ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Շատերը համարում են, որ թեյը պետք է խմել բացառապես ձմռանը։ Իրականում այդպես չէ, քանի որ տաք ու բուրավետ թեյը ավելի լավ կարող է հովացնել օրգանիզմը, քան շատ սառը ըմպելիքներ և հաստատ ավելի օգտակար է։
Թեյի օգտակար հատկություններն ամռանը

Հայտնի է, որ շատ տաք երկրներում, օրինակ՝ Հնդկաստանում, միջինասիական պետություններում, հնուց մարդիկ ամռանը նախընտրում են խմել տաք թեյ, այլ ոչ թե սառը ըմպելիք։ Բանն այն է, որ թեյն ունի մի շարք օգտակար հատկություններ, որոնց չեն կարող փոխարինել լիմոնադը կամ պաղպաղակը։
• Սառը ըմպելիքը մարսելու համար մարդու օրգանիզմը շատ էներգիա է ծախսում, որպեսզի տաքացնի այն մինչև մարմնի ջերմաստիճանը։ Դրա հետևանքով մարդը արագ հոգնում է։
• Հերթական խնդիրը, որը կախված է մարմնի ջերմաստիճանից և խմիչքից, հնարավոր մրսածությունն է: Ջերմաստիճանների տարբերության պատճառով մրսածության մեծ հավանականություն կա:
• Թեյն ուժեղացնում է քրտնարտադրությունը, և եթե դուք առանց շաքարի կամ քաղցրավենիքի համեղ թեյի սիրահար եք, ապա այն նաև լայնացնում է արյան անոթները: Այդ պատճառով օրգանիզմը սկսում է ավելի ուժեղ ջերմություն տալ, ինչը մարդուն ստիպում է ավելի արագ հովանալ և խուսափել գերտաքացումից:
• Սովորական ջուրը օրգանիզմից հեռացնում է աղերը, այդ իսկ պատճառով ամառվա տապին կարող է թուլություն և գլխապտույտ առաջանալ: Բայց թեյի հատուկ քիմիական բաղադրության շնորհիվ օրգանիզմում պահպանվում է մեծ քանակի աղ: Ինչևէ, չնայած դրան, ամռանը հարկավոր է ջուր խմել` օրգանիզմում հեղուկի մակարդակը լրացնելու համար։
«Ամառային» տեսակներ
Սպիտակ թեյ

Ամռան համար ամենաօգտակար և ամենաշատ խարհուրդ տրվող թեյը, թերևս, սպիտակ թեյն է: Արտադրության ընթացքում հենց այս թեյն է ենթարկվում ամենաքիչ մշակման՝ պահպանելով բոլոր օգտակար հատկությունները: Սպիտակ թեյն ունի ջերմիջեցնող հատկություն, ինչը հատկապես կարևոր է ամռանը: Թեյի այս տեսակը կանխում է քաղցկեղածին բջիջների զարգացումը` դրա մեջ պարունակվող ամինաթթուների շնորհիվ: Սպիտակ թեյ պատրաստելու համար ջրի իդեալական ջերմաստիճանը 60–70 °С–ն է:
Կանաչ թեյ

Ամռան համար լավագույն տարբերակներից մեկը կանաչ թեյն է, որն ունի բազմաթիվ տեսակներ, և դուք, հաստատ, կգտնենք ձեր ուզածը։ Կանաչ թեյն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ։ Այն թարմացնում է, պայքարում է դեպրեսիայի դեմ օրգանիզմում ուրախության հորմոնի`էնդորֆինի արտազատման շնորհիվ։ Կանաչ թեյը նաև կանխում է կարիեսի առաջացումը, օգնում է դիմակայել շոգին։ Իսկ մրսածության դեպքում այն օգնում է դուրս հանել վնասակար նյութերն օրգանիզմից։ Կանաչ թեյի պատրաստման համար ջրի օպտիմալ ջերմաստիճանը 80°С–ն է։
Դեղին թեյ

Թեյի մեկ այլ տեսակ, որը ավելի քիչ ջերմամշակում է անցնում, քան մյուսները: Դեղին թեյի համը մոտ է կանաչին, բայց ունի հասմիկի բույր և ծխահամ է։ Այդ բույրն առաջանում է տերևները բովելու արդյունքում: Հենց դեղին թեյն է ամենատարածվածը Չինաստանում: Պատահական չէ, որ թեյի հենց այս տեսակն էր մատուցվում կայսերական սեղանին:
Դեղին թեյը վիտամինների և ամինաթթուների հարուստ աղբյուր է, այն ունի հակասպազմային ազդեցություն և օգնում է թեթևացնել գլխացավը: Դեղին թեյը նաև բարելավում է կոնցենտրացիան և հիշողությունը: Իսկ այս տեսակի թեյով թրջոցները օգտագործում են այրվածքների դեպքում:
Այս թեյը պետք է պատրաստել թեթևակի զովացրած եռացրած ջրով (մոտ 80-85 °C), քանի որ եթե դրա վրա անմիջապես եռացրած ջուր լցնեք, ապա այն կսպանի նուրբ բույրը և բոլոր օգտակար հատկությունները:
Պուեր

Թեյի այս տեսակը թերևս մեր շրջապատում ամենաքիչ տարածվածն է, բայց Չինաստանում հենց պուերն է, որ համարվում է լավագույն ըմպելիքը շոգին դիմակայելու համար: Հատուկ մշակման շնորհիվ տարիների ընթացքում պուերը միայն ավելի լավ և բուրավետ է դառնում: Այն նաև ունի հակասնկային հատկություններ, հիանալի մաքրում է օրգանիզմը տոքսիններից: Պուերը նաև օգնում է երիտասարդացնել օրգանիզմը, ամրապնդել իմունիտետը և կայունացնել արյան ճնշման մակարդակը:
Պուերն ունի նաև շատ ուժեղ կազդուրող ազդեցություն, ուստի բժիշկները խորհուրդ են տալիս խմել այն մինչև երեկո, որպեսզի ամբողջ օրվա ընթացքում օրգանիզմը լինի եռանդուն: Պուերի պատրաստման համար, որպես կանոն, խորհուրդ է տրվում ջրի 90-100 °C ջերմաստիճան: