ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Food and Wine–ը որոշեց կանգնել բարի սեղանի մյուս կողմում և իմանալ, թե ինչ է նշանակում բարմեն աշխատել, ամեն օր շփվել բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր հաճախ կիսվում են իրենց խնդիրներով, վախերով և մտքերով: Բարմեն և The Key բարի սեփականատեր Նոնա Գևորգյանը հատուկ Food&Wine-ի համար խոսել է իր աշխատանքի, այցելուների պատմությունների և իր սեփական տարածքը պահպանող անտեսանելի պատնեշի մասին:
Ես առաջին հայացքից կարող եմ գուշակել իմ մշտական այցելուների տրամադրությունը, երբ նրանք բար են մտնում:
Բարմենը նման է հոգեբանի: Միայն թե հոգեբանին վճարում ես ընդունելության ժամերի համար, իսկ այստեղ՝ խմիչքի:
Բարմենների գլխավոր կանոնը. ականջներդ և աչքերդ բաց պահիր, իսկ բերանդ՝ փակ:
Մարդը երբեմն ավելորդ բաներ է խոսում, բայց արդեն չի կարողանում կանգ առնել, քանի որ պետք է արտահայտվի։
Լավ բարմենը ուշադիր և զգայուն մարդ է, ով պետք է հասկանա մարդկային զգացմունքները
Բարմեններն ունեն այսպիսի արտահայտություն. «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում խմիչք ենք լցնում»:
Եթե մարդը միայնակ է եկել բար, ուրեմն նրա ներսում ինչ-որ բան «պատռվել է», և նա եկել է թել ու ասեղ գտնելու, որպեսզի կարի իրեն: Եվ, հաճախ, թել ու ասեղը հենց դու ես:
Եթե կինը միայնակ է եկել բար, ուրեմն ինչ-որ լուրջ բան է պատահել:
Տղամարդկանց ավելի հեշտ է շփվել կին բարմենների հետ, իսկ կանանց համար՝ տղամարդ բարմենների:
Առաջինն ուշադրություն եմ դարձնում մարդու վիճակին: Դրանից հետո արդեն գիտեմ, թե նրան ինչ լցնեմ, ինչ առաջարկեմ, ինչ երաժշտություն միացնեմ և ինչպես սկսեմ խոսակցությունը:
Նախկինում ես տուն էի գալիս հոգնած, գիշերը ծխախոտ էի ծխում և մտածում ուրիշ մարդկանց խնդիրների մասին: Կորցրել էի նրանց և իմ անձնական կյանքի ու սեփական անձի միջև կապը: Բայց տարիների հետ սովորում ես դրանք առանձնացնել իրարից:
Եթե չունենայի սեփական բարը, ես բարմեն կաշխատեի:
Սիրում եմ ալկոհոլ, բայց խմում եմ այն աչ թե արբելու, այլ հաճույք ստանալու համար:
Բարմեններն այսօր մանրացել են, պակաս պրոֆեսիոնալ են դարձել և մարդկանց ընկալում են որպես փող, իսկ այդպես չի կարելի:
Կայացած կանայք խմում են տղամարդկանց համար նախատեսված խմիչքներ`ռոմ կամ օղի: Ուժեղ կանայք խմում են Բեյլիս լիկյոր: Իսկ թիթիզիկները ասում են «Ինձ Մարտինի, խնդրում եմ»:
Ես չեմ տեսնում բացասական կողմեր իմ աշխատանքում: Եթե ընտրել ես այդ աշխատանքը, և այն քեզ դուր է գալիս, ի՞նչ բացասական կողմեր կարող են լինել: