ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Լազանյան խոհարարական գլուխգործոց է: Այս իտալական ուտեստի պատրաստման տասնյակ տարբերակներ կան։ Լազանյայի ամենատարածված բաղադրատոմսը տոմատի սոուսով և աղացած մսովն է: Ահա այդպիսի լազանյայի պատրաստման տարբերակ ենք առաջարկում, բայց բաղադրատոմսն ավելի պարզ և արագ է:

Կարտոֆիլով և աղացած մսով լազանյան շատ համեղ է։ Եթե դեռ չեք փորձել լազանյայի շերտերը փոխարինել կարտոֆիլով, ապա շտապեք պատրաստել, վստահ ենք, որ բոլոր հարազատներն ու հյուրերը հիացած կլինեն:
Անհրաժեշտ բղադրիչներ
- կարտոֆիլ - 8-9 հատ
- աղացած խոզի միս (կարելի է վերցնել նաև հավի միս) - 500 գրամ
- սոխ - 1 հատ
- գազար - 1 հատ
- տոմատի սոուս - 1 բաժակ
- կաթ - 400 մլ
- կարագ - 50 գրամ
- ալյուր - 50 գրամ
- աղ, պղպեղ - ըստ ճաշակի
- բուսայուղ - 30 մլ
- պանիր - 100 գրամ
- սխտոր - 5-6 պճեղ
Պատրաստման եղանակը

Վերցնել միջին չափի գազար ու սոխ, մաքրել, լավ լվանալ և չորացնել։ Սոխը խորանարդիկներով կտրատել, իսկ գազարը քերիչով անցկացնել։ Տապակը տաքացնել, մի փոքր բուսայուղ ավելացնել, և բանջարեղենը լցնել տապակի մեջ։
Ամբողջ աղացած միսը միանգամից ավելացնել տապակի մեջ։ Աղացած միսը բանջարեղենով տապակել 10-15 րոպե, ընթացքում ավելացնել մանրացված սխտորը, աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի։
Մեկ բաժակ տոմատի սոուսը լցնել գրեթե պատրաստի խառնուրդի մեջ։ Ցանկության դեպքում սոուսը կարելի է փոխարինել թարմ լոլիկով։ Տոմատի սոուսով աղացած միսը շոգեխաշել 5-7 րոպե։
Կարտոֆիլը մաքրել, լվանալ և բարակ շերտերով կտրատել։ Այնուհետև պատրաստել սոուսը՝ կարագը դնել կաթսայի մեջ, հալեցնել, ավելացնել ալյուրը և արագ հարել։
Կարագին և ալյուրին դանդաղ ավելացնել կաթը` ընթացքում անընդհատ խառնելով։ 2-3 րոպե հետո սոուսը բավականաչափ կխտանա։ Սոուսին ըստ ճաշակի ավելացնել աղ և պղպեղ։ Միացնել ջեռոցը և տաքացնել մինչև 180 աստիճան։ Վերցնել այն տարան, որի մեջ պետք է պատրատվի լազանյան, և մի փոքր բուսայուղ քսել։ Առաջին շերտով դնել կտրատած կարտոֆիլի մեծ մասը, վրան ցանել աղ և պղպեղ։
Կարտոֆիլի վրա շերտով ավելացնել եփած խճողակը` աղացած մսով և բանջարեղենով։ Աղացած մսի վրա էլ լցնել կաթի սոուսը: Քերած պանիրը լցնել սոուսի վրա։ Պանրի վրա շարել մնացած կարտոֆիլը։ Շերտերը կարելի է 2-3 անգամ դասավորել՝ կրկնելով նույն հաջորդականությամբ։
Մնացած սոուսը լցնել կարտոֆիլի վրա և տեղափոխել ջեռոց։ Աղացած մսով և կարտոֆիլով լազանյան եփել ջեռոցում 30-40 րոպե։
Աննկարագրելի համեղ ուտեստը պատրաստ է:
Բարի ախորժակ…