ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Zero waste–ը շարժում է, որի հիմնական նպատակն է նվազագույնի հասցնել թափոնները։ Zero waste–ի դեպքում պետք է հրաժարվել գերսպառումից, իրերի կրկնակի օգտագործումից և աղբի վերամշակումից։ Շարժումն օգնում է զսպել աղբավայրերի ընդլայնումը, կրճատել ռեսուրսների օգտագործումն ու նվազեցնել անպետք իրերի քանակը սեփական տանը։
Zero waste–ի փիլիսոփայության հիմքում հինգ սկզբունք է (5R)` Refuse (հրաժարվիր), Reduce (կրճատիր), Reuse (կրկնակի օգտագործիր), Recycle (վերամշակիր), Rot (կոմպոստավորիր):
Zero waste շարժմանը հետևում են ոչ միայն անհատներ, այլև ընկերություններ, այդ թվում` ռեստորաններ։ Եվ եթե մի ողջ ռեստորան կարող է նվազեցնել թափոնները, ապա տան խոհանոցում դա շատ հեշտ կլինի անել։
Zero waste–ին հետևելու գլխավոր գործոնը հոգեբանական է, մի շարք կանոններին հետևելու գիտակցված մոտեցումը, որոնք ժամանակի ընթացքում դառնում են սովորական։ Մոսկվայում գործող հյուսիսային խոհանոցի Björn ռետորանի շեֆ խոհարար Նիկիտա Պոդերյագինը Gastro Camp Armenia–ի շրջանակում կազմակերպված դասախոսության ընթացքում խոսել է երեք առանցքային խորհուրդների մասին, որոնք կօգնեն հետևել zero waste–ի հայեցակարգին տան խոհանոցում։ Ի դեպ, Björn–ը Ռուսաստանում գործող առաջին zero waste ռեստորանն է։
Կարգի բերեք գնումները

«Առաջինը պետք է կարգավորել գնումները։ Դա ամենակարևորն է։ Գնեք մեկ շաբաթվա, երեք օրվա, մեկ օրվա համար, և այդ ամենն օգտագործեք։ Եթե հասկանում եք, որ իմաստ չունի մի ամբողջ գլուխ կաղամբ գնել, քանի որ դուք այն երբեք չեք օգտագործի, ուրեմն մի գնեք կամ ընտրեք ամենափոքրը», – նշում է Նիկիտան։
Տեսակավորեք աղբը

«Ամեն ինչ շատ պարզ է։ Եթե դուք, օրինակ, վերցրել եք կաթի տուփը, օգտագործել եք կաթը, իսկ տուփը ճմռթել եք ու դեն նետել, ապա տուփի պատերին մնացած կաթը բարենպաստ պայմաններ է ստեղծում միկրոօրգանիզմների բազմացման համար։ Նրանք սկսում են բազմանալ, դրանց թվում են նաև պաթոգեն միկրոօրգանիզմներ։ Այս ամենն ազդում է հողի միկրոֆլորայի, անուղղակիորեն` աղտոտվածության վրա։ Աղբավայրերը սարսափելի են ոչ թե այն պատճառով, որ այնտեղ շատ աղբ կա, այլ այն պատճառով, որ այնտեղ օրգանիկ աղբը խառնված է մնացածի հետ», – նշում է Պոդերյագինը։
Շեֆ խոհարարի խոսքով, Հայաստանում կան բակեր, կոմպոստային հորեր, որտեղ հնարավոր է վերամշակել օրգանիկ թափոնները։ Պետք չէ միևնույն տեղը նետել օրգանիկ և ոչ օրգանիկ աղբը։
«Եթե անգամ չկան ծառայություններ (աղբի վերամշակման), մաքուր փաթեթի դեն նետելը շատ բան կտա։ Պլաստիկը կմնա մի քանի հարյուրամյակ, հասկանալի է, որ այն կկեղտոտվի, բայց այնտեղ չի լինի օրգանիկ նյութ, որը կարող է շատ ավելի մեծ վնաս հասցնել։ Քանի դեռ չկան ծառայություններ, բարդ չէ լվանալ փաթեթները», – ասաց նա։
Վերանայեք պահման պայմանները

Մեծ քանակի մթերքները կարելի է սառեցնել և հետագայում օգտագործել։ Նույն օրը չօգտագործվող մթերքը կարելի է պահել երկար, դրանք չեն փչանա։
«Օրինակ կարելի է ամռանը գնել մեծ քանակի միրգ և բանջարեղեն, որոնք դուք չեք կարող միանգամից վերամշակել։ Ավելին, դա ընտանեկան բյուջեի որոշակի տնտեսում է։ Գնել ծիրանն ամռանն ու սառեցնել կամ գնել ջերմոցային, հարավաֆրիկյան մթերքը ձմռանը ամբողջովին տարբեր երևույթներ են և ընդհանրապես տարբեր գին ու որակ», – նշում է Նիկիտան։ Պոդերյագինի խոսքով, պահել կարելի է տարբեր ձև` սառեցնել, չորացնել և այլն։–0–