ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Արդյո՞ք ապուրներն օգտակար են։ Ապուրների բաղադրիչների հարստությունն ապահովում է սննդարար նյութերի, հանքանյութերի և վիտամինների օպտիմալ բալանս, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի էներգետիկ կորուստները լրացնելու և բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար։ Որքա՞ն հաճախ է պետք օգտագործել ապուր, ինչպիսի՞ն պետք է լինի օգտակար ապուրը։
Միանշանակ հնարավոր չէ պատասխանել ապուրի ամենօրյա օգտագործման անհրաժեշտության հարցին։ Ապուր ուտելը յուրաքանչյուր մարդու անձնական ընտրությունն է։ Wday.ru–ն ներկայացնում է օրգանիզմի համար ապուրների դրական և բացասական կողմերը։
Ապուրի օգտակար հատկությունները

Ապուրների օգտակարությունը դժվար է գերագնահատել։ Այն առաջին հերթին լավացնում է առողջական վիճակը։ Հայտնի է, որ ապուրն օրգանիզմը բանջարեղենով հարստացնելու պարզագույն միջոցներից է։ Բանջարեղենի օրական միջին չափաբաժինն ապահովելու համար բավարար է օրական ուտել մի քանի ափսե ապուր։ Առողջ սննդակարգի բոլոր պրակտիկաներում խորհուրդ է տրվում օգտագործել բանջարեղենային, ինչպես նաև բուսակերների համար նախատեսված ապուրներ։
Ապուրները նաև կարող են օգնել նիհարելու հարցում։ Իհարկե մեկ ափսե ապուրով չարժե արդյունք ակնկալել, սակայն համատեղելով ապուրների օգտագործումն ու կանոնավոր մարզումները` կարելի է բավականին արագ հասնել ցանկալի արդյունքի։ Մեկ ափսե ապուրն ունի ցածր կալորիականություն, սակայն այն բավականին սննդարար է։
Ապուրը քաղցն արագ հագեցնելու հիանալի միջոց է։ Ապուրի հեղուկ մասը բավականին արագ լցնում է ստամոքսը և քաղցի զգացումն անհետանում է։ Խորհուրդ է տրվում ուտել մեկ ափսե ապուր յուրաքանչյուր սննդի օգտագործումից առաջ։
Ապուրը նաև նպաստում է ինքնազգացողության լավացմանն ու օրգանիզմի բնականոն կենսագործության ապահովմանը։ Ինչու՞ են ապուրը միշտ խորհուրդ տալիս հիվանդներին։ Քանի որ այն դյուրամարս է, օժտված է սննդարար հատկություններով և արագորեն հագեցնում է թուլացած օրգանիզմը։
Դիետոլոգները շատ են գնահատում բանջարեղենային խյուս–ապուրները, դրանք օգտակար են նրանով, որ շատ արագ յուրացվում են օրգանիզմի կողմից։ Դրանք օգտակար են նաև իրենց հաճելի բաղադրությամբ, զարմանահրաշ համով և օգտակար հատկություններով։
Շատ օգտակար է, մասնավորապես, ոլոռից պատրաստված ապուրը։ Այն գրեթե չի պարունակում ճարպեր և օգնում է բավականին արագ նվազեցնել քաշը, լավացնել նյութափոխականությունն ու ազատվել դեպրեսիայից։
Իսկ վնասակա՞ր կողմերը

Ապուրները, սակայն, ունեն նաև բացասական կողմեր։ Ապուրի դեպքում առաջին հերթին խախտվում են առանձին սնվելու սկզբունքները, երբ արգելվում է միաժամանակ խմել և ուտել։ Երկար եփելիս ապուրի բաղադրիչների օգտակար հատկությունները, որպես կանոն, ոչնչանում են։
Միաժամանակ, եփելու ընթացքում վնասակար նյութերը, աճի արագացուցիչներն ու հորմոնները, որոնցով անբարեխիղճ արտադրողները «սնուցում են» կենդանիներին, հայտնվում են նախ խճողակում, իսկ հետո` մեր օրգանիզմում։ Սակայն այս խնդիրը հեշտությամբ լուծվում է. եռալուց հետո առաջին խճողակը թափում ենք և միսը շարունակում եփել նոր ջրում, որով էլ պատրաստվում է ապուրը։ –0–