ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Չինացի գիտնականների նոր ուսումնասիրությունն ապացուցել է, որ կանաչ թեյն օգնում է երկարացնել կյանքը, գրում է Vogue–ը։
Չինացի հետազոտողները յոթ տարի շարունակ հավաքում էին նախագծի մասնակիցների տվյալները, ընդ որում, նախագծին մասնակցել է 100 902 մարդ, ում մոտ երբեք կաթված կամ քաղցկեղ չի ախտորոշվել։
Նախագծի մասնակիցներին բաժանել են երկու խմբի. նրանք, ովքեր միշտ թեյ են խմում (շաբաթական 3 անգամից ավել), և նրանք, ովքեր հազվադեպ են թեյ խմում կամ ընդհանրապես չեն խմում։ Վերլուծության արդյունքում պարզվել է, որ մարդիկ, ովքեր ամեն օր են թեյ խմում, 20 տոկոսով պակաս են հակված սրտի հիվանդություններին կամ կաթված ունենալուն։
Իհարկե, ինչպես ասում են իրենք` հետազոտողները, պետք է ուսումնասիրել, թե ինչով են թեյ չխմող մարդիկ փոխարինել թեյը և ինչպես է այդ հեղուկներն ազդել առողջական վիճակի վրա, բայց ոչ ոք չի պատրաստվում կասկածի տակ դնել թեյի օգտակարությունը։
Ինչո՞ւ են չինացի գիտնականները խորհուրդ տալիս ուշադրություն դարձնել հենց կանաչ թեյին։
Հետազոտության վրա աշխատող գիտնականներից մեկը` Դոնգֆեն Գուն, պնդում է, որ կանաչ թեյի մեջ կան ավելի շատ ֆլավոնոյիդներ, հատկապես պոլիֆենոլներ։ Հենց այս բիոակտիվ բաղադրիչներն են պատասխանատու սրտի հիվանդություններից պաշտպանության համար։
Չնայած որ կանաչ և սև թեյերը ստանում են նույն բույսից, հավաքելուց հետո դրանք տարբեր կերպ են մշակվում, և հենց դա էլ ազդում է ըմպելիքի հատկությունների վրա։ Սև թեյը նույն ֆերմենտացված տերևներն են։ Օքսիդացման պրոցեսների պատճառով այն կորցնում է իր սկզբնական հատկություններն ու պակաս արդյունավետ «գործում»։ Ի նկատի ունեցեք այս տեղեկատվությունը հերթական անգամ թեյ պատրաստելիս։ –0–