ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Շուտով Ամանոր է, մենք հրաժեշտ ենք տալիս 2021թ.-ին և դիմավորում 2022-ը, որի խորհրդանիշը Սև, ջրային վագրն է: Գալիք տարվա խորհրդանիշը սիրում է համեղ ուտել, և, ինչպես բոլորս գիտենք, վագրը մսակեր է, ու նրան հաճոյանալու և գոհացնելու համար սեղանին պետք է անպայման լինեն համեղ մսային ճաշատեսակներ:
Ներկայացնում ենք ամանորյա մսային ճաշատեսակների ամենահամեղ տարբերակները։
Եվ այսպես...
Սնկով հնդկահավ ջեռոցում

Պետք է նախապես մարինացնել հնդկահավը, ինչի շնորհիվ հնդկահավի միսը կլինի փափուկ և հյութալի:
Անհրաժեշտ բաղադրիչներ
- հնդկահավ - 3 կիլոգրամ
- տոմատի սոուս - 4 ճաշի գդալ
- գինու քացախ - 2 ճաշի գդալ
- մեղր - 2 ճաշի գդալ
- սոյայի սոուս - 4 ճաշի գդալ
- զեյթունի ձեթ - 2 ճաշի գդալ
- սխտորի փոշի - 1 թեյի գդալ
- աղ, պղպեղ
Սունկը մարինացնելու համար
- շամպինիոններ - 600 գրամ
- տոմատի սոուս - 1 ճաշի գդալ
- սոյայի սոուս-1 ճաշի գդալ
- մայոնեզ - 1 ճաշի գդալ
- օրեգանո - 0.5 թեյի գդալ
- սխտոր - 1 պճեղ
- աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
Լվանալ և չորացնել հնդկահավը։ Այնուհետև տեղափոխել հարմար թավայի մեջ, ավելացնել տոմատի սոուսը, մեղրը, ձիթապտղի ձեթը, սոյայի սոուսը, սխտորը, աղը, պղպեղը և քացախը։ Եվ թողնել 30 րոպե, որպեսզի մարինացվի:
Մարինացված հնդկահավը տեղափոխել ջեռոցի համար նախատեսված տարայի մեջ, ծածկել փայլաթիթեղով և 1.5 ժամով դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը։ Տապակել վերևից և ներքևից:
Այդ ընթացքում մաքրել շամպինիոնները։ Ավելացնել մանրացված սխտորը, օրեգանոն, աղը և պղպեղը՝ ըստ ճաշակի, ինչպես նաև սոյայի սոուսը, տոմատի սոուսը և մայոնեզը: Բոլոր սնկերը լավ թաթախել համեմունքներով սոուսի մեջ:
Որոշ ժամանակ անց բացել փայլաթիթեղը, հնդկահավի վրա քսել մնացած մարինադը, ավելացնել մարինացված սունկը և սնկով հնդկահավը եփել ջեռոցում ևս 40 րոպե։
Պատրաստի հնդկահավը սնկերի հետ միասին տեղափոխել մեծ ափսեի մեջ և մատուցել։
Հավի կոտլետներ խոզապուխտով և պանրով

Խոզապուխտով և պանրով կոտլետները ամենահամեղներից են, հատկապես երբ տաք են: Խոզապուխտը և պանիրը կոտլետներին հաղորդում են անհավանական համ և բույր։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- աղացած հավի միս - 400 գրամ
- պանիր - 80 գրամ
- խոզապուխտ - 125 գրամ
- ձու - 1 հատ
- սոխ - 40 գ
- աղ, պղպեղ
- սխտոր - ըստ ճաշակի
- բուսայուղ - տապակելու համար
Պատրաստման եղանակը
Խոզապուխտն ու պանիրը անցկացնել քերիչով, լցնել խորը թասիկի մեջ։ Ավելացնել հավի աղացած միսը, մանր կտրատած սոխը և սխտորը։ Ցանկության դեպքում թարմ սխտորը կարելի է փոխարինել սխտորի փոշիով: Այնուհետև ավելացնել ձուն, աղը և պղպեղը: Լավ խառնել զանգվածը ու մի փոքր թողնել:
Թաց ձեռքերով ձևավորել ցանկալի ձևի և չափի կոտլետներ, դնել նախապես տաքացրած տապակի մեջ և մարմանդ կրակի վրա յուրաքանչյուր կողմից տապակել քիչ քանակությամբ բուսայուղի մեջ 4-5 րոպե։
Խոզապուխտով և պանրով հավի կոտլետները պատրաստ են։ Կարելի է համադրել ձեր սիրելի ճաշատեսակի, սոուսի և թարմ բանջարեղենի հետ:
Հավի փափկամսով և համեմունքներով նրբաբլիթներ

Անհրաժեշտ բաղադրիչներ
Խմորի համար
- սոդա - 1 թեյի գդալ
- աղ – 0.5 թեյի գդալ
- շաքարավազ – 1 ճաշի գդալ
- արևածաղկի ձեթ - 2 ճաշի գդալ
- ձու - 3 հատ
- ալյուր - 2 բաժակ և 1 ճաշի գդալ
- կաթ – 1 լիտր
Խճողակի համար
- հավի կրծքամիս - 700 գրամ
- գազար - 1 հատ
- աղ, սև պղպեղ,
- համեմի սերմ
- խմելի-սունելի
- կարրի
- համեմ
Պատրաստման եղանակը
Բլիթներ
Թասիկի մեջ լցնել սոդան, աղը, շաքարավազն ու ձուն, լավ խառնել, ավելացնել ալյուրը ու խառնել, որ դառնա պինդ խմոր: 1 լիտր կաթն աստիճանաբար լցնել խմորի վրա՝ թուլացնելով այն: Թույլ խմորը պատրաստ է, վերջում պետք է ավելացնել ձեթն ու լավ խառնել: Այնուհետև պատրաստի զանգվածը անցկացնել քամիչի միջով՝ տրորելով գնդիկները, որպեսզի զանգվածը հեղուկանա: Փոքր թավան լավ տաքացնել, անձեռոցիկով մի փոքր ձեթ քսել: Միջին չափի շերեփով խմորը շրջանաձև պտույտներով լցնել թավայի մեջ և ստանալ կլոր նրբաբլիթներ։
Խճողակ
Հավի կրծքամիսը խաշել, թել-թել անել, լցնել նախապես ձեթով տաքացված թավայի մեջ ու դնել մարմանդ կրակի վրա:
Գազարը քերիչով անցկացնել, ավելացնել հավի կրծքամսին: Այնուհետև ավելացնել համեմունքները՝ աղը, սև պղպեղը, համեմի սերմը, խմելի-սունելին, կարրին: Մի փոքր եփելուց հետո, անջատել և ավելացնել թարմ համեմը:
Թողնել մի փոքր սառչի, ապա յուրաքանչյուր նրբաբլիթի վրա մեկական ճաշի գդալ խճողակ լցնել և փաթաթել: Տապակել բլիթները երկու կողմից մինչև բոլոր կողմերից հավասարապես կարմրի:
Բարի ախորժակ...