Նիհարեցնող թեյերն այսօր հայտնի են ամբողջ աշխարհում: Այս թեմայի շուրջ կան շատ քննարկումներ և հակասություններ:
Կա կարծիք, որ թեյն օգտագործելով`կարող ես արագորեն նվազեցնել ավելորդ քաշը։
Ոմանք պնդում են, որ դրանք վնաս են օրգանիզմին, մյուսները կարծում են, որ օգնում են պայքարել ավելորդ քաշի դեմ, իսկ ոմանք էլ ուշադրություն չեն դարձնում ՝ դրանք համարելով անօգուտ:
Այս թեյերը պարունակում են վիտամիններ, հանքանյութեր, ամինաթթուներ և ֆերմենտներ, որոնք դասակարգվում են որպես սննդամթերք, այլ ոչ թե դեղամիջոց:

Իսկ ի՞նչ կարծիք ունեն փորձագետները
ՀՀ ԳԱԱ «Էկոկենտրոն» սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման թեյերը կենսաբանական ակտիվ հավելումներ են, որոնք ակտիվորեն կիրառվում են մարմնի զանգվածի իջեցման նպատակով:
«Այդ թեյերի հիմնական ֆունկցիան աղեստամոքսային տրակտի վրա ազդեցությունն է, դրանք իրենցից ներկայացնում են բուսական ծագման, ժամանակակից տերմիններով ասած, ֆիտոթեյեր, որոնք նպաստում են օրգանիզմում ճարպի այրմանը և այդպիսով հանգեցնում են քաշի կորստի»,-ասաց նա:
Պիպոյանի խոսքով՝ մի շատ կարևոր խնդիր կա, ընդհանրապես քաշի նվազեցումն իրականացվում է տարբեր եղանակներով:
«Լինելով սննդագետ՝ պետք է ասեմ, որ դրանցից մեկը՝ սննդակարգի կարգավորումն է, մյուսն էլ կենսաբանական ակտիվ հավելումների կիրառումն է, որը ժամանակակից աշխարհում շատ տարածված է։ Այս առումով պետք է շեշտեմ, որ մարդիկ բնականաբար փորձում են օգտագործել ավելի հեշտ եղանակը և կարծում են, որ նմանատիպ միջոցները պետք է հրաշքներ գործեն, բայց մի փոքր ֆիզոլոգիայի և սննդագիտության իմացությունը նրանց թույլ կտա ծանոթանալ, թե ինչ բաղադրիչներ են պարունակում նմանատիպ հավելումները», –ասաց փորձագետը:
Նրա խոսքով՝ շատերին թվում է, թե նմանատիպ կենսաբանական ակտիվ հավելումներն ընդամենը խոտաբույսեր են: Մինչդեռ, իրականում, չեն կարդում մակնշումները, և չեն տեսնում, որ բացի բուսական ակտիվ բաղադրիչներից, որպես կանոն, նմանատիպ կենսաբական ակտիվ հավելումները պարունակում են նաև այլ բաղադրիչներ, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել մարդկանց առողջության վրա:
«Ընդհանրապես ամբողջ աշխարհում կան համապատասխան մասնագետներ, որոնք նշանակում են նմանատիպ միջոցներ, և նմանատիպ միջոցների ամենակարևոր խնդիրը դոզավորումն է։ Հաճախ երբ կա օրինակ կենսաբանական ակտիվ հավելում և դեղամիջոց, մարդկանց գուցե դեղամիջոց կամ դեղ բառը ավելի վախեցնող լինի, բայց նույն ազդեցությունը թողնող դեղերը շատ ավելի լուրջ կլինիկական հետազոտություններ են անցնում, շատ ավելի երկար փորձարկումներ են անցնում մինչև գրանցումը և սովորաբար նաև պարունակում են հստակ դոզավորումներ: Իսկ կենսաբանական ակտիվ հավելումներին մարդիկ չեն վերաբերվում որպես դեղ, և հաճախ ոչ էլ կարդում են, և իրենք են որոշում իրենց դոզավորումը՝ առանց համապատասխան մասնագետի հետ խոսելու»,-նշեց փորձագետը:
Դիետոլոգ-էնդոկրինոլոգ Անուշիկ Միրզոյանն իր հերթին նշեց, որ առհասարակ չկան նիհարեցնող մթերքներ կամ թեյեր։ Նման միջոցներն անիմաստ և անարդյունավետ են։
«Քաշի կորստի համար պետք է ունենալ կալորիաների դեֆիցիտ։ Այսինքն պետք է ստանալ ավելի քիչ կալորիա, քան ծախսում ենք»,-ասաց նա։
Միրզոյանն ընդգծեց, որ նման թեյերը չեն կարող ունենալ նիհարեցնող հատկություն:
«Պետք է զգույշ լինել նմանատիպ թեյեր օգտագործելիս։ Հիմնականում լինում է այնպես, որ մի քանի կիլոգրամից արագ ազատվում ես, սակայն չօգտագործելու դեպքում կրկին գիրանում ես: Քաշը պահելն ավելի դժվար է, քան քաշ կորցնելը», ասաց դիետոլոգը։ Մասնագետի պնդմամբ՝ մարդկանց մեծ մասը կարծում է, որ «նիհարեցնող» թեյերն անվնաս են, քանի որ բուսական են և հաճախ օգտագործում են մեծ քանակությամբ, ինչն էլ հանգեցնում է առողջական խնդիրների։