ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հյութալի և քաղցր ազնվամորին ոչ միայն ամառ-աշուն ժամանակահատվածի լավագույն աղանդերն է, այլև վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդատների հարուստ աղբյուր:
Ազնվամորու տեսակները
Ազնվամորու շատ տեսակներ կան՝ սև, ծիրանագույն և ոսկեգույն, բայց կարմիրը ամենատարածվածն է: Ազնվամորու թուփն ապրում է 10-ից 20 տարի: Այս տտիպ հատապտուղները հավաքում են միայն ամռանն ու աշնան և ունեն պահպանման կարճ ժամկետ։ Այդ պատճառով ազնվամորին ավելի լավ է ուտել գնելուց անմիջապես հետո և միանգամից թփերից:
Վիտամինների հարուստ աղբյուր
Ազնվամորու մեջ հակաօքսիդատների բարձր պարունակությունը կարող է կանխել մի շարք հիվանդություններ, օգնել օրգանիզմին ազատվել թունավոր նյութերից և բարելավել ուղեղի աշխատանքը: Ազնվամորին նաև բարելավում է արյան շրջանառությունը և սրտի աշխատանքը: Այն պարունակում է զեաքսանտին, որը ֆիլտրում է լույսի վնասակար կապույտ ճառագայթները, ինչն էլ իր հերթին բարելավում է տեսողությունը:
Ազնվամորին հայ տնային տնտեսուհիների սիրված հատապտուղներից է, ովքեր սիրում են պատրաստել մուրաբաներ և կոմպոտներ ձմռան համար: Իսկ թարմ հատապտուղներից առավոտյան կարելի է արագ պատրաստել ֆրեշ կամ սմուզի:
Արագ բաղադրատոմսեր
Ներկայացնում ենք ազնվամորու ֆրեշի երեք բաղադրատոմս, որոնք շատ հեշտ է պատրաստել, պետք է պարզապես խառնել բոլոր բաղադրիչները բլենդերում ու լցնել բաժակների մեջ: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել սառույց:
Կաթով ֆրեշ
- կաթ – 200 մլ
- ազնվամորի – 150 գր
- շաքարավազ – 3 թեյի գդալ
Բանանով ֆրեշ
- բանան – 1 հատ
- ազնվամորի – 150 գր
- շաքարավազ – 2 թեյի գդալ
- ջուր – 250 մլ
Անանուխով ֆրեշ
- թարմ անանուխ – 7-10 տերև
- ազնվամորի – 150 գր
- շաքարավազ – 2.5 թեյի գդալ
- ջուր – 200 մլ