ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայկական խոհանոցը հայտնի է իր առանձնահատուկ ճաշատեսակներով, որոնց դիմակայելն ու դրանցից հրաժարվելը գրեթե անհնար է։ Food&Wine պորտալը հավաքել է ամենաախորժելի ճաշատեսակները, որոնք դուք անպայման կցանկանաք համտեսել։ Դրանցից ոմանք կարելի է ուտել նախաճաշին, մյուսներն անփոխարինելի են օրինակ ճաշից առաջ։ Իհարկե, կան նաև տաք ուտեստներ։ Ձեզ դժվար ընտրություն է սպասվում, քանի որ պետք է ընտրել ներկայացված յոթ ճաշատեսակներից միայն մեկը, որը դուք կցանկանայիք համտեսել հենց հիմա։
Տոլմա

«Տոլմա» բառն ասելիս ցանկացած հայի սիրտ սկսում է ուրախ բաբախել։ Այն իսկական նրբախորտիկ է։ Էլ ինչպես կարելի է անվանել աղացած մսով ու համեմունքներով խճողակը, որը խնամքով փաթաթված է խաղողի տերևների մեջ, իսկ վրան լցված է սխտորով մածուն։
Խորոված

Էլ ինչ հայկական ուտեստների ցանկ առանց խորովածի. հյութեղ մսի կտորներ, որոնք պատրաստված են ածուխի վրա։ Այստեղ կարևոր է ճիշտ միս ընտրել։ Իսկ ինչպիսի՞ խորոված եք սիրում`ոչխարի՞, խոզի՞, տավարի՞, թե՞ թռչնամսի, որոշեք ինքներդ։ Բանջարեղենով, կանաչեղենով և սոխով խորովածը հայկական ցանկացած խնջույքի անբաժանելի մասն է։ Մեր նախնիներն իսկապես «գլուխ էին հանում» խորովածից, այն պատրաստում էին բացառապես տղամարդիկ։ Միգուցե դա է պատճառը, որ այս հնագույն ճաշատեսակն ունի յուրահատուկ առնական էներգետիկա։
Խաշ

Տաք, յուղալի, սխտորով խաշ, խորը ափսեի մեջ լցված չոր լավաշ, մի բաժակ սառը օղի, թթու և լավ սեղանակիցներ: Առավոտյան էլ ի՞նչը կարող է ավելի լավ բարձրացնել տրամադրությունը և ստիպել հավատալ հաջողությանը, եթե ոչ խաշն՝ ընկերների շրջապատում:
Լավաշով, պանրով, լոլիկով և կանաչեղենով բրդուճ

Լավաշի մեջ փաթաթած պանրի, լոլիկի կտորներ ու թարմ կանաչի. հիանալի ուտեստ նախաճաշից և ճաշից առաջ: Հասարակ, բայց շատ համեղ ուտեստ, որն ի դեպ նաև հագեցնում է:
Ժենգյալով հաց

Կանաչեղենի տասնյակ տեսակներ ու կարագով բլիթ, որը թխվում է տաք տապակի վրա: Մեր տատիկները պահպանել են անուշահամ բույսերի գաղտնիքը՝ փոխանցելով իրենց դուստրերին:
Լոլիկով ձվածեղ

Քաղցրահամ լոլիկով ձվածեղ: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել ոսկեգույն տապակած սոխ և անուշաբույր ռեհան: Իրականում, ձվածեղի տարբերակները շատ են`բեկոնով, բաստուրմայով, եփած տավարի լեզվով և այլն: Պատրաստված հալած յուղով, թարմ թխած հացով և մի բաժակ կակաոյով այս ախորժելի ուտեստը հիանալի նախաճաշ է:
Ղափամա

Սա խոհանոցային արվեստի իսկական գլուխգործոց է։ Ղափաման ոչ միայն համեղ է, այլև անհավանական գեղեցիկ։ Ոսկեգույն դդմի մեջ լցնում են բրնձից, չրերից, նշից և մեղրից պատրաստված խճողակ։ Ղափաման այնքան է սիրվել հայերի կողմից, որ մենք անգամ երգ ենք հորինել այս կերակրատեսակի մասին։ Համաձայնվեք, որ այն իսկապես արժանի է։