ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. «Դար» հիմնադրամը, հաշվի առնելով մեր երկրում և ողջ աշխարհում տիրող ներկայիս իրավիճակը, որոշում կայացրեց հետաձգել «Լավաշի օր» միջոցառումը 1 տարով. այն անպայման տեղի կունենա 2021 թվականին: Այս մասին հայտնում են միջոցառման կազմակերպիչները:
2020 թվականի Օգոստոսի 1-ին Գեղարքունիք մարզի Ծաղկունք գյուղում նախատեսված էր իրականացնել «Լավաշի օր» միջոցառումը հայ և միջազգային հյուրերի մասնակցությամբ: Այն դառնալու էր տարվա կարևորագույն միջոցառումներից մեկը՝ գոհացնելով հայ և օտարերկրյա զբոսաշրջիկներին անկախ տարիքից: Միջոցառումը նվիրված էր լինելու հայկական լավաշին, որը 2014 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում և հանդիսանում է հայերի արժեհամակարգի կարևորագույն տարր:
«Միջոցառման նպատակն է ոչ միայն կարևորել լավաշի դերը հայ ժողովրդի կյանքում և մշակույթում, այլև աշխարհին ներկայացնել լավաշը՝ որպես հայկական մշակույթի անբաժան և անժխտելի մաս։ Հայկական լեռնաշխարհում լավաշ թխելու մշակույթը ծնունդ է առել անհիշելի ժամանակներից: Այն հայերի համար հանդիսացել է ոչ միայն սնունդ, այլև ընտանիքի, բարեկեցության և առատության խորհրդանիշ»,- նշում են կազմակերպիչները:
Միջոցառման գլխավոր նպատակն է հայ և օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը սևեռել դեպի տարածաշրջանի գյուղական համայնքներ՝ կարևորելով համայնքների համաչափ և իրադարձային զբոսաշրջության զարգացումը: Միջոցառումը նախատեսվում է ամեն տարի անցկացնել այս տարածաշրջանում և դրանով իսկ զարկ տալ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը:
Ծրագրին և միջոցառման այլ մանրամասներ կտեղեկացնենք մի քանի ամսից:-0-