ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Առաջին անգամ Հայաստանում արտադրվել է հավաաստագրված օրգանական գինի, որի առանձնահատկություններից մեկը խաղողի աճեցումն է բնական պայմաններում` սուլֆատների չափավոր օգտագործմամբ:
Ինչպես նշել է Trinity Canyon Vineyards գինեգործարանի տնօրեն Հովակիմ Սաղաթելյանն, արդեն արտադրվել է 6 հազար շիշ «Trinity 6100 Areni Noir» օրգանական գինի և 8 հազար շիշ «Crossroads Syrah Areni 2018 Syrah»` մոտ 6-8 եվրո արժողությամբ:
Սաղաթելյանի խոսքով, Հայաստանում արդեն ստեղծում են «օրգանիկ գինի» հասկացությունը, մարդիկ հատուկ գալիս են արտերկրից այդպիսի գինու համար: Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանում կհաջողվի զարգացնել օրգանական գինու ուղղությունը:
«Նման գինիների արտահանման պահանջարկը եռակի ավել է, քան արտադրանքի ծավալը: Մեզնից գինի են խնդրել հոլանդական, շվեյցարական, շվեդական ընկերությունները: Ես նվազեցրել եմ արտահանման քանակը, որպեսզի մեր շուկայում գոնե մի քանի հազար շիշ մնա, ոքանի որ ինձ համար կարևոր է, որ մեր ժողովուրդը խմի լավ, որակյալ գինի», – նշեց Սաղաթելյանը:
Նա նաև ընդգծեց, որ 2019 թվականի բերքի 50%-ն այս պահին վաճառված է` նույնիսկ չհասնելով պատրաստի գինիների շշալցման փուլին:
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն իր հերթին նշեց, որ օրգանական գինեգերծությունը մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում:
Նրա կարծիքով, եթե Հայաստանում հաջողվի զարգացնել օրգանական գինեգործությունը և խաղողագործությունը, ապա երկիրը գինու նոր տեսակներով կկարողանա գրավել նոր շուկաներ: Նրա խոսքով, օրգանական գինու արժեքը կարող է սկսվել 5 հազար դրամից:–0–