Ուտեստի մասին
Կորեական կոմչին պատրաստվում է չինական թթու կաղամբից, որը պետք է համեմված լինի կծու համեմունքներով։ Կորեայում կիմչին համարվում է հիմնական ուտեստ, այն պատրաստում են գրեթե բոլոր ճաշկերույթների ժամանակ։ Կորեացիները կարծում են, որ կիմչիի չափավոր օգտագործումը նպաստում է ճարպի այրմանը, այսինքն նրանց կարծիքով` կիմչին դիետիկ ճաշատեսակ է։
Ճաշատեսակի անվանումն առաջացել է չինական «չիմչխի» բառից, որը թարգմանվում է որպես թրջած կամ աղի բանջարեղեն։ Հիմնական բաղադրիչն այստեղ կաղամբն է, սակայն այսօր կորեական հայտնի այս ուտեստը պատրաստում են նաև շաղգամով, վարունգով, սմբուկով, դդումով, սոխով և բանջարեղենի այլ տեսակներով:
Կիմչին ունի պատրաստման ավելի քան 100 եղանակ: Սակայն պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները հայկական շուկայում ևս հասանելի են: Ուստի, եթե դուք կորեական խոհանոցի սիրահար եք, անպայման պատրաստեք և հյուրասիրեք ընտանիքի անդամներին:

Անհրաժեշտ
բղադրիչներ
- չինական կաղամբ - 2 մեծ գլուխ կաղամբ (յուրաքանչյուրը՝ 2 կիլոգրամ)
- աղ - 1 բաժակ
- ջուր - 2 լիտր
- կծու պղպեղի և սխտորի խառնուրդ (ըստ ճաշակի)
Պատրաստման եղանակը
Կաղամբի վրայի տերևները մաքրել: Կտրել երկայնքով՝ 4 մասի։ Կաղամբը դնել խորը ամանի մեջ, համեմել աղով և ջուր ավելացնել։ Ծածկել և թողնել 2 օր։ Եթե այն տաք տեղ դնեք, ապա մեկ օրն էլ բավական կլինի։
Երբ կաղամբի աղը ներծծվի, այն պետք է լավ լվանալ հոսող ջրի տակ։ Կաղամբի յուրաքանչյուր շերտին պետք է քսել կծու պղպեղի և սխտորի խառնուրդը, մեկ օր թողնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում (հյութը պետք է դուրս գա), հետո երեք օրով դնել սառնարանը։
Կիմչին ուտելուց առաջ կտրատել կտորների։
Եթե դուք կիմչին չափից շատ աղ եք արել, ապա կարելի է մի քանի ժամով մի փոքր եփած բրինձ ավելացնել կիմչիի տարայի մեջ՝ մինչև աղը ներծծվի բրնձի մեջ: Կարևոր է երկար չթողնել, հակառակ դեպքում ամբողջ աղը կներծծվի բրնձի մեջ, և կիմչին արագ կթթվի։
