Առջևում Ամանոր է, արձակուրդներ, որոնք լի են հաճելի և ուրախ պահերով, հանդիպումներով ու շատ համեղ ուտեստներով:
Ամանորին տնային տնտեսուհիները միշտ փորձում են զարմացնել իրենց ձեռքով պատրաստված համեղ ճաշատեսակներով, մենք էլ որոշեցինք օգնել նրանց այդ հարցում ու ներկայացնում ենք 3 ամենահամեղ ու յուրօրինակ աղցանների բաղադրատոմսերը:
Աղցան «Վագրիկ»

2022թ.–ը Սև ջրային վագրի տարի է։ Առաջարկում ենք պատրաստել տարվա խորհրդանիշի պատկերով աղցան, որը կգեղեցկացնի ձեր ամանորյա սեղանը:
Անհրաժեշտ բաղադրիչներ
- կարտոֆիլ - 2 հատ
- գազար - 1 հատ
- հավի կրծքամիս- 100 գրամ
- մարինացված վարունգ - 2 հատ
- կարմիր սոխ - 0.5 հատ
- ձու - 2 հատ
- պինդ պանիր - 30 գրամ
- մայոնեզ՝ ըստ ճաշակի
Ձևավորման համար
- եփած երշիկ
- ձիթապտուղ - 8-10 հատ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը եփել աղաջրի մեջ: Խաշել գազարը, կարտոֆիլն ու ձուն, թողնել մի փոքր սառչի և մաքրել։
Քերիչով անցկացնել կարտոֆիլը, լցնել ափսեի մեջ՝ փորձելով վագրիկի գլխի տեսք ստանալ, ավելացնել մի փոքր աղ և մայոնեզ, ապա մանր կտրատել հավի միսն ու թթու վարունգը։
Կարտոֆիլի վրա լցնել մանր կտրատած հավի միսն ու մայոնեզ ավելացնել։ Այնուհետև լցնել կտրատած վարունգը:
Հաջորդ շերտով ավելացնել մանր կտրատած սոխը, կրկին մայոնեզ ավելացնել։ Ձվի դեղնուցն առաձնացնել սպիտակուցից, դեղնուցն անցկացնել քերիչով։ Պանիրը ևս անցկացնել քերիչով և խառնել դեղնուցի հետ։
Սոխի վրա ավելացնել պանրի ու դեղնուցի խառնուրդը, ապա քերիչով անցկացնել եփած գազարը։ Աղցանը բոլոր կողմերից պատել գազարով։ Մանր կտրատել ձիթապտուղները և քերիչով անցկացնել ձվի սպիտակուցը:
Հիմա աղցանը զարդարելու պահն է։ Ձիթապտղի մի մասից պատրաստել վագրիկի ականջներն ու քիթը: Իսկ մռութն ու աչքերը պատրաստել ձվի սպիտակուցից, լեզուն` եփած երշիկի կտորից, աչքերի բիբերը՝ ձիթապտղից, բեղիկներն էլ` պանրից։
Համեղ ու տոնական «Վագրիկը» պատրաստ է։ Բարի ախորժակ
Աղցան «Մանդարին»

Ամանորին մանդարինով ոչ մեկին չես զարմացնի: Բայց ի՞նչ կլինի, եթե դա միրգ չէ, այլ հյութեղ, վառ ու յուրօրինակ աղցան՝ հավի փափկամսով ու պանրով:
Անհրաժեշտ բաղադրիչներ
- գազար - 3 հատ
- հավի փափկամիս - 1 հատ
- պանիր - 60 գրամ
- ընկույզի միջուկ - 60 գրամ
- մայոնեզ - 3 ճաշի գդալ
- աղ, աղացած սև պղպեղ
- չորացրած մեխակ - 4-6 հատ
Պատրաստման եղանակը
Գազարն ու հավի փափկամիսը նախապես եփել: Եփած գազարը մաքրել, և անցկացնել մանր քերիչով: Գազարի վրա ավելացնել 1.5 ճաշի գդալ մայոնեզ, աղ և խառնել։
Եփած հավի փափկամիսը կտրատել խորանարդիկներով և ավելացնել բլենդերի մեջ։ Ապա ավելացնել ընկույզը և մանրացնել մոտ 3 րոպե: Մանրացված զանգվածը լցնել խորը տարայի մեջ, ավելացնել մայոնեզ, աղ, աղացած սև պղպեղը և լավ խառնել:
Պանիրը կտրել խորանարդիկներով: Հավի փափկամսի և ընկույզի զանգվածից փոքր ու տափակ շրջանակներ ստանալ և մեջտեղում դնել պանրի խորանարդիկն ու գնդիկ դարձնել: Այնուհետև մանրացված գազարով զանգվածը տափակացնել և կլորացնել, մեջտեղում դնելով հավի մսով պատրաստված գնդիկը, այնուհետև այդ զանգվածը կրկին կլորացնել հաղորդելով մանդարինի տեսք։
Մանդարինի աղցանը պահել սառնարանում։ Մատուցելիս յուրաքանչյուր մանդարինի գլխիկին չորացրած մեխակ դնել, որպեսզի մրգի տեսք ստանա և զարդարել թարմ կանաչեղենով:
Աղցան «Եղևնիներ»

Անհրաժեշտ բաղադրիչներ
- սունկ - 10 հատ
- ձու - 1հատ
- կանաչ սոխ - 15 գրամ
- գլուխ սոխ -1 հատ
- աղ, սև պղպեղ
- բուսայուղ - 2 ճաշի գդալ
- կարագ - 1 թեյի գդալ գդալ
- պանիր - 50 գրամ
- սամիթ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ձուն նախապես խաշել և թողնել սառը ջրի մեջ, որպեսզի հետո ավելի հեշտ լինի կեղևազրկել։ Սոխը հնարավորինս մանր կտրատել։ Շամպինյոնների «ոտիկն» այնպես հեռացնել վերևի հատվածից, որ վերջինս չվնասվի ու զամբյուղիկ դառնա:

Բուսայուղի մեջ տապակել սոխն ու շամպինյոնի կտրատած «ոտիկները», ընթացքում համեմել աղով և պղպեղով: Վերցնել կրակի վրայից, զանգվածին ավելացնել մանր կտրատած ձուն, քերած պանիրը և մանր կտրատած կանաչ սոխը։
Ստացված խառնուրդով լցոնել շամպինյոնների զամբյուղիկները, տեղափոխել տապակի մեջ և դնել ջեռոցը 10 րոպեով 200 աստիճան ջերմաստիճանում։

Լցոնած սնկերին մայոնեզ ավելացնել և զարդարել սամիթով։

Կարմիր պղպեղի և պանրի շերտերն աստղաձև կտրատել ու ատամի փայտիկներով ամրացնել շամպինյոններին: Ախորժելի եղևնիները պատրաստ են։
Բարի ախորժակ