ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նախօրեին կայացած բացառիկ ցուցադրությունը, որն անցկացվեց առաջին անգամ, բաժանված էր երեք հատվածների։ Առաջինում ներկայացված էր սպասքադրում, երկրորդում` հայտնի հայկական կերակրատեսակներ, ինչպես օրինակ` տոլմա, ղափամա, խուրջին, ժենգյալով հաց, երրորդում` այն զգեստները, որոնցով արժե գնալ ռեստորան։

Հայտնի հայ ռեստորատոր և «Երեմյան պրոջեքթս»–ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, ում ընկերությունը գաստրոկուտյուրի կազմակերպիչն է, նշեց, որ այդ ցուցադրությամբ ցանկացել է ցույց տալ, որ հայկական խոհանոցը նույնպես կարող է բարձր արվեստի նմուշ լինել։

«Մենք միշտ փորձել ենք պատմել մեր հայկական խոհանոցի մասին, այն ճիշտ մատուցել և բարձր պահել, քանի որ այն շատ արժեքավոր է»,– ընդգծեց Երեմյանը։
«Երեմյան պրոջեքթս»–ի PR բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանն իր հերթին նշեց, որ ցուցադրության գլխավոր նպատակը հայկական խոհանոցի մասսայականացումն է, այն նորովի, մասնավորապես, ֆյուժն ոճով ներկայացնելն է։
Harmony Yerevan–ի դիզայներները զգեստների գաղափարներն իրագործելիս ոգեշնչվել են հայկական կերակրատեսակներից։ -0-