ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի, /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում դեկտեմբերի 2–ին մեկնարկել է Ռուսական գաստրոնոմիկ շաբաթը (ՌԳՇ)` եզակի միջոցառում, որն առաջին անգամ է անցկացվում այս տարածաշրջանում:
«Մեզ համար սա մեծ պատիվ է, քանի որ Հայաստանը մեր տարածաշրջանի առաջին երկիրն է, որն ընտրվել է այս միջոցառման անցկացմա համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Mazmanyan Solutions» ընկերության հիմնադիր, Yerevan Food Fest-ի ղեկավար Աննա Մազմանյանը:
Նա ընդգծեց, որ գաստրո շաբաթը մասնակիցներին կտա նոր ծանոթություններ, նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն, Ռուսաստանի տարբեր շրջաններ այցելելու ցանկություն կառաջացնի:
Հայաստանն ընտրելու 3 պատճառ
«Ռուսական գաստրոնոմիկ շաբաթ» միջազգային նախագծի կազմկոմիտեի նախագահ Լեոնիդ Գելիբտերմանը նշեց, որ Հայաստանը պատահական չի ընտրվել որպես միջոցառման անցկացման հարթակ, նա թվարկեց Հայաստանն ընտրելու 3 պատճառ: «Առաջին պատճառն այն է, որ Հայաստանը Ռուսաստանում ընդունվում է որպես շատ ընկերական, շատ եղբայրական երկիր, և ՌԳՇ-ն Հայաստանում անցակնելը մեզ համար շատ բնական է թվում»,- ասել է նա:
«Առաջինն այն է, որ Ռուսաստանում Հայաստանն ընկալում են որպես բարեկամ, եղբայրական երկիր, և մեզ համար բնական էր ՌԳՇ–ն կազմակերպել Հայաստանում», – ասաց նա։
Որպես երկրորդ պատճառ նա նշեց մարդկանց, ում հետ հասցրել է ծանոթանալ Հայաստան կատարած այցելությունների ընթացքում, ում հետ հաճելի է աշխատել և վստահելի համագործակցություն ունենալ:
Երրորդը, Գելիբտերմանի խոսքով, այն փաստն է, որ մարդիկ Հայաստանում և Ռուսաստանում մտածում են, որ լավ են ճանաչում միմյանց, բայց դա այդպես չէ:
«Այդ իսկ պատճառով գաստրո շաբաթը կօգնի երկու երկրներին իրար ավելի լավ ճանաչել: Մենք միայն մի քանի կարծրատիպեր գիտենք: Դրա համար իմ կարծիքով, ճիշտ էր Հայաստան բերել այն շրջանների խոհանոցը, որոնց Հայաստանում վատ են ճանաչում: Այնպես ստացվեց, որ դա ռուսական Հյուսիսի խոհանոցն է»,- ասաց նա:
Գաստրոնոմիա, քաղաքականություն և զբոսաշրջություն
Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովը կարևորեց նման միջոցառումների անցկացումը Հայաստանի և Ռուսաստանի միջև «սերտ, եղբայրական, բազմակողման հարաբերությունների» ամրապնդման համար:
«Համոզված եմ, որ առաջիկա գաստրոնոմիկ շաբաթը ոչ միայն համեղ, այլև չափազանց օգտակար կլինի»,- նշեց նա:
Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն իր հերթին կարևորեց միջոցառումն առաջին հերթին գաստրոտուրիզմի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և հայկական ու ռուսական տուրպրոդուկտների դիվերսիֆիկացմանն օժանդակելու համատեքստ:
«Զբոսաշրջության ոլորտում կա նաև մի կարևոր բան ռուս-հայկական հարաբերությունների համատեքստում. (ձգտումը) դինամիկ կերպով ավելացնել տուրիստական այցերի թիվը երկու ուղղություններով: Եվ կարողանալ ձևավորել ընդհանուր տարածաշրջանային տուրիստական պրոդուկտ Հայաստանի և Ռուսաստանի միջև, որի շնորհիվ մենք կկարողանանք ավելացնել մրցունակությունը համաշխարհային շուկայում»,- ասաց Ապրեսյանը:
Խոհարարական համագործակցություն
Գելիբտերմանի խոսքով, ներկայումս արդեն կա Ռուսաստանի խոհարարների ազգային ասոցիացիայի և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի միջև համագործակցության պայմանագիր կնքելու գաղափար, որպեսզի նրանք սկսեն ավելի սերտ աշխատել Հայաստանում, Ռուսաստանում և երրորդ երկրներում:
Ռուսաստանի խոհարարների ազգային ասոցիացիայի նախագահ Վիկտոր Բելյաևը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանը նույնպես ողջունեցին համագործակցության նախաձեռնությունը:
«Մենք շատ կցանկանայինք… ինքս վաղուց երազում եմ դրա մասին… համատեղ աշխատանք կազմակերպել, քանի որ այստեղ շատ հետաքրքիր բաներ կան խոհարարության, հայկական ավանդական խոհանոցի յուրօրինակության մեջ»,- ասաց Բելյաևը:
Նա նշեց, որ հայկական և ռուսական խոհանոցները շատ ընդհանրություններ ունեն, ընդ որում, դա հատկապես արտացոլվում է տնական խոհանոցում, մայրաքաղաքի սահմաններից դուրս, որտեղ «ջերմ ընտանեկան մթնոլորտ» է տիրում:
Ռուսական գաստրո շաբաթի մասին
Ռուսական գաստրոնոմիկ շաբաթը Հայաստանում կշարունակվի մինչև դեկտեմբերի 6-ը:Այս նախագիծն ուղղված է արտերկրում Ռուսաստանի գաստրոնոմիկ մշակույթի առաջխաղացմանը և իրականացվում է 2015 թվականից Միջազգային էնոգաստրոնոմիկ կենտրոնի կողմից` նախագահ Լեոնիդ Գելիբտերմանի գլխավորությամբ:
ՌԳՇ-ն առաջին անգամ է անցկացվում ԱՊՀ-ում և 5-րդ անգամ` Ռուսաստանի սահմաններից դուրս (սրանից առաջ անցկացվել է Իսպանիայում, Հունաստանում, Կիպրոսում): «Ռուսական գաստրոնոմիկ շաբաթ» նախագծի հայեցակարգն ուղղված է մասնակից երկրների մշակութային և գործարար կապերի ամրապնդմանը, դրանց հանրայնացմանը` որպես գրավիչ տուրիստական ուղղություններ` ներկայացնելով այդ երկրների զբոսաշրջային ներուժը, ռուսական ազգային խոհանոցի ճաշատեսակները, մարզերում գործող սննդի կետերը։ Նախագծի նպատակն է ուշադրություն գրավել տարածաշրջանային ներդրումային նախագծերին, աջակցել մասնակից երկրների ապրանքաշրջանառության աճին, սննդամթերքի, խմիչքի և ծառայությունների արտահանմանն ու ներմուծմանը։–0–