ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երբեմն ժամանակի մեքենա հարկավոր չէ`անցյալ վերադառնալու համար։ Բավական է ունենալ գաղափար, լինել խիզախ ու մի փոքր ջանք գործադրել, և այդ դեպքում ժամանակակից քաղաքում կարող է հայտնվել անցյալի մի գողտրիկ անկյուն։ Նման մի վայր է ստեղծվել Երևանում. լուսանկարիչ Հայկ Բիանջյանը որոշել է Երևանում բացել «Սովետական ակումբ» (Soviet Club), որտեղ կարելի է տեղափոխվել Խորհրդային Հայաստան։ Food&Wine պորտալին տված բացառիկ հարցազրույցում նա պատմել է ակումբի բացման բարդ ճանապարհի, խորհրդային շրջանի հազվագյուտ իրերի և այն մասին, թե ինչպես են այսօրվա Հայաստանում գնահատում խորհրդային անցյալը։
– Մի փոքր պատմեք ձեր նախկին նախագծերի` Soviet Taxi–ի և Խորհրդային ինտերակտիվ թանգարանի մասին։ Ինչպե՞ս դասավորվեց նրանց ճակատագիրը։
– Ես վավերագիր լուսանկարիչ էի և երկար տարիներ լուսանկարում էի, թե ինչպես է փոխվում մեր սիրելի քաղաքը, ինչպես են անհետանում մայրաքաղաքի սիրելի անկյունները։ Մի օր հասկացա, որ լուսանկարներում պրակտիկ իմաստ չկա, այդ պատճառով որոշեցի հավաքել խորհրդային շրջանի իրեր, որպեսզի պահպանեմ այդ դարաշրջանի մասնիկը։ 2015թ.–ին ինձ հաջողվեց Սարգիս Մուրադյանի պատկերասրահում կազմակերպել «Chao, ԽՍՀՄ» խորագրով ցուցահանդես, որը լուրջ հետաքրքրություն առաջացրեց երևանցիների շրջանում, և ես մտածեցի, որ դա կարող է դառնալ թանգարանային ձևաչափի լավ նախագիծ։ Իմ ընկերը` Յուրի Աֆրիկյանը, առաջարկեց իր ներդրումները խորհրդային շրջանի մեծ պարկի կառուցման համար։
Այդ պահից մենք սկսեցինք Մոսկվայից, Վրաստանից գնել հին ժամանակների իրեր, բերեցինք Հայաստանի տարբեր շրջաններից։ Բայց ոչ մի կերպ չէինք կարողանում հարմար վայր գտնել` նախագիծը կյանքի կոչելու համար։ Հավաքածուն աստիճանաբար ավելանում էր, պահեստային տարածքը մոտ 1000ք.մ էր։ 2018թ.–ին հրդեհ բռնկվեց «Մալաթիա մոլում», որտեղ գտնվում էր մեր հավաքածուն։ Բայց մեր բախտն իսկապես բերեց. ամբողջ շենքում հրաշքով փրկվել էր միայն մեկ սենյակ։
Հրդեհից հետո Սովետական ակումբի նախագիծը երկու տարի դադար տվեց ներդրողի ֆինանսական կորուստների պատճառով, իսկ այս տարի որոշեցինք այն գործարկել։ Գտանք վայր Լենինի անվան մետաքսի արտադրության նախկին գործարանի տարածքում և անցանք գործի։ Վայրը փոքր չէ, ապագայում պլանավորում եք այստեղ ստեղծել փոքր քաղաք։ Բայց սկզբում պետք է հունի մեջ գցել նախագիծը, հասկանալ, թե ինչն է հետաքրքիր մարդկանց։

– Ինչու՞ ընտրեցիք հենց այս վայրը։ Այն բավականին հեռու է կենտրոնից։
– Շատ երկար էինք փնտրում հարմար վայր։ Ուզում էինք նախագիծն իրականացնել մի շենքում, որը կառուցվել է խորհրդային ժամանակներում, քանի որ նման շինություններն, իմ կարծիքով, ունեն յուրահատուկ էներգետիկա։ Ժամանակին այս գործարանում երեք հերթափոխով աշխատում էր երեք հազար մարդ։ Այն ԽՍՀՄ–ի ամենամեծ գործարաններից էր։ 90–ականների սկզբին, սեփականաշնորհումից հետո ամեն ինչ թալանեցին, հաստոցները տարան Իրան։ Ինձ հաջողվեց նկուղներում գտնել այստեղ արտադրված կտորների կատալոգները։ Դրանք այդքան տարի մնացել էին նկուղում, բայց չէին կորցրել գույների պայծառությունը։
Գիտեք, մեզ համար այդքան էլ կարևոր չէ գտնվել քաղաքի կենտրոնում։ Հակառակը, ուզում էինք որքան հնարավոր է հեռու լինել մայրաքաղաքի իրարանցումից։ Նույնիսկ ցուցափեղկերը փակել ենք բաներներով, որպեսզի ներսից հնարավոր չլինի տեսնել 21–րդ դարի կյանքը։ Եվ գալով այստեղ` այցելուները, կարծես ճամփորդելով ժամանակի մեքենայով, հայտնվում են Խորհրդային Հայաստանում։
– Դուք խորհրդային շրջանի իրերի խոշոր հավաքածու ունեք, ո՞րն է ձեզ համար ամենաթանկը։
– Դժվար է ասել։ Յուրաքանչյուր իր մեծ արժեք է ներկայացնում։ Ինձ համար ամեն ինչ թանկ է` արխիվները, «Դվին» հյուրանոցի, «Արագիլ» սրճարան–ռեստորանի, «Փարոս» ռեստորանի թեմատիկ սպասքը և շատ այլ իրեր։
Մենք նաև ունենք բացառիկ մեքենա` 1968թ.–ին ՌԱՖ, այդպիսի 10–12 մեքենա է մնացել։ «Իկարուս» ավտոբուսը ևս շատ լավ ձեռքբերում է, մեզ հաջողվեց գնել երևի վերջին գործող «Իկարուսը»։

– Ձեր հավաքածուում քանի՞ ցուցանմուշ կա։
– Տասնյակ հազարավոր։ Քանի որ նախագիծը սկզբից մտածված էր մեծ տարածքի համար, մենք շատ իրեր էինք գնում։ Սակայն ակումբում ներկայացված է հավաքածուի միայն փոքր մասը` մոտ 5-7%–ը։ Շենքը մեծ է, դեռևս ամբողջությամբ չի օգտագործվում։ Երբ նոր էի եկել այստեղ, միայն սպիտակ պատեր էին։ Բառացիորեն երկու ամսում ամեն ինչ բարեկարգեցինք։ Հետագայում նախատեսում ենք ընդլայնվել և ամեն ամիս փոխել ցուցադրությունը։ Հավաքածուն թույլ է տալիս ամեն ամիս ստեղծել որոշակի թեմատիկ անկյուն։
– Որքա՞ն միջոց է ներդրվել այս նախագծում և հավաքածուում։
– Մոտ 300 հազար դոլա։ Բացի ֆինանսական ռեսուրսներից, ծախսվել է նաև շատ ջանք, ժամանակ, վարպետների ջանքը, որոնք վերանորոգել և ռեստավրացիայի են ենթարկել մեքենաները, խորհրդային սարքավորումները, կարգի են բերել ատրակցիոնները։ Բայց մենք ամեն դեպքում զգուշացնում ենք հյուրերին, որ մեր ատրակցիոնները «պապիկներ են», երբեմն հրաժարվում են աշխատել, այդ պատճառով մեր վարպետը միշտ տեղում է։
