ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ամանորին հաշված օրեր են մնացել։ Բոլոր տնային տնտեսուհիների մտահոգության թեման մեկն է՝ ինչ մատուցել տոնական սեղանին, որ յուրահատուկ լինի և տարբերվի մնացածներից։
Food&Wine-ը տոնական օրերին ընդառաջ ներկայացնում է ամենահամեղ ու յուրօրինակ թխվածքի 3 բաղադրատոմս, որոնք կզարդարեն ձեր տոնական սեղանը։
«Սրճային տորթ»

Նորաձև ու գեղեցիկ այս տորթն, անշուշտ, կզարդարի տոնական սեղանն ու իր յուրօրինակ համով կզարմացնի ձեր հյուրերին:
Անհրաժեշտ բաղադրիչներ
- փխրեցուցիչ – 1.5 ճաշի գդալ
- արևածաղկի ձեթ - 6 ճաշի գդալ
- սոդա - 1 թեյի գդալ
- ալյուր - 350 գրամ
- շաքարավազ - 350 գրամ
- ձու - 2 հատ.
- լուծվող սուրճ - 80 գրամ
- ջուր - 120 մլ
- կովի կաթ - 250 գրամ
- կարագ - 320 գրամ
- շաքարի փոշի - 500 գրամ
- կակաո - 1 ճաշի գդալ
- ընկույզ - 100 գրամ
Պատրաստման եղանակը
Պատրաստել 250 գրամ շատ թունդ սուրճ, թողնել սառչի։ Իրար խառնել շաքարավազը, ալյուրը, սոդան, փխրեցուցիչը, ձուն, կաթը և բուսական յուղը։ Վերջում զանգվածին ավելացնել գոլ սուրճը (կրեմի համար պետք է 3 ճաշի գդալ թողնել) և հարել մինչև միատարր զանգված դառնա։
Թղթից կտրել 3 շրջանակ և վրան մի փոքր բուսայուղ քսել: Խմորը բաժանել երեք մասի, և յուրաքանչյուրը թխել 160 ° C ջերմաստիճանում մինչև փափկի: Խմորը հանել կաղապարից և դեռ տաք վիճակում փաթաթել (այդպես կարելի է պահել սառնարանում)։
Կարագը հարել շաքարի փոշու հետ։ Կրեմի մեջ աստիճանաբար ավելացնել կակաոն, ապա սուրճը (մնացած 3 ճաշի գդալը): Տորթը սկսել պատրաստել միայն այն ժամանակ, երբ շերտերը լիովին սառեն: Այն կարելի է զարդարել, օրինակ, կակաոյով, ընկույզով կամ նույնիսկ սուրճի հատիկներով։
«Անգլիական աղանդեր»

Այս համեղ անգլիական աղանդերը բաղկացած է բիսկվիտից, կրեմից և հատապտուղներից։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 240 գրամ
- կաթ - 230 մլ
- ջուր - 200 մլ
- արևածաղկի ձեթ - 80 մլ
- կակաո - 50 գրամ
- ալյուր - 260 գրամ
- փխրեցուցիչ - 1 թեյի գդալ
- հալած պանիր - 500 գրամ
- կաթի սեր - 400 գրամ
- սև շոկոլադ - 300 գրամ
- ելակ 4-5 հատ
- հատապտուղներ՝ ըստ ճաշակի
- ընկույզ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ձուն 180 գրամ շաքարավազի հետ հարել։ Որից հետո ավելացնել կաթը, եռացրած ջուրը, արևածաղկի ձեթը և կակաոն, կրկին հարել։ Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և ավելացնել խառնուրդի մեջ։ Լավ հարել՝ գնդիկներից խուսափելու համար:
Խմորը լցնել թղթով պատված տարայի մեջ և դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը 15 րոպեով։ Առանձին տարայի մեջ ավելացնել 300 գրամ կաթի սերը, 60 գրամ շաքարավազը և հալած պանիրը: Հարել մինչև միատարր զանգված դառնա:
Մնացած կաթի սերը լցնել կաթսայի մեջ և ավելացնել շոկոլադը։ Դնել մարմանդ կրակի վրա և անընդհատ խառնելով ստանալ մուգ գույնի զանգված:
Վերցնել կլոր ափսե, եփած բիսկվիտը փշրել ափսեի մեջ, վրա ավելացնել կտրատած ելակը, այնուհետև ավելացնել կաթի սերից, շաքարավազից ու հալած պանրից պատրաստված կրեմը, վրան էլ տարածել շոկոլադե կրեմը: Զարդարել հատապտուղներով կամ ընկույզով։
Տորթ «Սպիտակ երազ»

Սա յուրօրինակ ու շատ համեղ տորթ է: Ի դեպ, այն շատ արագ է պատրաստվում:
Անհրաժեշտ բաղադրիչներ
- շերտավոր խմոր - 750 գրամ
- կաթի սեր - 500 գրամ
- խտացրած կաթ - 380 գրամ
- նուշ - 150 գրամ
- կոկոսի փոշի – ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Շերտավոր խմորը բացել, կտրել 2-3 սանտիմետր լայնությամբ շերտերի, ու այդ շերտերը թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում։
Առանձին թասիկի մեջ հարել կաթի սերը, հետո ավելացնել խտացրած կաթը ու կրկին հարել։
Թխած երեք շերտ դնել կողք կողքի, վրան քսել կրեմը, ավելացնել մի փոքր նուշ կամ կոկոսի փոշի, այնուհետև վրան կրկին ավելացնել երեք շերտ ու քսել կրեմ; Կրկնել
ընթացքը ևս երկու անգամ: Պետք է մի փոքր կրեմ թողնել՝ հետո տորթին քսելու համար:
Տորթը 7-8 ժամով դնել սառնարանը, որպեսզի լավ սառչի։ Առավոտյան տորթին կրկին կրեմ և նուշ ավելացնել։
Բարի ախորժակ…