ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մեր օրերում դժվար է գտնել ավելի «հայկական» ըմպելիք, քան սուրճը: Ուր էլ այցելեք, ում հետ էլ պայմանավորվեք հանդիպել, անկախ օրվա ժամից, առաջինը ձեզ կառաջարկեն սուրճ: Ի դեպ հասարակ աղացած սուրճն էլ կարելի է մատուցել նորովի և դրանով հետաքրքիր դարձնել օրը: Ձեզ ենք ներկայացնում սուրճի պատրաստման յուրօրինակ բաղադրատոմսեր։
Սառը մոկաչինո սուրճի խորանարդիկներով

Բաղադրիչներ.
- 150 մլ կաթ
- Կակաոյի փոշի
- Սուրճի սառեցրած խորանարդիկներ
Պատրաստման եղանակը.
Սկզբում պետք է պատրաստել քամված սուրճ, թողնել, որ հովանա, հետո լցնել սառույց պատրաստելու ամանի մեջ: Դնել սառցարան: Մինչ սուրճը սառույցի է վերածվում, կարող եք տաքացնել կաթը, բարձր բաժակի մեջ լցնել 60մլ կաթ և ավելացնել մի գդալ կակաոյի փոշի: Ավելացնել սուրճի խորանարդիկները և վրան լցնել մնացած կաթը:
Վիետնամական սուրճ ձվով

Բաղադրիչներ.
- 30 մլ էսպրեսսո
- 1 հում ձու
- 3 թեյի գդալ խտացրած կաթ
- Մեղր
Պատրաստման եղանակը.
Այսպիսի անսովոր սուրճ պատրաստելու համար անհրաժեշտ է սկզբում առանձնացնել ձվի սպիտակուցը դեղնուցից: Դեղնուցին ավելացնել մի քանի կաթիլ մեղր և հարել մինչև առաջանա փրփուր: Առանձին բաժակում հարել սպիտակուցը` ավելացնելով շաքարավազ և 2-3 կաթիլ մեղր: Հարել այնքան մինչև զանգվածը վերածվի փրփուրի: Պատրաստել էսպրեսսո: Իսկ հիմա ամենահետաքրքիրը. բաժակի մեջ լցնել 3 գդալ խտացրած կաթ և վրան ավելացնել էսպրեսսոն: Հետո լցնել դեղնուցի խառնուրդը, իսկ վերևից զգուշորեն ավելացնել սպիտակուցից պատրաստված փրփուրը: Վիետնամական անսովոր սուրճը պատրաստ է:
Սուրճ աղով և նարնջով

Բաղադրիչներ.
- 170 մլ սուրճ
- 1 թեյի գդալ նարնջի հյութ
- Նարնջի կեղև
- Մի պտղունց աղ
Պատրաստման եղանակը.
Այս ըմպելիքի պատրաստման համար շատ ջանք չի պահանջվում: Պետք է եփել սուրճը` ավելացնելով կես թեյի գդալ շաքարավազ և մի պտղունց աղ: Ուշադրություն. շատ աղ չավելացնեք, քանի որ սուրճը կարող է չափազանց աղի լինել: Պատրաստի ըմպելիքին պետք է ավելացնել մեկ թեյի գդալ նարնջի հյութ և նարնջի կեղև:
Կոլայով սուրճ

Բաղադրիչներ.
- 150 մլ սուրճ
- 50 մլ կոկա-կոլա
- Սառույց
- Բալի հյութ կամ պաղպաղակ
Պատրաստման եղանակը.
Դառը սև սուրճ պատրաստել, թողնել հովանա: Լցնել բարձր բաժակի մեջ, ավելացնել կոլան և սառույցը: Ըստ ցանկության ավելացնել 50 մլ բալի հյութ կամ մի գնդիկ պաղպաղակ:
Մարտինա Մարտիրոսյան