ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում սեպտեմբերի 7–ին կանցկացվի «Ոսկեհատ» գինու փառատոնը։ Բաց երկնքի տակ գինու տոնը բազմաթիվ առավելություններ ունի։ Փառատոնի կազմակերպիչները` Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը և Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանը, լրագրողներին պատմեցին միջոցառման առանձնահատկությունների, ծրագրի և նպատակների մասին։
Համտեսել լավագույն հայկական գինիները

Փառատոնի գլխավոր նպատակն Արագածոտնի մարզը որպես գինեգործական մարզ ճանաչելի դարձնելն է։ Չէ՞ որ հենց այնտեղ են տեղակայված գինեգործական լավագույն ընկերությունները, այստեղ են արտադրվում հայկական համեղ գինիները։ Իր տարածքով, հողա–կլիմայական պայմաններով և տերուարով մարզը տարբերվում է այլ մարզերից։
«Փառատոնին կմասնակցեն ավելի քան 25 գինեգործական ընկերություններ, որոնք հյուրերին կներկայացնեն իրենց արտադրանքը», - ասաց Մուրադյանը։
Տնական գինի` տեղական արտադրողից
Առանձնակի ուշադրություն կդարձվի տնական գինիներին։ «Շեշտադրել ենք նաև տնական գինու տեղական արտադրողին»,– ընդգծեց Մուրադյանը։
Նա հայտնեց, որ տնական գինու արտադրողների միջև կանցկացվի մրցույթ, նրանց կտրվեն վկայականներ` խրախուսելով գինետուրիզմի հետագա զարգացումը։
Մրցույթ և վարպետության դասեր փառատոնի հյուրերի համար

Կազմակերպիչները պատմեցին, որ հյուրերին շատ հետաքրքիր ծրագիր է սպասում, նրանց համար պատրաստվել է հատուկ խաղ–մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։
«Այդ խաղի օգնությամբ մենք կպատմենք մարդկանց գինու և դրան վերաբերող ամեն ինչի մասին»,– նշեց Մուրադյանը։
Փառատոի ընթացքում կկազմակերպվեն բազմաթիվ վարպետության դասեր` մասնակիցների և հյուրերի համար։ Նրանք, մասնավորապես, կսովորեն բրուտագործություն, քանդակագործություն, տիկնիկների պատրաստում։ Նաև կանցկացվի գինու համտեսի վարպետության դաս։
Համեղ ուտելիք և որակյալ երաժշտություն` հայտնի արտիստների մատուցմամբ
Մուրադյանը պատմեց նաև, որ միջոցառմանը կմասնակցեն նաև հայ խոհարարներ, որոնք հյուրերին ազգային կերակրատեսակներ կներկայացնեն։
Բացի համեղ սննդից` փառատոնի շրջանակում կներկայացվի տեղի բնակիչների ձեռքի աշխատանքի ցուցահանդեսը, ինչպես նաև Арама Mp3–ի, Vigen Hovsepyan band–ի, Արսեն Գրիգորյանի (Aso) և այլոց ելույթները։
Անվճար տրանսպորտ Երևանից դեպի Աշտարակ, և հետադարձ
Փառատոնի մասնակցության ևս մեկ դրական կողմն անվճար տեղափոխությունն է։ Ժամը 16։00–ից 17։00 հյուրերին կտեղափոխեն Հանրապետության Հրապարակից Աշտարակ, իսկ 22։00–ից 24։00 նրանք հետ կվերադառնան մայրաքաղաք։
Օժանդակություն` Հայաստանի գաստրոտուրիզմի զարգացմանը

Մուրադյանն ընդգծեց, որ բոլոր գինեգործական երկրներում ընդունված է այսպիսի միջոցառումների կազմակերպումը` նպաստելով երկրի զբոսաշրջության զարգացմանը։
«Բազմաթիվ զբոսաշրջիկներ գալիս են Հայաստան` որպես գինեգործական հնագույն երկիր, նրանց հետաքրքիր են հայկական գինիները, նրանք մասնակցում են փառատոների, օրինակ, «Արենի» գինու փառատոնին և Գինու օրերին Երևանում։ Եվ մեր նպատակն Արագածոտնի մարզում նմանատիպ միջոցառման կազմակերպումն է»,– ասաց նա։
Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանն իր հերթին նշեց, որ գինին գաստրոտուրզմի բաղադրիչներից է, որին մեծ ուշադրություն է դարձվում Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացման և զանազան ծառայությունների ընդլայնման համատեքստում։ -0-