ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Մարդիկ հաճախ կասկածանքով են վերաբերվում հոսթելներին` համարելով, որ դրանք էժան վայրեր են գիշերակացի համար, սակայն դա միայն կարծրատիպ է, և դուք միշտ կարող եք գտնել լավ հոսթել։ Ներկայացնում ենք Aviasales–ի կողմից հրապարակված մի շարք խորհուրդներ, որոնք կօգնեն ընտրել լավ հոսթել։
1. Կարդացեք արձագանքները

Դա գլխավորն է։ Դա անգամ ավելի լավ է, քան լսել ծանոթների արձագանքները գոնե այն պատճառով, որ դրանք շատ են ու մեկնաբանություն արածներից գոնե ինչ–որ մեկը կունենա նույն սպասումների և պահանջների մակարդակն, ինչ դուք։
Միաժամանակ այլ ճամփորդների գնահատականները, միավորները, խորհուրդները կպատմեն հոսթելի մասին անգամ ավելի շատ, քան թվում է, եթե դուք գիտեք` ինչին ուշադրություն դարձնել։
2. Տեղանք

Մի փոքր` ակնհայտի մասին. հոսթելը չի կարող գտնվել ծայրամասում` հեռու տրանսպորտի ցանկացած տեսակից։ Հոսթելը պետք է գտնվի քաղաքի կենտրոնում կամ կարևոր փողոցների մոտակայքում, հեռու չլինի գլխավոր տեսարժան վայրերից կամ գոնե կայարանից։
3. Առանձին համարներ

Այս կետը հատկապես ակտուալ է աղջիկների համար։ Ամենայն հավանականությամբ ընդհանուր համարում կլինեն մարդիկ, որոնց հետ դուք դժվար թե ցանկանաք գիշերել միևնույն համարում։ Այդ պատճառով կարևոր է առանձին համարների առկայությունը։
4. Մաքրություն

Արձագանքներում և մեկնաբանություններում սովորաբար գրում են, եթե կացարանի փոխարեն հյուրերին գոմ է սպասվում։ Իսկ գոմում ապրելն այնքան էլ հաճելի չէ։
5. Ռեժիմ և կանոններ

Լավ հոսթելում կարելի է ոչ միայն ծանոթանալ և շփվել, այլև հանգստանալ։ Այդ պատճառով որոշակի կանոնների առկայությունը (չվերադառնալ գիշերը, չբերել օտար մարդկանց) իսկապես դրական բնորոշում է։
6. Անվճար նախաճաշ

Քանի որ հոսթելն, ամեն դեպքում, տարբերվում է հյուրանոցից, մի ակնկալեք երեսուն ճաշատեսակով շվեդական սեղան։ Սակայն լավ կլինի, եթե հոսթելում հնարավորություն ունենաք հանգիստ խմել թեյ, սուրճ, հյութ կամ կաթ, ուտել օրինակ ջեմով կամ կարագով տոստ։
7. Մեծ խոհանոց

Ընդհանրապես խոհանոց կա գրեթե բոլոր հոսթելներում։ Բյուջետային ճամփորդությունների դեպքում երբեմն պետք է ինքնուրույն ճաշ պատրաստել, չէ՞ որ այդպես ավելի էժան է։ Սակայն եթե խոհանոցը փոքր է, իսկ այնտեղ կա 15 խոհարար, հավատացեք` դա այդքան էլ հարմար չէ։
8. Պլաստիկ կամ գոնե փայտյա մահճակալներ

Երկաթյա մահճակալները գրեթե միշտ սարսափելի ձևով ճռռում են։ Ընդհանուր համարներում մահճակալները հիմնականում երկհարկանի են և հավանաբար վերևի պառկած մարդը գիշերը կցանկանա իջնել։ Փայտյա մահճակալները ևս ճռռում են, հատկապես եթե այդքան էլ նոր չեն, իսկ այ պլաստիկի հարցում միշտ կարելի է վստահ լինել։
9. Սրբիչներ

Կարելի է օգտագործել սեփական սրբիչները։ Սակայն ավելի հաճելի է, երբ հոսթելում տալիս են սրբիչների կոմպլեկտ, որոնք պետք չէ չորացնել ճամպրուկ դնելուց առաջ։
10. Սպիտակեղեն

Որոշ հոսթելներում սպիտակեղեն չեն տալիս։ Կամ պետք է ձեզ հետ բերեք կամ ավելորդ գումար վճարեք։ Սովորաբար դա թանկ ծառայություն չէ, սակայն եթե ամեն լուման ձեզ համար կարևոր է, ավելի լավ է ընտրել հոսթել առանց նման խնդիրների։
11. Կացության/բնակության սահմանաչափ

Եթե հոսթելում թույլատրվի բնակվել մշտական հիմունքներով, ապա այնտեղ կարող են հայտնվել ոչ այնքան հարուստ մարդիկ, երբեմն անգամ վտանգավոր։ Ճամփորդները հազվադեպ են հոսթելում բնակվում մեկ շաբաթից կամ երեք օրից ավել, և տրամաբանական է, եթե հոսթելում արգելվում է բնակվել որոշակի ժամկետից ավել։
12. Լոգախցիկների թիվը

Հոսթելում մարդու հիմնական կարիքներից են քնելը և լողանալը։ Եթե լողանալու հերթում մեկ ժամ ստիպված լինես կանգնել, դա կարող է զզվեցնել։ Այդ իսկ պատճառով ուշադրություն դարձրեք այդ կարևոր կետին։
13. Անհատական լոգախցիկներ

Կան պիոներական ճամբար հիշեցնող հոսթելներ։ Մեկ ընդհանուր լոգախցիկի մոտ հավաքվում են բոլորը, հերթ են կանգնում։ Ավելի լավ է, եթե լոգախցիկներն անհատական են։
14. Անվճար wi-fi հոսթելի ամբողջ տարածքում

Այստեղ ասելու ոչինչ չկա, սա ընդհանուր ցավ է։ Թեև միայն նախասրահում առկա wi-fi–ը կարող է գերազանց միջոց լինել կենդանի հաղորդակցության համար։
15. Բանալիով պահարաններ/պահատուփեր

Լավ հոսթելում սրանք հանրային կեցության պայմաններում անհրաժեշտ պարագաներ են, որոնք պետք է ներառվեն արժեքի մեջ։
16. Փոքրիկ վարագույրներ մահճակալների վերևում

Դա ամեն տեղ չի լինում, մահճակալների վերևում փոքրիկ վարագույրների առկայությունը լավ հոսթելի նշան է։ Եթե անգամ դուք էքստրավերտ եք և ապրում եք հոսթելում, քանի որ այնտեղ ուրախ է, ապա մի պահ կարող եք ցանկանալ միայնակ մնալ, օրինակ` լամպի լույսի տակ ընթերցել գիրք մինչ լուսաբաց։
17. Էլեկտրական վարդակ մահճակալի մոտ

Վաղուց պետք է այս կետը ներառել կացության բոլոր տեսակների բոլոր ստանդարտներում։ Եթե հյուրանոցում վարդակ գտնելու համար օրինակ պետք է մտնել պահարանի հետևն ու համակերպվել այդ մտքի հետ, ապա հոսթելում, որտեղ սեփական տարածքը սահմանափակվում է մահճակալով, դա պարզապես անհրաժեշտություն է։–0–