Ռոսկաչեստվոն նախատեսում է մշակել ռուսական գինիների ազգային չափանիշ, որի հիմքում ընկած կլինեն «Ռուսաստանի գինու ուղեցույց» նախագծի շրջանակում մշակված կանոնակարգերը և ստանդարտները։ Այս մասին առցանց կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ռոսկաչեստվոյի ղեկավար Մաքսիմ Պրոտասովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք Ռոսստանդարտի մեր գործընկերների հետ որոշեցինք սահմանել այն կանոնակարգը, «Ռուսաստանի գինու ուղեցույցի» այն ներքին չափանիշը, որը մշակվել և փորձարկվել է չորս տարի ԳՕՍՏ-ի կողմից՝ որպես ազգային չափանիշ, այսինքն՝ այն ստանդարտը, որն իսկապես կդառնա հիմք և կլինի ամբողջովին բաց»,- ասել է նա։
«Ռուսաստանի գինու ուղեցույց 2021» ուսումնասիրությանը մասնակցել է երկրի յոթ հիմնական գինեգործական շրջանների 47 գինեգործների կողմից ներկայացված ավելի քան 600 գինի։ Ուսումնասիրված յուրաքանչյուր նմուշ պրոֆեսիոնալ փորձագիտական հանձնաժողովի կողմից գնահատվել է 12 պարամետրերով:
Ըստ Ռոսկաչեստվոյի՝ բարձր չափանիշին համապատասխանող գինիների որակը 2021 թ.-ին ռեկորդային է եղել` նախորդ բոլոր տարիների համեմատ: Ժյուրին սպառողներին խորհուր է տվել հետազոտված գինիների 70.49 %-ը (430 նմուշ): Որակի առումով մեծ քանակի դիտողություններ գրանցած գինիների թիվը կրճատվել է` հասնելով նմուշների ընդհանուր թվի 0,96%–ի։
«Մանրածախ առևտրի կողմից դարակների բաժանման հարցում ներկայացված պահանջների կատարման բարձր մակարդակի շնորհիվ սպառողի համար ամբողջովին պարզ է դարձել գինու ծագումը։ Երկրորդ՝ ավելացել է ռուսական բարձրորակ գինիների տեսականին խոշոր առևտրային ցանցերում և մանրածախ առևտրի տարածաշրջանային ստորաբաժանումներում, որոնք գտնվում են երկրի գինեգործական շրջաններում: Մենք HoReCa-ում ռուսական գինու նկատմամբ հետաքրքրության մեծ աճ ենք արձանագրել: 100%–անոց ռուսական քարտեզով առաջին գինու բարը բացվել է 2021 թ.-ի փետրվարին, այժմ ամբողջ երկրում արդեն 10 նման հաստատություն կա», - ասել է Պրոտասովը։