ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Որոշ խմիչքներ այնքան յուրահատուկ են, որ համաշխարհային համբավ են ձեռք բերել: Կան այնպիսիք, որոնք արտադրվում և սպառվում են հսկայական քանակությամբ և միևնույն ժամանակ համարվում են ամենաթանկարժեքը։
Food&Wine-ը ներկայացնում է աշխարհի ամենաթանկ ալկոհոլային խմիչքները:
Գարեջուր Vieille Bon Secours, արժեքը՝ 800 դոլար
Բելգիական այս ալկոհոլը բավականին թունդ (8%), բարդ բույր ունեցող ըմպելիք է։ Գարեջրի գիտակները պնդում են, որ Vielle Bon Secours-ի մեկ կումով կարելի է զգալ կարամելի, կիտրոնի, իրիսի և անիսոնի նուրբ բույրը:
Չնայած բարձր արժեքին, այս ապրանքանիշի պիտակը համեստ է, իսկ շիշը երեք աստղանի կոնյակի տեսք ունի։
Ռոմ Wray and Nephew, արժեքը՝ 53 000 դոլար

1940 թ.-ի ճամայկայական ռոմն ունի յուրահատուկ պիտակ։ Այս խմիչքի սկզբնական, օրիգինալ բաղադրատոմսն անհետացել է, և հիմա ամբողջ աշխարհում կա Wray andNephew-ի դեռևս չբացված 4 շիշ, որոնք արտադրվել են հենց այդ ժամանակաշրջանում, ինչի շնորհիվ էլ այս ռոմը համարվում է ամենաթանկն աշխարհում։ Հիմա Campari Gruppo խոշոր ընկերությունը գնել է արտադրողին և շարունակում է թողարկել ռոմը, բայց արդեն նոր բաղադրատոմսով։
Տեկիլա Ley 925, արժեքը՝ 225 000 դոլար
2006 թ.-ին այս տեկիլայի մեկ շշի համար վճարվել է ավելի քան 220 000 դոլար։ Գինը պայմանավորված է ավելի շատ ոչ թե ըմպելիքի յուրահատուկ համային որակներով կամ նրա տարիքով, այլ շշի դիզայնով, որը զարդարված է ոսկով և պլատինով։
Արտադրող LaCapilla ընկերությունն արդեն վաճառքի է հանել նույն խմիչքի ավելի թանկարժեք շիշ, որը զարդարված է պլատինով, ադամանդներով, արծաթով և գնահատվում է 1 500 000 դոլար:
Փրփրուն գինի Piper-Heidsieck, արժեքը՝ 275 000 դոլար
1907 թ.-ի փրփրուն գինու ֆանտաստիկ բարձր արժեքը արդարացվում է նրա հետաքրքիր պատմությամբ: Ասում են՝ 1916 թ.-ին Նիկոլայ II-ի արքունիքը պատվիրել է այս ապրանքանիշի 2 000 շիշ, սակայն դրանք այդպես էլ չեն բերվել Ռուսական կայսրություն։ Բեռնատար ընկերության նավը հարձակման է ենթարկվել գերմանական սուզանավի կողմից և հայտնվել ծովի հատակին` ըմպելիքի հետ միասին։ 80 տարի շարունակում Piper-Heidsieck–ի շշերը սպասել են իրենց ժամին, և միայն 1998թ.–ին հանվել են ծովի հատակից, ինչի արդյունքում դարձել են աշխարհի ամենաթանկարժեք ալկոհոլային խմիչքներից մեկը։
Օղի Diva, արժեքը՝ 1.6 մլն. դոլար
Շոտլանդիայում արտադրված արտասովոր Diva օղին կրկին գնահատվում է շշի օրիգինալ դիզայնի շնորհիվ: Արտադրող Blackwood Distillers ընկերությունը երաշխավորում է, որ ալկոհոլային ըմպելիքն անցնում է երեք բացառիկ ֆիլտրերի միջով`սառույց, փայտածուխ, որի համար հումք է հանդիսանում բացառապես սկանդինավյան կեչին և իսկական ալմաստե մասնիկներ։
Diva-ի մեկ շշի մեկնարկային արժեքը 3 700 դոլար է, իսկ առավելագույնը հասնում է 1.6 մլն. դոլարի։
Կոնյակ Henri IV Dudognon Heritage, արժեքը՝ 2 մլն. դոլար
Այո–այո, նման աստղաբաշխական գումար է վճարել անհայտ կոլեկցիոները մեկ շիշ հարյուր տարեկան կոնյակի համար։ Մի ամբողջ դար այս ոգելից խմիչքին այնքան խնամքով էին վերաբերվում, որ նույնիսկ այն պահելու համար նախատեսված տակառները նախապես չորացրել են 5 տարի:
Թանկարժեք այս կոնյակի շիշը զարդարված է 24 կարատանոց ոսկով, 6 500 ադամանդներով և բարձր հարգի պլատինով:
Վիսկի Isabella's Islay, արժեքը՝ 6.2 մլն. դոլար
Շոտլանդիայում արտադրված այս անմահական վիսկիի շիշը պատրաստված է բարձրորակ անգլիական բյուրեղից, իսկ խցանը սպիտակ ոսկուց է: Դրվագազարդման համար օգտագործվել է ավելի քան 8 000 ադամանդ և տարբեր կարատի 300 սուտակ։
Նրանց համար, ովքեր պատրաստ չեն վիսկիի համար միլիոններ վճարել, արտադրողներն առաջարկում են բյուջետային տարբերակ։ Նույն ըմպելիքը թողարկվել է հատուկ խմբաքանակով՝ ավելի պարզ դիզայն ունեցող շշով և արժե 730 000 դոլար: Ի տարբերություն դասական տարբերակի՝ այստեղ զարդերն ավելի քիչ են՝ միայն խցանն է սպիտակ ոսկուց և կան ադամանդե մակագրություններ:
Լիկյոր D'Amalfi Limoncello Supreme, արժեքը՝ 43.6 մլն. դոլար
D'Amalfi Limoncello Supreme–ն աշխարհի ամենաթանկ ալկոհոլային խմիչքն է: Այն նախագծվել է շքեղ իրերի բրիտանացի հայտնի դիզայներ Ստյուարտ Հյուզի կողմից՝ իտալական ապրանքանիշի հետ համատեղ:
Շիշը զարդարված է չորս ադամանդներով, որոնցից մեկը կշռում է 18.5 կարատ, իսկ մյուս երեքը՝ 12 կարատ: D'Amalfi–ն դեղնավուն լիկյոր է` առույգացնող կիտրոնե բույրով։–0–
Աղբյուր` zen.yandex.ru