Առջևում ձմեռ է, իսկ դա նշանակում է, որ պետք է ավելի շատ տաք ուտեստներ պատրաստել:
Հայկական խոհանոցում կարևոր տեղ են զբաղեցնում տաք ուտեստները, որոնք ավանդաբար պատրաստում են ձմռանը: Դրանք հագեցնող են և համեղ:
Ներկայացնում ենք հայկական ամենահամեղ 4 տաք ուտեստները:
Թաթար բորակի

Թաթար բորակին հայկական խոհանոցի ամենահամեղ ու մատչելի ուտեստներից է:
Անհրաժեշտ բաղադրիչներ
- ձու -1 հատ
- ջուր -1-2 բաժակ
- ալյուր –մոտ 1.5 բաժակ
- աղ -ըստ ճաշակի
- սոխ -1 գլուխ
- սխտոր - 1 պճեղ
- թթվասեր (կամ մածուն) -100 գրամ
- բուսայուղ (կամ կարագ) -1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Փոքր ամանի մեջ խառնել ձուն, աղը և ջուրը: Հարել մինչև միասեռ դառնա: Ավելացնել մաղած ալյուրը ու պինդ խմոր հունցել: Թողնել, որ խմորը 30 րոպե հանգստանա:
Մաքրել, կտրատել ու տապակել սոխը մինչև դարչնագույն երանգ ստանա: Կատարյալ տարբերակ է սոխը կարագով տապակելը: Բայց կարող եք նաև բուսայուղ օգտագործել:
Խմորը բարակ շերտով գրտնակել: Այդ ընթացքում կաթսայով ջուր եռացնել ու աղ ավելացնել:
Բարակ շերտով գրտնակած խմորը կտրատել քառակուսի կամ ինչպես ցանկանում եք: Լցնել խմորն արդեն լավ եռացող աղաջրի մեջ և եփել մոտ 4-5 րոպե:
Պատրաստի խմորը գդալով զգուշորեն հանել և դնել մատուցման ափսեի մեջ: Վերջում վրան լցնել սոխառածը:
Կարող եք նաև, ըստ ձեր նախասիրության, սխտոր ու սոխ չավելացնել թաթար բորակիի վրա, այլ ավելացնել միայն յուղ, կարագ, թթվասեր կամ մածուն:
Թթվասերին կամ մածունին կարելի է ավելացնել նաև ճզմած սխտոր:
Սպաս

Սպասը հայկական խոհանոցի ամենահամեղ ապուրներից մեկն է։ Այն պատրաստում են ձավարով։ Սովորաբար մատուցում են տաք վիճակում, սակայն շատերը գերադասում են նաև սառը։ Ի դեպ, սպասը բավականին ցածր կալորիականություն ունի։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- մածուն – 500 գրամ
- թթվասեր – 3-4 ճաշի գդալ
- ձավար –1-2 բաժակ
- ալյուր – 3 ճաշի գդալ
- աղ – ըստ ճաշակի
- մաղադանոս – մի փունջ
Պատրաստման եղանակը
Նախապես խաշած և ջրքամած ձավարը լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել մեկ գդալ ալյուր ու խառնել, ապա ըստ տարայի տարողության լցնել ջուր և աղ ավելացնել։
Մածունը խառնելով լցնել զանգվածի վրա: Այնուհետև ավելացնել 3-4 ճաշի գդալ թթվասեր։ Եփելու ընթացքում ապուրը պետք է անընդհատ խառնել, որպեսզի գույնը չմգանա: Վերջում ավելացնել մի փունջ կտրատած մաղադանոս։
Հարիսա

Հարիսան հայկական ազգային խոհանոցի ուտեստներից է, որը պատրաստում են ձավարից և հավից՝ ցածր կրակի վրա։
Հարիսան սովորաբար եփում են ամբողջ գիշեր: Առավոտյան ուտեստը պետք է խառնել այնքան մինչև համասեռ զանգված ստացվի: Դրանից հետո յուրաքանչյուրն, ըստ իր ճաշակի, ավելացնում է կարագ ու պղպեղ:
Անհրաժեշտ բաղադրիչներ
- ձավար – 500 գրամ
- հավ – 600 գրամ
- կարագ – 75 գրամ
- ջուր – 2 լիտր
- աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ձավարը մի քանի ժամ թրջել սառը ջրում: Հավի միսը կտրատել, դնել կաթսայի մեջ, վրան լցնել ձավարը, ավելացնել այնքան ջուր, որ ծածկի կաթսայի պարունակությունը:
Եփել մարմանդ կրակի վրա: Երբ թանձրանա, սկսել խառնել փայտե գդալով: Եփել այնքան, որ դառնա ծորուն, միատարր շիլա: Պարբերաբար խառնել, որ չկպչի: Ընթացքում հավի առանձնացած ոսկորները հանել:
Մատուցելիս ավելացնել աղ և մի կտոր կարագ:
Տժվժիկ

Տժվժիկը հայկական խոհանոցի համեղ, առողջ և հագեցնող ուտեստներից է: Այն պատրաստում են շոգեխաշած մթերքներով՝ հավի, տավարի կամ խոզի լյարդ, սիրտ և փորոտիք:
Տժվժիկը սովորաբար պատրաստում են սնկով, կանաչեղենով, բուլղարական պղպեղով և լոլիկով: Այնուամենայնիվ, դասական բաղադրատոմսում օգտագործում են միայն լոլիկ կամ տոմատի մածուկ:
Անհրաժեշտ բաղադրիչներ
- հավի, տավարի կամ խոզի սիրտ – 120 գրամ
- հավի, տավարի կամ խոզի լյարդ – 140 գրամ
- հավի, տավարի կամ խոզի թոք – 120 գրամ
- հավի, տավարի կամ խոզի երիկամ –100 գրամ
- յուղ-50 գրամ
- սոխ-1 հատ
- տոմատի մածուկ – 3 ճաշի գդալ
- աղ, պղպեղ – ըստ ճաշակի
- մաղադանոս-0.5 փունջ
Պատրաստման եղանակը
Սկզբում բոլոր ենթամթերքները մանրակրկիտ լվանալ, հեռացնել ավելորդ ճարպը և թաղանթները:
Հավի, տավարի կամ խոզի սիրտը, թոքը, երիկամն ու լյարդը նախ պետք է եփել 30 րոպե:
Ջուրը քամել, թողնել, որ մթերքը փոքր-ինչ սառչի և կտրատել մանր կտորներով:
Մաքրել սոխը և կտրել խորանարդներով: Տապակի մեջ լցնել բուսայուղ, լավ տաքացնել: Սոխը մի փոքր տապակել, ապա լցնել կտրատած ենթամթերքը: Միասին տապակել միջին կրակի վրա մոտ 2-3 րոպե:
Դրանից հետո մի փոքր ջուր լցնել, խառնել, ծածկել տապակը կափարիչով և 15 րոպե մարմանդ կրակի վրա եփել, որպեսզի մսային սոուսը մի փոքր թանձրանա:
Կարելի է մատուցել որպես առանձին ուտեստ կամ գարնիրի հետ միասին՝ կարտոֆիլի պյուրեով, բրնձի, հնդկաձավարի շիլայով:
Բարի ախորժակ...