Food&Wine-ը շարունակում է ներկայացնել բանջարեղենի կամ մրգի տեսակներ` անդրադառնալով դրանց կալորիականությանը, օգտակար և վնասակար հատկություններին, հակացուցումներին։ Այս անգամ կպատմենք անհավանական հյութեղ, համեղ և վիտամիններով հարուստ արքայախնձորի մասին:
Արքայախնձորի մասին

Արքայախնձորի պատմական հայրենիքը Բրազիլիան է։ Հետազոտողների մեծ մասը կարծում է, որ այս պտուղը հայտնվել է մոտ 12-15-րդ դարերում։ Կարիբյան ավազանի բնակիչները դրանից դեղորայք ու գինի էին պատրաստում, իսկ տերևներից` կտորեղեն։
Այսօր աշխարհի արքայախնձորի ամենախոշոր պլանտացիները գտնվում են Հավայան կղզիներում: Այս արևադարձային մրգի հիմնական մատակարարներն են Թաիլանդը, Ֆիլիպինները, Բրազիլիան, Մեքսիկան։
Կալորիականություն

- 100 գրամ արքայախնձորում - 52 կկալ
- Ածխաջրեր – 11.8 գրամ
- Սպիտակուցներ – 0.3 գրամ
- Ճարպեր-0.1 գրամ
Օգտակար հատկություններ
Արքայախնձորը մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, որը հատկապես անհրաժեշտ է սեզոնային մրսածության ժամանակ։ Այս միրգը նաև պարունակում է նյութեր, որոնք ամրապնդում են կենտրոնական նյարդային համակարգը, օգնում են հաղթահարել վատ տրամադրությունը և նվազեցնել հոդացավն ու մկանացավը։
Արքայախնձորը մաքրում է արյան անոթները վատ խոլեստերինից և նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը։ Կարծիք կա, որ այս միրգը կանխում է քաղցկեղածին բջիջների աճը և նվազեցնում քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Այս արևադարձային միրգը հարուստ է բջջանյութով, որը բարելավում է աղիների շարժունակությունը: Առողջությունը պահպանելու և իմունիտետն ամրապնդելու համար բժիշկները խորհուրդ են տալիս օրական առնվազն 200 գրամ արքայախնձոր ուտել։
Վնասակար հատկություններ

Ատամի թույլ էմալ և ցավոտ լնդեր ունեցողներին խորհուրդ չի տրվում սննդակարգում արքայախնձոր ներառել, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել բացասական հետևանքների։ Պատճառն այն է, որ արքայախնձորը բարձրացնում է թթվայնությունը։
Կերակրող կանանց և մինչև 6 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում արքայախնձոր օգտագործել: Մինչև 6 տարեկան երեխաներին պետք է արքայախնձոր տալ սահմանափակ քանակությամբ, հակառակ դեպքում այն կարող է գրգռել աղիների լորձաթաղանթը։
Հակացուցումներ
Մրգային թթուների մեծ պարունակության պատճառով արքայախնձորը հակացուցված է գաստրիտ, բարձր թթվայնություն և ստամոքսի խոց ունեցող մարդկանց։ Հղիներին խորհուրդ է տրվում բացառել արքայախնձորը սննդակարգից, քանի որ այն կարող է վիժման հանգեցնել։
Հակացուցված է արքայախնձոր ուտել, եթե որևէ դեղամիջոց եք ընդունում, քանի որ այս միրգն արգելափակում է դեղերի ազդեցությունը, և դրանց օգտագործումը ոչ մի օգուտ չի տա: Չնայած բոլոր հակացուցումներին, արքայախնձորի օգտակարությունը շատ ավելի մեծ է։ Ուստի կարելի է վստահորեն ասել, որ արքայախնձորը օգտակար նյութերի պահոց է, որն օգնում է ոչ միայն կարգավորել քաշը, այլև բարելավել ամբողջ օրգանիզմի վիճակը։–0–