– Ինչպե՞ս ծագեց հաստատության անվան և հավաքածուի գաղափարը։
– Սկզբում կոչվում էր «Chao, ԽՍՀՄ»։ Բայց հետո որոշեցինք «Սովետական ակումբ» («Soviet Club»)։ Մտադիր ենք մեր հյուրերին տրամադրել անդամատոմսեր, որոնք առավելություններ կտան։ Հետո ուզում ենք այստեղ կազմակերպել ցուցահանդեսներ։ Հայաստանում կան շատ կոլեկցիոներներ, ովքեր հավաքում են տարբեր իրեր` տոնածառի խաղալիքներ, մեքենաներ, նամականիշեր և այլն։ Բայց նրանք, ի տարբերություն մեզ, հնարավորություն չունեն ցուցադրելու իրենց հավաքածուները լայն մասսաներին։ Ընդհանրապես շատ դժվար է գտնել խորհրդային շրջանի իրեր։ Դրանք դեն են նետում, վաճառում են` որպես մետաղաջարդվածք։ Եղել են դեպքեր, երբ ուշանում էինք ու չէինք գնում, և իրերը ոչնչացվում էին։ Օրինակ, Սևանի «Ինտուրիստ Մոթել» հյուրանոցը, որտեղ կային խորհրդային շրջանի բազմաթիվ իրեր, որոնք անթերի վիճակում էին։ Մենք ուշացանք, իսկ հետո իմացանք, որ շենքը վաճառվել է։ Արդյունքում, իրերից շատերը ոչնչացվեց։ Ինձ հրաշքով հաջողվեց ձեռք բերել երեք բեռնատար հետաքրքիր իրեր, բայց շատ բան կորավ։

– Երեք բառով ինչպե՞ս կնկարագրեիք ակումբի ընդհանուր հայեցակարգն ու ձևաչափը։
– Հիշողություններ, ուրախություն և բարություն։ Մարդիկ իսկապես կարոտել են իրենց անցյալը։ Բնիկ երևանցիների համար ավելի դժվար է դառնում իրենց երեխաներին ու թոռներին ցույց տալու իրենց մանկության և պատանեկության քաղաքը, քանի որ ժամանակն աստիճանաբար մաքրում է անցյալի հետքերը։ Իսկ ակումբը փոքր տարածք է, որը կպահպանի մեր քաղաքի պատմությունը։
Սա ոչ միայն բիզնես նախագիծ է, այլև մի ամբողջ երկրի պատմություն։ Այստեղ չկա քաղաքականություն և քարոզ, մենք պարզապես վերականգնում ենք մեր ծնողների, տատիկների և պապիկների հիշողությունը, ովքեր ժամանակին միասին ու համերաշխ կառուցել են այս երկիրը։ Չի կարելի պարզապես վերցնել և ջնջել այդ պատմությունը, կարծես ոչինչ էլ չի եղել։
– Ինչպե՞ս կարելի է այցելել ակումբ։
– Պետք է նախօրոք կապվել մեր ադմինիստրատորի հետ և պայմանավորվել։
– Որքա՞ն արժե այցը։
– Աշխատանքային օրերին անձը 2500 դրամ է, հանգստյան օրերին` 3900 դրամ։ Կունենանք նաև զեղչեր։ Այցի մեջ ներառված է էքսկուրսիա, թեյ/սուրճ, թխվածք, ինչպես նաև ատրակցիոններ։ Եվ սա միայն սկիզբն է, հետագայում կկազմակերպվեն նաև տարբեր թեմատիկ շրջայցեր։
– Իսկ շրջայցը քան՞ի ժամ կտևի։
– 1,5 – 2 ժամ։ Չենք ուզում, որ այստեղ շատ մարդ հավաքվի։ Կարևոր է զգալ մթնոլորտը, այդ պատճառով մեկ այցի ժամանակ կարող ենք ընդունել ամենաշատը 15–20 հոգու։
– Ի՞նչ լսարանի համար է նախատեսված ակումբը։
