ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Վարդավառը հայկական եկեղեցական տոն է, որի արմատները տանում են դեպի հեթանոսություն։ Այն նաև կոչում են Տիրոջ Պայծառակերպություն և նշում են Զատկից 14 շաբաթ անց։
Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։
Հայերն ավանդույթ ունեն միմյանց վրա ջուր լցնել Վարդավառի ժամանակ։ Ինչպես պատմել է Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Սարգիս աթոռանիստ եկեղեցու և երիտասարդական թեմական կառույցների ավագ քահանա Պետրոս Մալյանը հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսում, քրիստոնեության մեջ դա խորհրդանշում է ջրհեղեղը, որից փրկվել է Նոյի ընտանիքը։ Նա նշել է, որ այդ ժամանակ Նոյն աղավնի է բաց թողել, և այդ օրվանից ամեն տարի Վարդավառի օրը մարդիկ նույնպես աղավնի են բաց թողնում։

Քահանան պատմեց նաև պատմություն այն մասին, որ գոյություն ունի տոնի` Հիսուս Քրիստոսի հետ կապված մեկ այլ գեղեցիկ բնութագրություն։
«Երբ վարդի կոկոնը փակ է, մենք չենք տեսնում դրա գույնը, չենք զգում բույրը։ Իսկ երբ այն բացվում է, գույնն ու բույրն արդեն զգացվում են։ Այդպես էլ Հիսուս Քրիստոսը։ Նախքան պայծառակերպությունը Նրա աստվածային էությունը մեզ համար բաց չէր»,– ասաց նա։
Այս տարի, ինչպես նախորդ վեց տարիներին, Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ։ Սակայն եկեղեցին դրանք կկազմակերպի շաբաթ օրը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարատի հայրապետական թեմի Նորք Մարաշի երիտասարդական միության նախագահ Միլենա Բարսեղյանի խոսքով, դա կդառնա տոնի յուրօրինակ հոգևոր բացում։

Այդ օրը ժամը 18։00–ին Սուրբ սարգիս եկեղեցուց կսկստի երթ, որը, հայկական ավանդույթների համաձայն, կգլխավորի ավանակի վրա նստած տատիկը։ Երթը կուղեկցվի տոնին նվիրված ժողովրդական երգերով ազգային երգուպարի համույթների կատարմամբ։ Իսկ քաղաքապետարանի հարևանությամբ Մանկական այգում երթի մասնակիցներին կսպասի Նոյի ընտանիքն աղավնիների հետ։
Վարդավառի խորհրդանիշ պտուղը խնձորն է, քանի որ հենց այդ օրն է ավարտվում պահքը, որի ժամանակ չի կարելի խնձոր ուտել։ Տոնի օրերին մարդկանց հյուրասիրում են թխված խնձոր, վարունգ և անուշեղեն։
Վարդավառին պատրաստում են նաև խնդումներ` խաչաձև ճյուղեր, որոնց վրա կախում են խնձորներ, վարունգներ և վարդեր` տոնի խորհրդանիշները։ Տատիկը, ով գլխավորում է երթը, թափահարում է դրանք, իսկ երիտասարդությունը փորձում է կատակով խլել դրանք նրանից։

Տոնի ավարտին մարդկանց վրա վարդաջուր են ցողելու։ Հյուսվելու են և բաժանվելու են ցորենի հասկերից և ծաղիկներից պասկներ։
Մալյանը և Բարսեղյանը կոչ են արել մասնակիցներին չմոռանալ, որ մարդիկ այդ օրը տանից դուրս են գալիս ինչ–որ նպատակով` ինչ–որ մեկը գնում է տոնելու, մյուսը` լուրջ կամ սգո արարողության։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է չջրել անցորդներին ոտքից գլուխ, այլ մի փոքր ցողել` փոխանցելու համար Վարդավառի ոգին և ուրախություն պարգևել, ոչ թե ստիպել փախչել։
«Կարևոր է մեսիջը, ոչ թե ջրի քանակը։ Պետք է ամեն ինչ անել մեծ սիրով և ուրախություն պարգևել մարդկանց»,– կոչ արեց Մալյանը։ -0-



