Food&Wine պորտալին հայտնեց, որ նման միջոցառում Հայաստանում անցկացվում է առաջին անգամ. ստեղծվում է «Հայաստանի գինիներ» ապրանքանիշ, որի ներքո կներկայացվեն լավագույն տեղական գինիները։

«Գինիները կգնահատեն արտադրողները կույր համտեսի միջոցով: Լավագույն գինիները կարժանանա «Հայկական գինիներ» մակնշմանը: Նպատակն է հայկական գինիները դարձնել մրցունակ, բարձրացնել վարկանիշը` միջազգային հարթակում մեր գինիների լավագույն ներկայացման համար»,- ասաց նա։
Մուրադյանն ասաց, որ այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում տեղական գինիների միջոցով Հայաստանը արտերկրում ներկայացնելու ուղղությամբ: Նրա խոսքով, քանի որ խաղողի այգիների քանակով և տարածքով Հայաստանը զիջում է գինեգործական շատ երկրներին, գինեգործության ոլորտում հաջողակ և արդյունավետ լինելու համար անհրաժեշտ է Հայաստանը ներկայացնել բացառապես բարձրորակ գինիներով:

Նա նշեց, որ այս համտես-մրցույթը թույլ կտա բացահայտել լավագույն գինիները, որոնցով Հայաստանը կներկայանա աշխարհին։
Գինու կույր համտես-մրցույթի կազմակերպման շրջանակում իրականացվում է նաև «Հայաստանի գինիներ» ասոցիացիայի հիմնադրման գործընթացը, որը որպես կառույց հետագայում պատասխանատու կլինի գինու համտես-մրցույթների կազմակերպման և իրականացման համար:

Ասոցիացիայի անդամ կարող են հանդիսանալ բոլոր գինեգործական ընկերությունները, որոնք կմասնակցեն Ասոցիացիայի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումներին, սակայն «Հայաստանի գինիներ» մակնշմանը կարժանանան միայն գինու կույր համտես-մրցույթի արդյունքում որակի անհրաժեշտ շեմն ապահոված գինիները։-0-