Food&Wine-ը շարունակում է ներկայացնել բանջարեղենի կամ մրգի տեսակներ` անդրադառնալով դրանց կալորիականությանը, օգտակար և վնասակար հատկություններին, հակացուցումներին։
Այսօր որոշել ենք պատմել թուրինջի մասին ամենահետաքրքիրն ու օգտակարը, թե որն է այս ցիտրուսային մրգի օգուտն ու վնասը, և օրական որքան կարելի է ուտել:
Թուրինջի մասին

Թուրինջը ցիտրուս է, որն աճում է մերձարևադարձային գոտում մշտադալար ծառի վրա: Պտուղը նման է նարնջին, բայց ավելի խոշոր է ու կարմրավուն։ Այն նաև անվանում են «խաղողի միրգ», քանի որ պտուղներն աճում են ողկույզներով։
Համարվում է, որ թուրինջը հայտնվել է Հնդկաստանում՝ որպես պոմելոյի և նարնջի հիբրիդ: 20-րդ դարում այս միրգը զբաղեցրել է առաջատար դիրքերից մեկը համաշխարհային շուկայում։ Արտահանման համար թուրինջ աճեցնող երկրները փետրվարի 2–ին նշում են բերքի տոնը։
Կալորիականություն
- 100 գրամ թուրինջում - 32 կկալ
- Ածխաջրեր – 6.5 գրամ
- Սպիտակուցներ - 0,7 գրամ
- Ճարպեր - 0,2 գրամ
Օգտակար հատկություններ

Թուրինջը վիտամիններով հարուստ միրգ է: Այն հարուստ է վիտամին A–ով, C–ով, D–ով, РР–ով, B խմբի վիտամիններով, ինչպես նաև հանքանյութերով` կալիում, մագնեզիում, կալցիում, ֆոսֆոր և այլն: Պտղի միջուկը հարուստ է բջջանյութով, իսկ կեղևը`եթերայուղերով:
Թուրինջն օգնում է նվազեցնել քաշը: Այն օգտակար է շաքարային դիաբետով տառապող մարդկանց համար, բարձր ճնշման և աթերոսկլերոզի դեպքում:
Թուրինջը պարունակում է վիտամին C-ի օրական չափաբաժնի մոտ 78%-ը: Այն ամրապնդում է իմունային համակարգը և օգնում է պայքարել վնասակար բակտերիաների և վիրուսների դեմ: Թուրինջը նաև օգնում է ազատվել գլխացավերից և բարելավում է քնի որակը:
Վնասակար հատկություններ

Թուրինջն ու դրա հյութը չի կարելի օգտագործել որոշ դեղամիջոցների հետ միասին։ Հետևաբար, եթե որևէ դեղամիջոց եք ընդունում, ավելի լավ է թուրինջ ուտելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ:
Այս մրգի հաճախակի օգտագործումից առաջին հերթին տուժում է լյարդը, որը կդանդաղեցնի օրգանիզմից վնասակար նյութերի դուրսբերումը, կվատացնի ատամների էմալի վիճակը, կգրգռվի բերանի լորձաթաղանթը, կարող են նաև առաջանալ աղեստամոքսային տրակտի խնդիրներ:
Եվ այս ամենը պայմանավորված է նրանով, որ թուրինջը շատ թթուներ է պարունակում։
Շաբաթվա ընթացքում խորհուրդ է տրվում ուտել 7 միջին չափի թուրինջ, բայց որոշ մասնագետների կարծիքով` շաբաթական չի կարելի ուտել 2–3 հատից ավել։
Հակացուցումներ
Ինչպես ցանկացած ցիտրուս, թուրինջը բոլորից ավելի հաճախ առաջացնում է ալերգիկ ռեակցիաներ, ուստի այն հակացուցված է մինչև 3 տարեկան երեխաներին։ Բարձր տարիքի երեխաներին թուրինջըշ պետք է տալ աստիճանաբար։
Մրգի չափից ավելի օգտագործումը կարող է սրել ստամոքսի և աղիների հիվանդությունները։ Թուրինջը հակացուցված է ստամոքսահյութի բարձր թթվայնության, հեպատիտի և նեֆրիտի դեպքում:
Եվ վերջում նշենք, որ խորհուրդ չի տրվում թուրինջը համադրել հետևյալ մթերքների հետ՝ սունկ, թարմ կաթ, սպիտակ բրինձ, հացաբուլկեղեն: Այս մթերքները թուրինջի հետ միասին այնքան էլ լավ չեն յուրացվում, ինչը կարող է հանգեցնել ստամոքսի աշխատանքի խանգարման:–0–