– Ամենատարբեր։ Առաջին հերթին դա ավագ սերունդն է, իսկ երիտասարդների համար սա կդառնա հետաքրքիր նախագիծ ուրիշ ժամանակներից։ Երեխաների համար ուզում ենք վերականգնել բակային հին խաղերը։ Ինչո՞վ ենք տարբերվում մյուս թանգարաններից, նրանով, որ մեզ մոտ կարելի է ամեն ինչին դիպչել, խաղալ, քշել մեքենաներ և հյուրասիրվել։ Մենք ամեն ինչ արել ենք ինտերակտիվ ձևաչափով, որպեսզի հյուրերը կարողանան զգալ դարաշրջանը։
Ակումբի դռները բաց են բոլորի`երևանցիների, հայաստանցիների, տարբեր երկրներից ժամանած հյուրերի համար։ Ամեն հանրապետություն ունի իր խորհրդային պատմությունը, և դրա բնակիչները մեր ակումբում անպայման կգտնեն իրենց համար հարազատ ինչ–որ բան։

– Ձեր կարծիքով, ձեզ հաջողվե՞լ է կյանքի կոչել նախագծի մասին պատկերացումները։
– Կարծում եմ` հաջողվել է 30-40%–ով։ Սկզբում ընդհանրապես ուզում էին կառուցել քաղաք, բայց, ինձ թվում է, ավելի լավ է սկսել փոքր ձևաչափից։ Մեծ քաղաք ստեղծելու համար պետք է մեծ թիմ, իսկ հիմա մենք շատ չենք։ Բայց ակումբի բացմամբ աշխատանքը չի ավարտվի, ինչ–որ բան կարվի, կավելացվի։ Մի խոսքով, սա զարգացման անվերջ գործընթաց է։
– Քանի՞ մարդ կա ձեր թիմում։
– Իմ հոբբիին միացել է ընտանիքս և ևս մի քանի մարդ, ինչպես նաև իմ գործընկեր Յուրի Աֆրիկյանը։
– Ի՞նչ խոհանոց կլինի ակումբում, ի՞նչ հնարավոր կլինի այստեղ համտեսել։
– Մեր գլխավոր խնդիրն է, որպեսզի ամեն ինչ այստեղ լինի շատ համեղ, ինչպես խորհրդային լավ ռեստորաններում և ճաշարաններում։ Ճաշացանկում կլինեն հայտնի խորհրդային ճաշատեսակները`սելյոդկա, խնձորներով բադ, «Օլիվյե» աղցան և այլն։ Ուզում ենք նաև վերականգնել գազավորված ջրի բացառիկ համը։ Դրա համար նախատեսում ենք Վրաստանից բերել սիրոպ, որն արտադրվում է հին բաղադրատոմսերով։ Այս պահին աշխատանք է տարվում խոհարարական գրքերով խորհրդային բաղադրատոմսերի վերականգնման ուղղությամբ։ Նույնիսկ խորհրդային ճաշացանկ ունենք, և հաշիվը տրամադրվելու է օրիգինալ բլանկերով։ Այս մանրուքները մեր նախագծի կորիզն են։
– Իսկ ո՞վ է պատրաստելու ձեր խոհանոցում։
– Դեռևս պատրաստում է իմ կինն ու նրա քույրը։ Երբ մի փոքր հունի մեջ ընկնենք, կհրավիրենք պրոֆեսիոնալ խոհարարների։

– Ի՞նչ գնային սեգմենտ է լինելու։
– Խորհրդային։ Չենք ուզում, որպեսզի մարդիկ գան այստեղ և մտածեն. «Այստեղ լավ է, բայց դե թանկոտ է»։ Չնայած ամեն ինչ թանկանում է, մենք ուզում ենք պահպանել չափավոր գնային քաղաքականություն։ Բայց մտածում ենք բացել նաև սրահ, որտեղ հնարավոր կլինի զգալ խորհրդային շքեղությունը։ Այստեղ արդեն ամեն ինչ ավելի թանկ կլինի` սև խավիար, «Նաիրի» կոնյակ, «Ստոլիչնայա» օղի և այլն։
