ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հեղինակավոր Forbes–ը հրապարակել է հոդված գինեգործության ոլորտում Հայաստանի նոր ձեռքբերումների, ինչպես նաև երկրի հնագույն ավանդույթների մասին։
Հոդվածում նշվում է, որ ինչպես վկայում են հնագիտական պեղումները, հենց այստեղ` մերօրյա Հայաստանի և Վրաստանի տարածքում, մոտ 8 տարի առաջ առաջին անգամ սկսել են գինի արտադրել։ Այստեղից գինեգործությունը տարածվել է դեպի հարավ` Միջագետք (ժամանակակից Իրաք), Հորդանան, Իսրայել, Եգիպտոս, Կիպրոս, Հունաստան, Միջերկրական ծովի այլ երկրներ և դրա սահմաններից դուրս։
Ինչպես նշվում է հոդվածում, մինչև վերջերս հայկական գինիներն ընդհանրապես հայտնի չէին հիմնականում այն պատճառով, որ Հայաստանը խորհրդային երկիր էր 1922–1990թթ.–ին։ Խորհրդային հանրապետություններից ամեն մեկն ուներ իր առանձնահատկությունը, և Հայաստանը հայտնի էր կոնյակի արտադրությամբ։ Բայց հիմա հայկական գինիներն արժանանում են բարձր գնահատականի ամբողջ աշխարհում։ Արտադրության ծավալները համեմատաբար մեծ չեն, ընդ որում խոսքը էժան գինիների մասին չէ, արտադրողները խաղադրույք են անում որակյալ գինիների վրա, որոնք բնավորություն ունեն։
Նշվում է, որ Հայաստանը սեղմված է Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև։ Հանրապետությունն ունի մոտ 3մլն բնակիչ, սակայն աշխարհի բազմաթիվ երկրներում բնակվում է մեծ հայկական սփյուռք։
Տեղական լանդշաֆտն առանձնանում է Կովկասյան հսկա լեռներով, բազմաթիվ խաղողի այգիները տեղակայված են ծովի մակերևույթից 3300–5000 ֆուտ բարձրության վրա։ Կլիման ցամաքային է` շոգ և չոր ամառներով, իսկ ձմռանը ջերմաստիճանը կարող է հասնել մինչև -15C-ի, որոշ շրջաններում` նաև ավելի ցածր։ Հայաստանում կա չորս հիմնական գինեգործական շրջան։ Ամենահայտնին Վայոց Ձորն է` երկրի հարավային մասում, հենց այստեղ է հայտնաբերվել աշխարհի հնագույն գինեգործարանը, որը մոտ 6000 տարեկան է։–0–