– Խոհանոցի հետ ամեն ինչ պարզ է։ Ձեր կարծիքով, ակումբում ի՞նչն ամենից շատ կհետաքրքրի հյուրերին։
– Իսկական խորհրդային ատրակցիոնները, դրանք շատ հայտնի են։ Հետաքրքիր կլինի ծանոթանալ սովորական խորհրդային բնակարանի մոդելին, դիտել հին հեռուստահաղորդումները։ Հյուրերին կարող են հետաքրքրել հուշանվերների խանութի խորհրդային դարաշրջանի օրիգինալ և չօգտագործված իրերը` կրծքանշաններ, բիժուտերիա և այլն, որը կարելի է գնել։ Կարելի է ունկնդրել նաև մագնիտոֆոնային ձայնագրություններ, պարել 70–80–ականների երաժշտության հնչյունների ներքո կամ ժամը 10 հազար դրամով քաղաքում զբոսնել խորհրդային տաքսիով, որը վերականգնել ենք «Վոլգա» մակնիշի հին մեքենաներից։
– Մարդիկ կարո՞ղ են ձեզ իրեր նվիրել հավաքածուի համար։
– Այո, իհարկե։ Մենք ուրախությամբ ընդունում ենք նվերներ։ Ուզում ենք, որպեսզի այստեղ միշտ ինչ–որ բան փոխվի, նույնիսկ ուզում ենք ստեղծել սենյակ, որտեղ կցուցադրվեն նվերները։ Իրերը պատմում են մարդկանց մասին։ Յուրաքանչյուր իրում թաքնված է պատմություն, հիշողություն։ Առաջին արտահայտությունը, որը դուք ասացիք, երբ մտանք մեզ մոտ. «Աաա, իմ տատիկի լամպի նման լամպ է»։ Սա մեր ակումբի ամենահայտնի արտահայտությունն է. «Հիշում ես, տատիկի մոտ...»։
– Ձեր կարծիքով, հայաստանցիները կարոտու՞մ են խորհրդային ժամանակաշրջանը։
– Դժվար է ասել, բայց սա մեր պատմությունն է։ Եվ այն չի կարելի մոռանալ, եթե նույնիսկ շատ բան մեզ դուր չէր գալիս։ Խորհրդային ժամանակներում մարդիկ հավատում էին ապագային և կարողանում էին պարզապես ուրախանալ կյանքով։
– Բայց, ինչպես հասկանում եմ, այս թեմայի նկատմամբ հետաքրքրություն կա՞։
– Այն էլ ինչպիսի։ Քանի որ մեզ մոտ ամեն ինչ արված է հոգով և անկեղծ, հակառակ դեպքում մարդիկ կզգային կեղծիքը։ Այստեղ ամեն ինչ կապված է իմ մանկական և պատանեկան հիշողությունների հետ։ Օրինակ խոհանոցը հենց այնպիսին է, ինչպիսին տատիկիս տանն էր։ Հիմա այդ տունը չկա։ Բայց ինձ հաջողվեց այստեղ պրոյեկտել մանկական հիշողություններս և փոխանցել տատիկիս էներգետիկան։

– Հայկական շուկան պատրա՞ստ է նման թեմատիկ ռեստորանների։ – Միանշանակ այո, քանի որ Երևանում այնքան քիչ են վայրերը, որտեղ կարելի է հետաքրքիր ժամանակ անցկացնել։ Հիմա հայտնվում են տարբեր ռեստորաններ` լավ խոհանոցով, բայց հենց թեմատիկ ռեստորանները շատ քիչ են։ Շատ ուրախ կլինեմ, եթե Հայաստանում հայտնվեն արժանի մրցակիցներ, չէ՞ որ որքան շատ լինեն այդ նախագծերը, այնքան ավելի շատ զբոսաշրջիկներ կունենանք։–0–